Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան երկրի ազգային ռադիոյով և հեռուստատեսությամբ Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված իր ելույթում խոսել է նաեւ Հայոց ցեղասպանության մասին և կարեւորել 20-րդ դարի առաջին ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը:
«Արմենպրես»-ը, վկայակոչելով PrensaArmenia.com.ar-ը, հաղորդում է, որ Ուրուգվայի նախագահը, մասնավորապես, ասել է. «Մենք մեր աջակցությունն ենք հայտնում հրեա ժողովրդին: Նրանք մեր ազգի կարևորագույն հատվածներից են: Մենք չպետք է մոռանանք նաև հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանությունը: Ուրուգվայը հաստատում է, որ մարդկության դեմ գործած բոլոր հանցանքները պետք է ստանան արժանի գնահատական և անհանդուրժողականություն»: Մուխիկան հավելել է, որ միայն որակյալ կրթությունը և հանդուրժողականությանն ուղղված ուսուցումը կարող են դառնալ աշխարհում խաղաղ գոյակցության երաշխիքը:
Նախորդ շաբաթ Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան հանդիպել էր Ուրուգվայի հայ համայնքի անդամների հետ: Ընդառաջելով հայ համայնքի խնդրանքին` նա համաձայնել է տալ իր բարձր հովանավորությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ուրուգվայում տեղի ունենալիք միջոցառումներին:
«Գիտեմ, որ թուրքերը կնեղանան, սակայն համոզված եմ, որ Ցեղասպանություն է տեղի ունեցել, և եթե կարող եմ օգտակար լինել՝ սիրով համաձայն եմ ընդունել այդ առաջարկը: Թուրքերը պետք է սովորեն համբերություն ունենալ, աշխարհում, պետք է լինի բազմակարծություն, և մենք պետք է հարգենք այն, այլապես հնարավոր չի լինի ապրել»,- ասել է Մուխիկան` հավելելով, որ նվազագույնը, որ պետք է անի թուրքական պետությունը, ինքնաքննադատության քաջություն ունենալն է՝ ընդունելու համար կատարված բարբարոսություններ:
Խոսե Մուխիկայի պաշտոնավարման օրոք Հայաստանի և Ուրուգվայի հարաբերություններն է′լ ավելի ամրապնդվեցին, մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցությունն ավելի խորացավ: Երկկողմ հարաբերություններին նպաստեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` 2014թ. հուլիսին կատարած այցը Ուրուգվայ: 2014-ի դեկտեմբերին անցկացված ընտրություններում Ուրուգվայի նախագահ է ընտրվել Տաբարե Վասկեսը, որը պետության ղեկավարի պաշտոնում Խոսե Մուխիկային կփոխարինի այս տարվա մարտի 1-ից: