կարևոր
2440 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-19 09:15
Քաղաքական

«Պատիվ ունեմ»-ը կդիմի ՍԴ․ «Հրապարակ»

«Պատիվ ունեմ»-ը կդիմի ՍԴ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.«Պատիվ ունեմ» խմբակցությունը պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցով պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ բողոքարկելով ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից նրան զրկելու գործընթացը։ Ընդդիմադիրների համոզմամբ՝ իշխող ՔՊ-ի գործողություններն ապօրինի են: ՍԴ դիմումի հիմքում մի քանի հիմնավորում են ընդգրկելու։

Առաջինը՝ որ օրենսդիրներն իրավունք չունեին ժամանակավոր անաշխատունակության՝ բյուլետենի մեջ գտնվող Թովմասյանին զրկել պաշտոնից, իսկ բյուլետենը պայմանավորված է եղել երեխաների առողջական խնդիրներով։ Մյուս հիմքն այն է, որ ԱԺ խորհրդի նիստին ներկայությունն իմպերատիվ պահանջ չէ, պատգամավորը պարտավոր չէ մասնակցել։ Բացի այդ՝ Թովմասյանը գրավոր աշխատել է խորհրդի հետ, եթե պետք է եղել օրենսդրական նախաձեռնությունների համար` դիմումներ է գրել։ Երրորդ հիմքը․ պատգամավորը` հանձնաժողովի նախագահը, չի կարող սահմանափակել որեւէ մեկի խոսքի ազատության իրավունքը՝ ո՛չ Էդգար Ղազարյանի, ո՛չ էլ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի, ով նիստի ողջ ընթացքում սպառնալիքներ էր հնչեցնում։

Թե երբ կներկայացվի դիմումը, մեր աղբյուրները ժամկետ չնշեցին, իրավաբաններն աշխատում են, որից հետո կդիմեն գործընկեր ֆրակցիային` «Հայաստան» դաշինքին, քանի որ ՍԴ դիմելու համար 26 պատգամավորի ստորագրություն է պետք։ Դիմումում կներկայացվեն նաեւ Թովմասյանի գործունեության որոշ դրվագներ, որպեսզի հիմնավորեն, որ փորձել են կասեցնել Թովմասյանի՝ ի պաշտոնե միջազգային կառույցների հետ կոնտակտը, իսկ Թովմասյանն Արցախի թեմայով ի պաշտոնե 900 գրություն է ուղղել տարբեր կառույցների, դեսպանների, մոտ 500 գրություն էլ՝ իշխանությունների հակաժողովրդավարական քայլերի մասին։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում