կարևոր
4909 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-20 23:05
Աշխարհ

Հայաստանը չպետք է իր անվտանգությունը փնտրի հազարավոր կիլոմետրեր հեռու․ Էրդողան

Հայաստանը չպետք է իր անվտանգությունը փնտրի հազարավոր կիլոմետրեր հեռու․ Էրդողան

Հայաստանն անվտանգությունը պետք է փնտրի ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու, այլ հարևանների հետ համագործակցությամբ։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո ժողովրդին հղված ուղերձում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նրա կարծիքով՝ արևմտյան որոշ տերություններ մինչև հիմա չեն գիտակցում, որ ղարաբաղյան պատերազմով մեր տարածաշրջանում նոր դարաշրջան է սկսվել:

«Հայ ժողովուրդը և նրա առաջնորդները պետք է անվտանգություն փնտրեն ոչ թե հազարավոր կիլոմետրեր այն կողմ, այլ խաղաղության և հարևանների հետ համագործակցության մեջ։ Նրանք, ովքեր շահել են Հայաստանին հրահրելով, իրականում հայերին ամենամեծ վնասն են պատճառել»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, որ Երևանը ձգձգում է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկներին պատասխանելը Ֆրանսիայի վատ խորհուրդների պատճառով: Նրա խոսքով՝ ֆրանսիական զենքի մատակարարումը չի օգնի Հայաստանին, եթե նա որոշի նոր պատերազմ սկսել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը: Նրա խոսքով, բնականաբար, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները, էթնիկ զտումները և բնակչության բռնի տեղահանումը նոր ռիսկեր և մարտահրավերներ են առաջացրել Հայաստանի անվտանգության և ընդհանրապես տարածաշրջանի համար: Այդուհանդերձ, խաղաղության օրակարգի ուղղությամբ Երևանի կուրսը շարունակվում է։

Նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հույս ունի՝ Բրյուսելում կայացած բանակցություններում հնչեցված երեք սկզբունքների հիման վրա: