Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
44-օրյա պատերազմից հետո Հայաստանի գրողների միությունը բավական կոշտ հայտարարություն էր տարածել՝ պահանջելով Փաշինյանի և կառավարության հրաժարականը։
«2020 թ․ հետո նոր ընտրություններ էինք պահանջել, որոնք եղան։ Ամեն տարի նոր ընտրություններ չենք պահանջելու»,- այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀԳՄ նախագահի պաշտոնում վերընտրված, բայց Փաշինյանի հրաժարականի հարցում կարծես մտափոխված Էդվարդ Միլիտոնյանը։
Նրա խոսքով՝ գրականության և քաղաքականության մեջ հակադրություն չկա և տարբեր գաղափարների մարդիկ պետք է միավորվեն։
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի գրողների միության 20-րդ համագումարի ընթացքում, բաց քվեարկությամբ և միաձայն միության նախագահի պաշտոնում վերընտրվեց Էդվարդ Միլիտոնյանը:
Նա համագումարի ընթացքում հայտարարեց, որ «Գրական թերթը» մշտապես տպագրում է գրողների կարծիքներ, հոդվածներ, հրապարակախոսական նյութեր, որոնք արտացոլում են ժամանակակից կյանքի հուզող խնդիրները։
Մինչդեռ թերթի խմբագիր Կարինե Խոդիկյանը ունի ընգծված իշխանական հայացքներ, անվերապահ աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Այդ անձը միթե՞ թույլ կտա թերթում տպագրվել հակաիշխանական, Փաշինյանին քննադատող ստեղծագործություններ, պատասխանն ավելի քան ակնհայտ է։
«Խմբագիրը համագումարում ելույթ ունեցավ և ասաց՝ որևէ մեկի դեմ դուռը փա՞կ է»,- հարցին՝ արդյո՞ք այդ թերթում տպվում է ցանկացած ստեղծագործություն, ՀԳՄ նախագահը պատասխանեց՝ այնտեղ կարծիքներ էլ ստեղծագործություններ տպագրվել են, մենք չենք կարդում։
Փորձեցինք փնտրել գոնե մեկ-երկու իրականությունը արտացոլող ստեղծագործություն, սակայն դժվարացանք գտնել։
Նախկինում մտավորականները կարծիք էին թելադրում, ոտքի հանում հանրությանը, ի լուր աշխարհի նստացույցեր և հացադուլներ իրականացնում՝ հանուն Արցախի, ընդդեմ արատավոր երևույթների։ Իսկ հիմա մտավորականները լուռ են, կարծես Հայաստանում գրական միտքը մթագնել է։
«Մի վերցրեք ձեր վրա հանրության ամբողջ կարծիքը արտահայտելու խնդիրը։ Ոչ Տերյանին են լսել, ոչ Չարենցին։ Հանրության սիրելի գրող Չարենցին տարան և սպանեցին»,- ասաց Միլիտոնյանը, գուցե նկատի ունենալով, որ կարծիք հայտնելու համար ճնշումներն այնքան մեծ են, որ օրվա մտավորականը լռում է, որպեսզի չարժանանա Չարենցի ճակատագրին։
Իսկ հարցերին՝ ինչո՞ւ է այսօր հայ մտավորականը լուռ համաձայնվում Արցախի հանձնման հետ, երկրում ստեղծված և օր օրի խորացող աղետի հետ և ինչո՞ւ ՀԳՄ-ն այլևս չի պահանջում Փաշինյանի հրաժարականը՝ այդպես էլ Էդվարդ Միլիտոնյանը չպատասխանեց։
Անի Նահապետյան