կարևոր
112252 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-16 16:29
Սփյուռք

Տորոնտոհայ երիտասարդները արգելել են ՀՀ դեսպանի մուտքը Տորոնտոյի Հայ կենտրոն

Տորոնտոհայ երիտասարդները արգելել են ՀՀ դեսպանի մուտքը Տորոնտոյի Հայ կենտրոն

Հոկտեմբերին 15-ին Հայաստան Համահայկական Հիմնադրամի Տորոնտոյի վարչության հանգանակային ճաշկերույթին իբր պատգամախոս հրավիրված ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանի մուտքը Տորոնտոյի Հայ կենտրոն արգելվեց, երբ երիտասարդները փակեցին կենտրոնի մայր դուռը: Նրանք բռնել էին պաստառներ, որոնց վրա կային տեղահանության, սովամահության, նահատակության և Հայաստան մուտքի իրավունքից զրկված երիտասարդների նկարները:

Նշենք, որ Հայաստան Համահայկական Հիմնադրամի Տորոնտոյի վարչությունը վարձել էր Տորոնտոյի Հայ կենտրոնի սրահը: Ո՛չ միջոցառումը և ո՛չ դեսպանի հրավերը որևէ ձևով չեն առնչվում Հայ կենտրոնի տնօրինության, նրա հարակից միությունների կամ ՀՅԴ «Սողոմոն Թեհլիրյան» կոմիտեի հետ:

«Մենք Տիկին Հարությունյանի անձի դեմ ոչ մի խնդիր չունենք, բայց նա ներկայացնում է այսօրվա իշխանությունը, որը Արցախը հանձնեց, 5000 և ավելի երիտասարդի նահատակության պատճառ դարձավ, 120.000 արցախահայերի տեղահանության մեղսակից է, և արգելել են սփյուռքահայ երիտասարդ մեր ընկերների մուտքը Հայաստան։ Ուրեմն, դավաճան իշխանությունների և իրենց պաշտոնյաների մուտքը այս կենտրոն թույլատրելի չէ: Այս կենտրոնը նահատակ է տվել այն հողին, որ իրենք հանձնեցին թուրքին»,- ասացին երիտասարդները:

Երիտասարդները բացատրեցին, որ իրենք լավ են հասկանում ժամանակավոր գործող ռեժիմի և մշտական պետության տարբերությունը, բայց հարմար չեն գտնում դեսպանի ներկայությունը Հայ կենտրոն, ճիշտ այնպես, ինչպես իր ներկայացրած իշխանությունն է արգելում հայ երիտասարդների մուտքը հայրենիք: Դեսպանին պետք չէ անջատել Փաշինյանի հակահայ քաղաքականությունից: Երիտասարդները ավելացրին՝ ասելով, որ Անահիտ Հարությունյանի անձի հետ ոչ մի խնդիր չունեն, և այս անհանգստությունը պիտի վերաբերեր ցանկացածին, ով կզբաղեցներ դեսպանի պաշտոնը, որովհետև ՀՀ ներկա իշխանության հետ հարցը երկրի բնականոն ազգային խնդիրների վերաբերյալ տարակարծությունները չեն, այլ թշնամու հանդեպ նրանց հաշտարար կեցվածքը, ապիկարությունն ու անկարողությունն է, որով էլ ներկա իշխանությունը մեծ սպառնալիք է հանդիսանում ազգի համար:

Իր տեսակի մեջ աննախադեպ այս երևույթով երիտասարդները հայտնում են սփյուռքահայության դիրքորոշումը՝ «Ո՛չ, հայրենասպան այս իշխանությանը»:

Հայաստան Համահայկական Հիմնադրամի Տորոնտոյի վարչության միջոցառումն ընթացավ բնականոն կերպով: