Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի կարծիքով` ԲՀԿ կուսակցության անդամ Արտակ Խաչատրյանի առեւանգման եւ ծեծի հետեւում կանգնած են իշխանությունները:
«Իմ կարծիքն այսպիսին է` այս ակցիաները, այս բռնությունները կիրառվում են ոչ թե կոնկրետ մարդկանց նկատմամբ, այլ ուրիշներին բան հասկացնելու համար, այսինքն` ամբողջ հասարակությանը, կռված ուժերին, ազատամարտիկներին, բոլոր նրանց, ովքեր ի վիճակի են հասարակությանը ոտքի հանել, իշխանափոխությանը նպաստել, նման միջոցներով մեսիջներ փոխանցել հասարակությանը, վախ տարածել և թույլ չտալ, որ մարդիկ դուրս գան փողոց ու իշխանափոխություն պահանջեն: Դուք դեպքերին մի' նայեք որպես կոնկրետ անձանց դեմ իրականացված քայլ»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արամ Մանուկյանը:
Հարցին, թե ԲՀԿ-ն ցանկանո՞ւմ է իշխանափոխություն, նա պատասխանեց, որ ԲՀԿ-ի հրավիրած վերջին խորհրդաժողովի ժամանակ հնչեցված մի քանի մտքերը նման առիթ կարող էին տալ: Պատգամավորը չհամաձայնեց մեր այն դիտարկմանը, որ Ծառուկյանի վերջին ելույթը բավականին մեղմ էր, նա, ըստ էության, պատրաստվում է հերթական, այլ ոչ թե արտահերթ ընտրությունների:
«Խորհրդաժողովի ժամանակ մի քանի նոր մտքեր են հնչել` իշխանափոխություն, արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հանրահավաքներ կազմակերպել»,- ասաց պատգամավորը (հիշեցնենք, որ ՀԱԿ-ն այդ խորհրդաժողովին չի մասնակցել):
«Ոչ թե կոնկրետ օրինակի, կոնկրետ մարդու դեմ է այս ամենը, այլ այս ամենը առաջիկայում սպասվող ակտիվ քաղաքական երևույթների դեմն առնելու համար է: Բոլորը գիտեն, որ եռյակը նախատեսում է եռյակի լիդերների հանդիպում, մշակվում է ճանապարհային քարտեզ, լինելու են միասնական միջոցառումներ, հանրահավաքներ: Այդ հանրահավաքների դեմն առնելու համար այլ գործիքներ չունեն, փորձելու են վախի մթնոլորտ ստեղծել, ծեծել ակտիվիստների, վախեցնել, սպառնալ»,- ասաց պատգամավորը:
Դիտարկմանը, որ կա նաեւ հակառակ կարծիքը, որ իշխանության արածը չէր, պատգամավորը փոքր-ինչ բորբոքված ասաց. «Հիմա ինչ- որ մի տեղ, ինչ-որ մի խուժան ասում է, որ դա իշխանությունների արածը չի, ես դրա հետ համաձայն չեմ, ես ապացուցեցի ձեզ, որ սա իշխանությունների արածն է, նայեք որ կողմից ուզում եք` սա միանշանակ իշխանությունների արածն է»: