Փոխարժեքներ
15 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.13 |
EUR | ⚊ | € 422.86 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 142.17 |
Այսօր Լրատվամիջոցների էթիկայի Դիտորդ մարմինն ու Տեղեկատվական վեճերի խորհուրդը համատեղ հայտարարություն են տարածել խտրական վերաբերմունքի և ատելության խոսքի տարածման անթույլատրելիության մասին, որտեղ ի թիվս civic.am կայքի եւ araratnews.am կայքի, անդրադարձել են 24news.am կայքի տեսանյութերին:
Հայտարարության մեջ նշել են, թե 24.news.am կայքի վերնագիրն է․ «Ղարաբաղցի երիտասարդները հարձակվեցին քաղաքացու մեքենայի վրա, հայհոյանքներ տեղալով կոտրեցին ապակին»։
Նույն կայքի մեկ այլ տեսանյութի վերնագիրն է․ «Ղարաբաղցի ջարդարարները շարունակում են հարձակվել քաղաքացիների մեքենաների վրա»։ Նույն կայքի մեկ ուրիշ տեսանյութի վերնագիրը՝ «Ղարաբաղցի երիտասարդները հարձակվեցին հերթական մեքենայի վրա»։ Սա արձանագրելով՝ Լրատվամիջոցների էթիկայի Դիտորդ մարմինը և Տեղեկատվական վեճերի խորհուրդը հայտարարել է, որ անընդունելի են համարում արցախցիների դեմ ատելություն սերմանող և նրանց հանդեպ խտրական վերաբերմունքի դրդող տեքստերի տարածումը. «Նույնքան անընդունելի է, երբ լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով իրար նկատմամբ այդպիսի բովանդակություն են տարածում տարբեր գաղափարական, քաղաքական կողմնորոշումներ ունեցող անձիք, այդ թվում ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Խնդիրը դիտարկելով իրավական տեսանկյունից՝ հայտարարում ենք, որ անհանդուրժողականություն, խտրականություն ու թշնամանք տարածող արտահայտությունները չեն կարող օգտվել ազատ խոսքի որևէ պաշտպանությունից՝ ՀՀ իրավական համակարգում կամ միջազգային իրավունքում։ Ատելության խոսքի կանխարգելման եվրոպական քաղաքականության համաձայն՝ լրատվամիջոցը, որը տարածել է որևէ այդպիսի արտահայտություն, պարտավոր է այդ առնչությամբ հանդես գալ հայտարարությամբ՝ տեղեկացնելով և հրապարակավ ընդունելով այդ փաստը։ Դա դիտարկվում է որպես իրավական պաշտպանության ոչ նյութական փոխհատուցման միջոց»:
24news.am-ի խմբագրությունից հայտարարությունը կարդացել են ու շոկի մեջ ընկել՝ լրատվամիջոցների իրավունքներ պաշտպանող կազմակերպությունները ո՞նց կարող են այսքան անտեղյակ լինել ու չտիրապետել՝ ո՞րն է ԶԼՄ-ի տարածած նյութը, ո՞րը՝ ուղիղ եթերից վերցրած եւ այլ օգտատիրոջ, այլ էջի կողմից տարածած նյութը:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում 24news.am-ի գլխավոր խմբագիր Նարեկ Գալստյանն ասաց, որ լրագրողական կազմակերպությունները «շառ» են անում. «24news-ը ուղիղ հեռարձակումներ է ապահովել այդ օրերին Երեւանում տեղի ունեցող անհնազանդության ակցիաներից: Մեր ուղիղ եթերները, որոնք նայում են հազարավոր մարդիկ՝ առանց չափազանցության, մեր տիրապետության ներքո չի: Այդ ուղիղ եթերը կարող է ինչ-որ մեկը, որը կապ չունի 24news-ի խմբագրակազմի հետ, վերցնել, կտրել եւ տարածել այնպիսի վերնագրով, ինչպիսին ինքը ցանկանում է: Դա պրոֆեսիոնալ չի, մեղմ ասած, իսկ այն պարագայում, ինչ տեղի էր ունեցել, այդ վերնագրերով տարածելը ուղղակի ստորություն է, բայց մեր վերահսկողությունից դուրս է: Ես ձեզնից իմացա, որ նմանատիպ հայտարարություն են տարածել:
Սարսափելի ցավում եմ նրա համար, որ ԶԼՄ-ների խնդիրներով զբաղվող կազմակերպությունները, որոնք հազարավոր դոլարների գրանտներ են ստանում տարատեսակ հիմնադրամներից, չեն տիրապետում սովորական գործիքակազմին, որ հասկանան՝ այդ վերնագրերը ոչ թե դրել է 24news-ը, այլ դրել են ինչ-որ էջեր, որոնք ուղղակի վերցրել են մեր stream-ը, կտրել ու մեկնաբանել՝ ինչպես ցանկացել են: Դրա մասին ես նույն օրն անգամ իմ ֆեյսբուքյան էջում դրել եմ: Բայց չունենալով պրոֆեսիոնալություն՝ լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել՝ անգամ չփորձելով մեզ հետ կապվել ու հասկանալ՝ սա ի՞նչ պատմություն է: 24news-ը երբեւէ իրեն թույլ չէր տա նմանատիպ վերնագրեր դնել, ծիծաղելի է անգամ արդարանալը, հասկանո՞ւմ եք: Ես հիմա արդարանում եմ, ամենաանհեթեթ վիճակն է:
Ես պիտի հիմա ասեմ, որ ես ուղտ չեմ, մոտավորապես այսպես, հետո էլ պիտի ասեն՝ ո՞նց ուղտ չես, երկու սապատ ունես, ես կասեմ՝ սապատ չունեմ, կասեն՝ որ կռանաս՝ կարող է սապատ առաջանա…Այսինքն, ես հիմա ընկած բացատրում եմ, որ ես ուղտ չեմ: Ես փորձել եմ կապվել հայտարարության հեղինակների հետ, դեռեւս չի ստացվել:
Հիմա կապվում եմ մեր փաստաբանների հետ, եթե իրենք չհեռացրեցին այդ հայտարարությունը եւ հրապարակային չհերքեցին իրենց տարածած տեղեկատվությունը, մենք կսկսենք դատական գործընթաց, ինչպես նաեւ կտեղեկացնենք իրենց հետ կապ ունեցող կազմակերպություններին այն մասին, որ ֆինանսավորում են մեղմ ասած ոչ պրոֆեսիոնալ եւ ոչ բարեխիղճ աշխատանքը: Ո՞նց կարելի է մեզ վերագրել մի բան, որը մենք չենք արել, մանավանդ այսպիսի նուրբ ու ցավալի թեմայով, ինչ Արցախն է ու Արցախից եկած մեր հայրենակիցները: Բացառվում է, որ մենք նմանատիպ բան անեինք»:
Ավելի ուշ Նարեկ Գալստյանը մեզ տեղեկացրեց, որ կապվել է Բորիս Նավասարդյանի հետ ու իրեն հայտնել են, որ կխնդրեն ներողություն ու կտարածեն հերքման տեքստ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Աղբյուրը՝ www.aravot.am