կարևոր
4684 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-02 22:11
Հասարակություն

Դիտորդ մարմինը ներողություն է խնդրել 24News/BLOG կայքի խմբագրությունից

Դիտորդ մարմինը ներողություն է խնդրել 24News/BLOG կայքի խմբագրությունից

Դիտորդ մարմին -ը, ընդունելով իր պատասխանատվությունը հնարավոր սխալը թույլ տալու համար, շարունակում է ճշտել խնդրի հետ կապված բոլոր հանգամանքները և լրացուցիչ պարզաբանումներ կներկայացնի։ Այս մասին գրում է Ինֆորմացիայի Ազատության Կենտրոնը, նշելով.

«Հարգելի գործընկերներ,

Մեծ հավանականությամբ Լրատվամիջոցների էթիկայի Դիտորդ մարմնի և Տեղեկատվական վեճերի խորհրդի համատեղ հայտարարության «ԽՏՐԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԵՎ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԱՆԹՈՒՅԼԱՏԱՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» տեքստում տեղ է գտել թյուրիմացություն։ Տեքստում մեջբերված ենթադրաբար 24news․am կայքից օրինակները, մասնավորապես տեսանյութի վերնագրերը, որոնք լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում և հիմք են դարձել ԴՄ-ի և ՏՎԽ-ի հայտարարության համար, ըստ երևույթի, օգտատերերի անբարեխիղճության, հնարավոր է նաև լրատվամիջոցին միտումնավոր վնաս հասցնելու մտադրության արդյունք են։

Դիտորդ մարմին -ը, ընդունելով իր պատասխանատվությունը հնարավոր սխալը թույլ տալու համար, շարունակում է ճշտել խնդրի հետ կապված բոլոր հանգամանքները և լրացուցիչ պարզաբանումներ կներկայացնի։ Մինչ այդ խնդրում ենք չեղյալ համարել այսօր մի քանի ժամ առաջ ձեզ ուղարկած հայտարարության տեքստը և հնարավորինս բացառել դրա հետագա տարածումը։ Իրողությունները պարզելուց անմիջապես հետո Լրատվամիջոցների էթիկայի Դիտորդ մարմինը և Տեղեկատվական վեճերի խորհուրդը հանդես կգան նոր հայտարարությամբ։ Միևնույն ժամանակ մեր նախնական ուսումնասիրությունները հիմք են տալիս եզրակացնել, որ խնդրո առարկա վերնագրերը դրվել են կամայականորեն, համադրվել են 24news․am-ի տեսանյութի հետ այլ անձանց կողմից, սակայն պահպանվել է լրատվամիջոցի լոգոն։

Ներողություն ենք հայցում 24News/BLOG կայքի խմբագրությունից նշված մանիպուլյատիվ հնարքի հնարավորությունը հաշվի չառնելու համար։ Այս նախադեպը մեկ անգամ ևս վկայում է, որ լարված ներքաղաքական մթնոլորտում կրկին ու կրկին պետք է ստուգել և վերստուգել լրատվության աղբյուրները և րոպե առաջ ընդունել սեփական սխալները»։