Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը: Նշենք, որ Անի Հովհաննիսյանը շուրջ 10 ամիս գտնվում է կալանքի տակ:
Համաձայն մեղադրական եզրակացության ՝ Անի Հովհաննիսյանը, հանդիսանալով Analitik.am լրատվական կայքի տնօրեն, շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ, Analitik.am լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Կիրակոսյանին օգտագործելու միջոցով, ով հանցանքը կատարել է անզգուշությամբ, կատարել է խոշոր չափերով շորթում` «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով, և նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից 15.03.2016թ. պահանջել է խոշոր չափի` 1.000.000 ՀՀ դրամ գումար:
Այս գործով նիստին առաջին անգամ դատարան էր ներկայացել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Գարիկ Ստեփանյանը, իսկ գործով տուժող, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հերթական անգամ չէր ներկայացել դատարան: Փոխարենը պատգամավորը գրություն էր ուղարկել և հայտնել, որ ներել է ամբաստանյալին և չի ցանկանում հանդես գալ տուժող կողմի դիրքից:
Դատավոր Արշակ Վարդանյանը նշեց, որ, արդար դատաքննության շահերից ելնելով, այնուամենայնիվ, առնվազն մեկ դատական նիստի պետք է ապահովվի Տիգրան Ուրիխանյանի ներկայությունը՝ ցուցմունք տալու տեսանկյունից:
Այսօրվա դատական նիստում դատարանը սկսեց գործում առկա ապացույցների հետազոտումը: Մասնավորապես` հետազոտվեցին տարբեր քննչական գործողությունների վերաբերյալ որոշումներ, արձանագրություններ: Հրապարակվեց Analitik.am կայքի խմբագրությունում կատարված խուզարկության արձանագրությունը: Պարզվեց, որ խուզարկությամբ Երևանի Վաղարշյան փողոցում գտնվող խմբագրությունից հայտնաբերվել և առգրավվել է նոթբուք, համակարգիչ, հոդված, նամակագրության` 29 թերթից բաղկացած վերծանում:
Այս կապակցությամբ Հովհաննիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ խմբագրությունից հայտնաբերված նյութերը վերաբերել են ՎՏԲ բանկին, իսկ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի վերաբերյալ որևէ նյութ չի հայտնաբերվել: Պաշտպանը գործում առկա փաստաթղթերից ուշադրություն հրավիրեց մի պայմանագրի վրա, համաձայն որի` դեռևս 2017-ի մայիսին «Անալիտիկ» կայքը մեկ տարվա ժամկետով ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել «Ալյանս» կուսակցության հետ և, համաձայն պայմանագրի, որոշակի ծառայությունների (լոգոյի պատրաստում և այլն) մատուցման համար «Անալիտիկ»-ին պետք է վճարվեր ամսական 300.000 դրամ: Ըստ պաշտպանի՝ Ուրիխանյանի օգնականի հետ հանդիպման ժամանակ Հովհաննիսյանի օգնական Վարդուհի Գիշյանը հենց այդ գումարն է ստացել նրանից: Նշենք, որ Ուրիխանյանը հաղորդում էր տվել այն մասին, որ Անի Հովհաննիսյանն իրենից շորթմամբ գումար է պահանջել:
Այսօրվա դատական նիստում հրապարակվեցին նաև Ուրիխանյանի ղեկավարած «Այլանս» կուսակցության փոխնախագահ Սարգիս Հարությունյանի (այլ գործով դատապարտված է) և Հովհաննիսյանի օգնական Վարդուհի Գիշյանի հանդիպման տեսանյութերը, որոնք կատարվել են «արտաքին և ներքին դիտում» օպերատիվ միջոցառման շրջանակում: Տեսանյութերից երևում է, որ երևանյան սրճարաններից մեկում Հարությունյանն ինչ-որ գումար է փոխանցում Գիշյանին և նրան ուղղորդում զանգահարել և այդ մասին տեղեկացնել Անի Հովհաննիսյանին: Իսկ Վարդուհին էլ էլեկտրոնային փոստի հասցե է տրամադրում` կրկնելով, որ պետք է իրենց նյութեր ուղարկվեն: Այս կապակցությամբ պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ Հարությունյանը հատուկ է դրդել Գիշյանին՝ զանգահարել Անի Հովհաննիսյանին, որպեսզի զանգը ֆիքսվի, և հետագայում այդ փաստը շահարկվի:
Նշենք, որ գործի հատորներից մեկում գրեթե 100 էջ տրամադրված էր «Անալիտիկ» կայքում «Ալյանս» կուսակցության վերաբերյալ հրապարակումներին: Ըստ ամբաստանյալի՝ դրանցում լուսաբանվել է Ուրիխանյանի գործունեությունը, և նրա ընտանիքին վարկաբեկող որևէ նյութ չի եղել: Միայն հրապարակումներից մեկում նշված է եղել, որ Xnews.am կայքը պատկանում է Ուրիխանյանի կնոջը, և ներկայացվել է փաստ, որ կայքի դոմենը այն կազմակերպությունն է, որը պատկանում է Տիգրան Ուրիխանյանի կնոջը:
«Եթե Տիգրան Ուրիխանյանը սեփական իսկ հայտարարությունների լուսաբանումը համարում է վարկաբեկիչ նյութ, ապա, հավանաբար, այդ մարդը խնդիրներ ունի: Ինչ վերաբերում է նրա կնոջը վարկաբեկելուն, ապա, եթե ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը լրատվական կայք ունենալը համարում է վարկաբեկիչ, ապա էլ ինչ սպասես»,- ասաց նա:
Գործում առկա մյուս ապացույցները կհետազոտվեն հաջորդ դատական նիստում: