կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-15 18:35
Առանց Կատեգորիա

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի պատճառով Անկարան բազմաթիվ երկրների կմեղադրի ցեղասպանություն գործած լինելու մեջ. Շահան Գանտահարյան

 Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի պատճառով Անկարան բազմաթիվ երկրների կմեղադրի ցեղասպանություն գործած լինելու մեջ. Շահան Գանտահարյան

Օրեր առաջ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուի ելույթի ընթացքում դիվանագիտական միջադեպ էր  տեղի ունեցել Չավուշօղլուի և ֆրանսիացի պատգամավոր Սոնյա Կրիմիի միջեւ:

«Անկարայի եւ Փարիզի ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցածը դեկլարատիվից եւ դիվանագիտական հերթական արարից մի քայլ առաջ գնացող երեւույթ է: Հեռակա, անուղղակի բանավեճի փոխարեն միջազգային կազմակերպության ատյանից Փարիզին դասեր տալու եւ Ֆրանսիան իբրեւ ցեղասպան պետություն ամբաստանելու արարքն էր, որ գործադրվեց պաշտոնապես»,- Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: 

Ըստ նրա` անհամեմատելի երևույթներն ու իրադարձությունները համեմատելով,  Թուրքիան, ըստ էության, ժխտողականությամբ հանդես է գալիս ոչ միայն իր սեփական պատմության, այլ նաեւ Ֆրանսիայի, Ռուանդայի, Ալժիրի պատմությունների նկատմամբ։ «Ո՛չ Ռուանդան, ո՛չ Ալժիրը նման պահանջներ չեն ներկայացել պաշտոնական Փարիզին։ Քաղաքական շահարկումների մղումները ժխտողականության նոր տարածքներ են գրավում։ Ցեղասպանական արարքների շուրջ պատմության վերաշարադրումն է, որը փորձում է անել Անկարան։ Համահավասարեցման այս մարտավարությունը, թվում է, որ շատ տեղ չունի աշխատելու»,- ասաց Շահան Գանտահարյանը` հավելելով, որ ամբաստանությունների եւ պատմության վերաշարադրանքների նման ընթացքը տեսականորեն կարող է հանգեցնել նրան, որ Հայոց ցեղասպանության ճանաչման կոչերի ու բանաձեւերի պատճառով Անկարան աշխարհի բազմաթիվ երկրների կմեղադրի ցեղասպանություն գործած լինելու մեջ:

Գանտահարյանի կարծիքով` ԱՄՆ-ը, եվրոպական եւ միջինարեւելյան արաբական երկրները Անկարայի որդեգրած արտաքին քաղաքականության և կոշտ դիրքորոշման համար ցանկանում են նրան «կարմիր քարտեր» ցույց տալ, որոնց  բովանդակության կազմման մեջ մեծագույն դերակատարություն կարող է ունենալ հայ քաղաքական միտքը`Թուրքիայի առջև դնելով ոչ միայն Ցեղասպանության հարցը, այլեւ Թուրքիայում հայկական կալվածքների հատուցման, ՀՀ ապաշրջափակման, առանց նախապայմանների բանակցությունների հարցերը: