կարևոր
24616 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-04 12:36
Տնտեսական

Միկրոձեռնարկություններին վնասելու նպատակաուղղված քաղաքականություն․ «Փաստ»

Միկրոձեռնարկություններին վնասելու նպատակաուղղված քաղաքականություն․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

Ժամանակակից շուկայական տնտեսության զարգացման կարևոր բաղադրատարրերից մեկը փոքր ու միջին ձեռնարկատիրությունն է, որն էական դերակատարություն ունի նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման, երկրում սոցիալական և քաղաքական կայունության ապահովման գործում։ ՓՄՁ ոլորտի էական հատվածը կազմում են միկրոձեռնարկությունները, որոնց շրջանակում են ներառված այն բիզնեսները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 միլիոն դրամը։ Պաշտոնական տվյալներով՝ ներկայումս Հայաստանում գործում է 35 հազարից ավելի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։

Որպեսզի միկրոձեռնարկությունները կարողանան շուկայում գոյատևել ու մրցակցայնություն ապահովել, ապա դրանց գործունեության խրախուսումը առաջնահերթ պետք է լինի կառավարության համար։ Կարելի է միայն պատկերացնել, թե 35 հազարից ավելի միկրոձեռնարկությունների հաջողությունն ինչ տնտեսական էֆեկտ կարող է ունենալ մեր պետության համար։ Սակայն օրվա իշխանությունները նպատակադրված այնպիսի քաղաքականություն են վարում, որը վնասում է միկրոձեռնարկություններին ու ավելի շատ նպաստավոր պայմաններ ստեղծում խոշոր բիզնեսի համար։ Օրինակ՝ հուլիսի 1-ից տարեկան մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողները հարկային նոր ռեժիմով կաշխատեն ու մյուս տնտեսվարողների նման 20 տոկոս եկամտային հարկ կվճարեն յուրաքանչյուր վարձու աշխատողի համար։ Այս որոշումը կառավարությունը բացատրում է տնտեսության մեջ գործող սուբյեկտների համար խաղի հավասար կանոնների սահմանմամբ, ու հատուկ ընդգծվում է այն հանգամանքը, թե նախնական հաշվարկներով՝ այն լրացուցիչ 6 մլրդ դրամ հարկային եկամուտ կապահովի պետական բյուջեի համար։

Սակայն այս գումարի չափով էլ միկրոբիզնեսը նոր հարկային բեռի տակ կհայտնվի՝ հատկապես այն պայմաններում, որ Հայաստանում թանկացումների ու համապատասխան խթանիչ մեխանիզմների բացակայության պատճառով բազմաթիվ միկրոձեռնարկություններ ժամանակի ընթացքում ուղղակի փակվում են և դադարեցնում իրենց գործունեությունը։ Բնականաբար, խոշոր ու փոքր բիզնեսի ներկայացուցիչների միջև հավասար դաշտի ստեղծման պարագայում փոքր բիզնեսն է տուժելու, քանի որ միկրոձեռնարկությունները շատ դեպքերում հազիվ իրենց գոյատևման հարցն են լուծում։ Եթե մինչ այժմ միկրոձեռնարկություններն ընդամենը 5 հազար դրամ եկամտահարկ էին վճարում, ինչը լրացուցիչ խթան էր տնտեսվարող այս սուբյեկտների համար վարձու աշխատողներ ներգրավելու տեսանկյունից, ապա այսուհետ դժվար չէ պատկերացնել, թե ինչ հետևանքներ կունենա նոր հարկային բեռի ծանրացումը հատկապես այն դեպքում, եթե միկրոձեռնարկությունն ունի մեկից ավելի աշխատող։

5 հազար դրամի եկամտահարկի գանձումը ձեռնտու էր նաև վարձու աշխատողներին, քանի որ իրենց համար ավելի գրավիչ էր դառնում փոքր բիզնեսի հետ աշխատելը, իսկ հիմա հակառակ գործընթացը կարող է տեղի ունենալ, երբ աշխատողներն առաջին հերթին կնախընտրեն խոշորներին, քանի որ նրանք ավելի կայուն աշխատանք կարող են առաջարկել։ Մյուս կողմից էլ՝ փոքր բիզնեսի համար 20 տոկոսով եկամտային հարկի կիրառումը լայն դաշտ կարող է բացել ստվերի համար, երբ լրացուցիչ հարկեր չվճարելու համար աշխատողներն ուղղակի չեն գրանցվի և նույն աշխատանքը կկատարեն առանց գրանցման։ Հասկանալի է, իհարկե, վտանգը, որ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, օգտվելով տարբեր սխեմաներից, կարող են գրանցվել որպես մի քանի միկրոձեռնարկություններ, որպեսզի խուսափեն մեծ հարկեր վճարելուց։ Այդ դեպքում, սակայն, պետք է այնպիսի օրենսդրական դաշտ ու վերահսկողության մեխանիզմներ ստեղծել, որ անհնար լինի այսպիսի սխեմաների կիրառումը, այլ ոչ թե այնպիսի պայմաններ ստեղծել, որ միկրոձեռնարկատիրությունը տուժի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում