| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Նոյեմբերի 11-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Հրեշտակապետների և երկնային զորքերի տոնը։ Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:
 Պատարագիչն էր Արժանապատիվ Տ. Դավիթ քահանա Գիշյանը։ 
Պատարագի սրբազան արարողությանն ուխտավորաբար իրենց մասնակցությունն էին բերել Երևանի N 1 տուն-ինտերնատի բնակիչները և Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու երիտասարդաց միության անդամները՝ ուղեկցությամբ Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Օրդոյանի և Արժանապատիվ Տ. Տիգրան քահանա Բադիրյանի։
Պատարագից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսումնական մասնաշենքում ինտերնատի տարեցներին ընդունեց և իր հայրական օրհնությունը բաշխեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց տուն-ինտերնատի տնօրինությանը և բոլոր այն անձանց, որոնց հոգածությամբ իրենց արժանապատիվ խնամքն են ստանում հաստատության բնակիչները։ 
Իր բարեմաղթանքները փոխանցելով տարեցներին՝ Վեհափառ Հայրապետը հորդորեց գնահատել իրենց խնամքն իրականացնող հոգատար անձանց, ապրել աստվածային սիրով, հույսով, հավատքով և առ Աստված  աղոթքներով։
Նորին Սրբությունն իր մասնավոր գնահատանքը բերեց նաև քահանա հայրերին հաստատության բնակիչների հոգևոր կարիքների հոգածության և Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու երիտասարդաց միության անդամներին տուն-ինտերնատ մշտական այցելությունների համար։