կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-11 12:19
Տարածաշրջան

Անկարան չունի Մոսկվայի՝ հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու առաձգականությունը. Շահան Գանտահարյան

Անկարան չունի Մոսկվայի՝ հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու առաձգականությունը. Շահան Գանտահարյան

Երեկ, ըստ «Անադոլու» գործակալության,  Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն պահանջել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովից` դադարեցնել Ասադի և նրան աջակցող Ռուսաստանի կողմից սիրիական Իդլիբ շրջանի վրա հարձակումները: Գործակալությունը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, նշում է, որ, ի պատասխան, Լավրովը հայտնել է, որ հարձակումները դադարեցվել են դեռևս երեկ առավոտյան:

Այս պայմանավորվածության վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով yerkir.am-ը  զրուցեց  Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ: Ըստ մեր զրուցակցի՝ հակաահաբեկչության դեմ պատերազմի յուրովի ընկալումների համատեքստում ընթանում էին համաձայնեցված գործողություններ` Անկարան ընդդեմ քրդերի, Մոսկվան՝ ընդդեմ իսլամական ահաբեկիչների, իսկ այժմ ստացվում է, որ Իդլիբի վրա ռուսական հարձակումները եղել են Անկարայի հետ համաձայնեցված որոշ սահմանափակ ժամկետի համար, կամ էլ Մոսկվան ինքնուրույն անցել է գրոհի։

«Իդլիբի վրա ռուսական հարձակումները դադարեցնելու` Անկարայի կոչը պարզ է դարձնում այն իրողությունը, որ Իդլիբում գործող ահաբեկիչների մնացորդները հեռակառավարվում են Թուրքիայից եւ վայելում նրա հովանավորչությունը։ Հարձակումը դադարեցնելու կոչն էլ ենթադրում է, որ Անկարան ուզում է իր ձեռքում պահել ահաբեկիչ տարրերի հետագա շահարկման հնարավորությունների օգտագործման ղեկը»,- նշեց Գանտահարյանը:

Ըստ նրա՝  փոխպայմանավորվածությունն իմիտացիա է։ «Ըստ էության, երբ ասվում է, որ հարձակումը դադարեցվել է պաշտոնական Անկարայի կոչից մի օր առաջ, դա ենթադրում է, որ ռուսական կողմն ինքնուրույն է որոշել դադարեցնել գրոհը, ինչպեսեւ որոշել էր սկսել այն։ Ակնհայտ է դառնում, որ հակակշիռ գործողությունները միեւնույն կշռույթներով եւ տարողություններով չեն ընթանում. Մոսկվայի՝ հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու առաձգականությունը Անկարան չունի՝ քրդերի դեմ գրոհելու առումով, եւ սա կանխարգելված է նաեւ ամերիկյան կարմիր լույսերով»,- եզրափակեց Գանտահարյանը: