կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-11 11:42
Տնտեսական

Նոր համակարգը կհանգեցնի ավելի մեծ սոցիալական բևեռացման

Նոր համակարգը կհանգեցնի ավելի մեծ սոցիալական բևեռացման

Օրերս եկամտային հարկը նվազեցնելու մասին վարչապետի հայտարարությունը տարաբնույթ մեկնաբանությունների է արժանացել մասնագետների կողմից. ոմանք պնդում են, որ այդ քայլով հնարավոր կլինի պայքարել աշխատաշուկայում գոյություն ունեցող ստվերի դեմ եւ բյուջեն ապահովել մեծ հոսքերով, իսկ ոմանց կարծիքով` այն արդյունավետ մեխանիզմ չէ եւ միայն լրացուցիչ բեռ է դառնալու պետական բյուջեի համար:

Հիշեցնենք, որ վարչապետը կառավարությանն առաջարկել է մինչեւ 250 հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամտային հարկը դարձնել 20 տոկոս, իսկ դրանից ավելի ստացողներին հարկել 25 տոկոսով: Հարկման երկրորդ տարբերակով առաջարկվում է բոլորի համար սահմանել 23 տոկոս եկամտային հարկ՝ անկախ աշխատավարձի չափից: 

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ ՍՈՒՐԵՆ ՊԱՐՍՅԱՆԻ կարծիքով` բոլոր ակնկալվող փոփոխություններն առնվազն իրատեսական չեն: Ըստ նրա` հարկային բարեփոխումների այս փաթեթը դեռ նախորդ տարի էր քննարկվում, եւ դրա ջատագովները նեոլիբերալ տնտեսագիտական թիմի ներկայացուցիչներն էին: Նրանք ճգնում էին ցույց տալ, որ, հարկերը կրճատելով, հնարավոր է հասնել տնտեսական ակտիվության: 

Բայց Սուրեն Պարսյանը փաստում է՝ մեր երկրում 27 տարվա ընթացքում իրականացված տնտեսական քաղաքականությունը հակառակն է ցույց տվել. հարկերի կրճատմամբ տնտեսական զարգացում չենք ապահովել, հատկապես` ներառական զարգացում, փոխարենը հարուստներն ավելի են հարստացել, աղքատներն ավելի են աղքատացել: 

Նույն տրամաբանությունը տեղ է գտել վարչապետի ներկայացրած փաթեթում, որով առաջարկվում է հարուստների համար նվազեցնել հարկերը՝ հույս ունենալով, որ նրանք այդ գումարները կուղղեն տնտեսության զարգացմանը:

«Փորձը ցույց է տվել՝ երբ հարուստներն ավելի շատ եկամուտներ են ունենում, իրենք այդ գումարներն ուղղում են ոչ թե տնտեսության զարգացմանը, այլ, որպես ավանդ, ներդնում են բանկերում եւ ավելացնում իրենց եկամուտը: Շատ եկամուտ ստացողը հարաբերականորեն ավելի քիչ է սպառում, քան ցածր եկամուտ ունեցողը: Օրինակ՝ 150 հազար ստացողը մեկ ամսում ամբողջությամբ սպառում է գումարը, քանի որ դրա կարիքն ունի, իսկ 1 մլն ստացողը 500 հազարն է ծախսում, մնացածը խնայում է: Այսինքն՝ սպառողական պահանջարկը նվազում է, հարուստները շատ չեն սպառում, ակնկալվող ներդրումներ չեն արվում, սպառման ծավալները հարաբերականորեն հավասար չեն խնայողություններին, ինչն էլ նաեւ պատճառ է դառնում, որ փոքր ու միջին ձեռնարկատիրությունները փակվեն: Այս փաթեթի ներդրմամբ ոչինչ չի փոխվելու: Պետք է շատից շատ, քչից քիչ սկզբունքն աշխատի, հակառակ դեպքում կունենանք հասարակություն, որտեղ կան ծայրահեղ աղքատներ եւ ծայրահեղ հարուստներ»,- ասում է Պարսյանը:

Ինչ վերաբերում է ստվերի կրճատման` վարչապետի պնդմանը, ապա տնտեսագետն ասում է, որ այդ կանխատեսումն իրատեսական չէ: «Երբ տասը տարուց ավելի շահութահարկը ֆիքսված սահմանվեց 20 տոկոս, նման հույս կար, բայց գործարարները այդպես էլ իրենց իրական շահույթի մեծությունը ցույց չտվեցին: Մեզ համար կարեւոր է հարկային վարչարարության կատարելագործումը, ոչ թե հարկային դրույքի իջեցումը»,- նշում է նա:

Մյուս կողմից՝ առաջարկվող համակարգը սոցիալական անարդարություն է ստեղծելու, քանի որ առաջին սխեմայով, որով առաջարկվում է մինչեւ 250 հազար դրամ աշխատավարձ ստացողին 20 տոկոս հարկել, իսկ ավելի բարձրի դեպքում՝ 25, արդար չէ: «Մեր բնակչության մեջ կան մարդիկ, որոնք ստանում են 1 մլն կամ ավելի գումար աշխատավարձ, եւ նրանց նկատմամբ այդքան ցածր հարկեր սահմանելն անարդար է շատ ավելի ցածր աշխատավարձով ապրողների նկատմամբ, որոնք, ի դեպ, անհամեմատ շատ են»,- ասում է տնտեսագետը:

Հարկային օրենսդրության նոր փաթեթում նախատեսվում է ավելացնել անուղղակի հարկերը, դա դեռեւս չի հրապարակվել, այդ մասին դեռ բնակչությանը չեն տեղեկացնում: Այս մասին եւս նշեց Սուրեն Պարսյանը. «Տրամաբանությունը հետեւյալն է՝ մարդկանց տնօրինության տակ գտնվող գումարների հարկերը կնվազեցվեն, եւ այդ կերպ նրանց եկամուտները կավելանան, բայց անուղղակի հարկերը՝ ավելացված արժեքի կամ ակցիզային, կբարձրանան կամ կկիրառվեն այն ապրանքների դեպքում, որոնց համար մինչեւ օրս չեն կիրառվել: Արդյունքում` այդ ապրանքները կթանկանան: Սա շատ անարդար մոտեցում է սոցիալական անապահով կամ քիչ ապահով խավի նկատմամբ: Փաստորեն, հարուստն էլ, աղքատն էլ ստիպված են լինելու նույն չափով անուղղակի հարկ վճարել, օրինակ` հացի համար: Այնպես որ` այս համակարգը տնտեսական եւ սոցիալական տեսանկյունից ամբողջապես սխալ է եւ անարդար: Բարեփոխումները պետք է համալիր լինեն»:

ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր Դիանա Գալոյանի կարծիքով՝ եկամտային հարկի իջեցումը պետք է պարտադիր համադրելի լինի շահութահարկի իջեցման հետ, այլապես,եկամտային հարկն իջեցնելով, իսկ շահութահարկի ներկա չափը պահպանելով, ստվերը մի տեսակից մեկ այլ տեսակով է փոխարինվում: «Եթե եկամտային հարկը շատ իջեցվի, իսկ շահութահարկը համապատասխանաբար չիջեցվի, գործատուները կարող են մեքենայություններ անել արդեն շահութահարկի հաշվին, օրինակ՝ մեկի համար 10 մլն դրամ աշխատավարձ կսահմանեն եւ շահույթը դրանով կփակեն: Այսինքն՝ շահույթ ցույց չեն տա, իսկ աշխատողի հետ պայմանավորվածության կգան եւ նրանից կվերցնեն իրենց շահույթի մի մասը: Ստվերը կամ, այսպես կոչված, «սեւ հաշվապահությունը» մենք այդպես մի տեղից մյուս տեղ ենք տեղափոխում: Այնպես որ` առաջարկվող համակարգն էական փոփոխության չի հանգեցնի»,- նշում է մասնագետը:

Ըստ նրա` տոկոսադրույքների իջեցումը մինչեւ 250 հազար ստացողների համար էականորեն չի անդրադառնա նրանց աշխատավարձի վրա, հետեւաբար` որեւէ գործատու շահագրգռված չի լինի իր աշխատողների աշխատավարձերը ստվերից դուրս բերել եւ օրինապահորեն հարկեր վճարել ամբողջ աշխատավարձից: Մինչդեռ մեզանում աշխատողների զգալի մասը ցածր՝ մինչեւ 250 հազար աշխատավարձ ստացողներն են, որոնց հաշվին պետք է բյուջեն լցվի:  Ավելի բարձր ստացողների թիվն այնքան քիչ է, որ նրանց վճարած հարկերը դժվար թե էականորեն ազդեն բյուջեի վրա: «Հայաստանում հատկապես 1 կամ 2 մլն աշխատավարձ ստացողների թիվը քիչ է, եւ նրանց հարկումը մեծ ազդեցություն չի ունենա բյուջեի եկամուտների վրա, անգամ եթե այդ մարդիկ համաձայնեն ցույց տալ իրենց ամբողջական աշխատավարձերը»,- նշում է Գալոյանը: 

Ինչ վերաբերում է համահարթեցմանը, ապա, նրա համոզմամբ, «այն կարող է սոցիալական անարդարության խնդիր առաջացնել, երբ թե՛ ցածր աշխատավարձ ստացողը պիտի 23 տոկոս հարկ վճարի, թե՛ 500 հազար, 1 մլն աշխատավարձ ստացողը: Մյուս կողմից էլ անարդար է, որ ցածր աշխատավարձ ստացողների համար, ըստ էության, ոչինչ չի փոխվելու նոր օրենքով, այնինչ` առանց այն էլ բարձր աշխատավարձ ստացողները զգալիորեն շահելու են»,- ասում է տնտեսագիտության դոկտորը: