կարևոր
1846 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-13 15:23
Հասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Երևանի N 1 տուն-ինտերնատի բնակիչներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Երևանի N 1 տուն-ինտերնատի բնակիչներին

Նոյեմբերի 11-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Հրեշտակապետների և երկնային զորքերի տոնը։ Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Արժանապատիվ Տ. Դավիթ քահանա Գիշյանը։

Պատարագի սրբազան արարողությանն ուխտավորաբար իրենց մասնակցությունն էին բերել Երևանի N 1 տուն-ինտերնատի բնակիչները և Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու երիտասարդաց միության անդամները՝ ուղեկցությամբ Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Օրդոյանի և Արժանապատիվ Տ. Տիգրան քահանա Բադիրյանի։

Պատարագից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսումնական մասնաշենքում ինտերնատի տարեցներին ընդունեց և իր հայրական օրհնությունը բաշխեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց տուն-ինտերնատի տնօրինությանը և բոլոր այն անձանց, որոնց հոգածությամբ իրենց արժանապատիվ խնամքն են ստանում հաստատության բնակիչները։

Իր բարեմաղթանքները փոխանցելով տարեցներին՝ Վեհափառ Հայրապետը հորդորեց գնահատել իրենց խնամքն իրականացնող հոգատար անձանց, ապրել աստվածային սիրով, հույսով, հավատքով և առ Աստված  աղոթքներով։

Նորին Սրբությունն իր մասնավոր գնահատանքը բերեց նաև քահանա հայրերին հաստատության բնակիչների հոգևոր կարիքների հոգածության և Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու երիտասարդաց միության անդամներին տուն-ինտերնատ մշտական այցելությունների համար։