Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անկախ այն բանից, թե «բլբուլ կտրած» ինչ բարբաջանքներով հանդես կգան Փաշինյանի ՔՊ-ական պատգամավորները, որոնց արտաքինն իսկ վանող տպավորություն է թողնում, պարզ է, որ նրանց Միրզոյան Արարատն ԱՄՆ-ում իրենց Բայրամովի հետ համաձայնեցումներ է անում, այլ ոչ թե՝ բանակցություններ վարում: Նիկոլ Փաշինյանի ու ադրբեջանական հանցավոր կլանի նպատակադրումները վաղուց համահունչ են, այնպես որ, նրանք «կողմեր» չեն ու բանակցելու բան էլ չունեն:
Պարզից էլ պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում, ամերիկյան «վերին» հովանու և աչալուրջ հսկողության ներքո, ադրբեջանական ԱԳ նախարարի հետ համաձայնեցնում է Արցախի վերջնական հանձնումը ձևակերպելու, Արցախը հայաթափելու՝ էթնիկ զտման ենթարկելու «ճանապարհային քարտեզը»: Իհարկե, «բանակցությունների» պատրանք ստեղծելու համար թեթևակի արտահոսքեր են ձևակերպվում, թե՝ «բանակցությունները» մի քանի օր են տևելու, այս այն:
Խոսվում է նաև այսպես ասած՝ «նոր փաստաթուղթ» կազմելու մասին: Դա արդեն հուշում է, որ Նիկոլ Փաշինյանը, Ալիևը և դրսի մոդերատորը՝ Հայաստանի հաշվին, համատեղ ուժերով համաձայնեցնում են այս տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու հարցը: Հաջորդը, որ միգուցե այստեղ բացահայտ չի քննարկվում, բայց միարժեքորեն ենթադրվում է, այն է, որ ապապետականացված և բացարձակ թուրքական միջանցքի ու արևմտյան բուֆերի վերածված նախկին ՀՀ տարածքը պետք է դառնա հարմար պլացդարմ Իրանի վրա հարձակվելու համար: Բայց դա՝ հետո: Առայժմ տեղի է ունենում Արցախի ոչնչացման «փաստաթղթավորումը»:
Հարկավ, չեն կարող միանգամից ու կտրուկ այդպես հայտարարել, ուստի տարածվող հաղորդագրություններում ծամծմում են «Լաչինի միջանցքի» արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար վիճակը: Այսինքն, փաշինյանական իշխանություններին Արցախի հարցը, Արցախի հետագա ճակատագիրը բացարձակապես չեն հետաքրքրում, բայց ձևացնելու համար, թե ինչ-որ հետաքրքրություն կա, «հումանիտար»-ից են խոսում: Հասկացնում են, որ էլ ուրիշ թեմա Արցախի վերաբերյալ իրենք չեն շոշափի: Սա էլ շոշափում են, այնքանով՝ որքանով:
Մյուսը, ինչ ուշադրություն է գրավում, և որի մասին էլ նիկոլական իշխանությունները առայժմ աշխատում են շատ չտարածվել, այն է, որ քննարկվում է երկու երկրներում էթնիկ փոքրամասնությունների թեման: Հասկանալի՞ է, չէ՞, Փաշինյանը վերջնականորեն ընդունել է, որ Արցախն ադրբեջանական է, և՝ վերջ, ուստի Արցախի հայությունն էլ դիտարկվում է որպես Ադրբեջանում ապրող «էթնիկ փոքրամասնություն»:
Սա արդեն դավաճանություն է և Հայաստանի այն օրենքի խախտում, որի համաձայն՝ ոչ մի պաշտոնյա իրավունք չունի ստորագրել որևէ փաստաթուղթ, որով Արցախը կճանաչվի ադրբեջանական:
Բայց դա դեռ «մի սերիան» է: Մյուսն այն է, որ երկու երկրների էթնիկ փոքրամասնություններ ասելու դեպքում ստացվում է, որ Փաշինյանն արդեն «էստի համեցեք» է անում ադրբեջանական թուրքերին:
Եվ ակնհայտ է, որ այդ ամենը արվում է թուրքական լրացուցիչ հսկողությամբ: Դրա ամենից ակնհայտ ապացույցն այն է, որ «հայ-թուրքականի» մասնակից ու կոորդինատոր Ռուբեն Ռուբինյանը նույնպես ամերիկյան «բանակցությունների» պահունակում է ընդգրկված:
Մի խոսքով, մինչ Նիկոլ Փաշինյանը ակտիվորեն ձեռնմուխ է եղել Հայաստանի ոչնչացման ավարտական փուլին։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը պետք է անհապաղ հեռացվի իշխանությունից ու պետական դավաճանության մեղադրանքով կալանավորվի՝ իր պաշտոնավարման «կլոր» 5 տարին չբոլորած:
Աղբյուրը՝ 7or.am