|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթը, որի ընթացակարգը մեկնարկել են երկրի իշխանությունները, հասարակության մեջ լրացուցիչ բևեռացման վտանգ կստեղծի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Թբիլիսիում, որտեղ նա գտնվում է այցով։
«Ինչ վերաբերում է նախագահի իմփիչմենթին, ապա առկա է հակաարդյունավետ բևեռացման հետագա աճի վտանգ: Ես կարծում եմ, որ երկրի բոլոր ինստիտուտները պետք է աշխատեն միասին՝ աջակցելու եվրոպական ուղուն», - Բորելի խոսքերն է մեջբերում ТАСС-ը:
Սեպտեմբերի 1-ին Վրաստանի իշխող կուսակցությունը հայտարարել էր նախագահի նկատմամբ իմփիչմենթի ընթացակարգ սկսելու մասին։ Պատճառը դարձել է այն, որ Զուրաբիշվիլին, չնայած կառավարության մերժմանը, մեկնել էր Եվրոպա՝ ԵՄ երկրների ղեկավարների հետ հանդիպելու։ Այսպիսով, Զուրաբիշվիլին խախտել է Սահմանադրությունը, որի համաձայն՝ նախագահը կարող է արտաքին քաղաքականության մեջ ներկայացուցչական գործառույթներ իրականացնել միայն նախարարների կաբինետի համաձայնությամբ։
2022 թ. հունիսին Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տրամադրվեց Մոլդովային և Ուկրաինային։ ԵՄ երկրների ղեկավարները ճանաչեցին Վրաստանի եվրոպական հեռանկարները, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեցին նրան թեկնածուի կարգավիճակ տրամադրել 12 պայմանների կատարումից հետո։ 2023 թ. վերջին Վրաստանն ակնկալում է ԵՄ-ի հերթական որոշումը` իրեն թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։