կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-27 23:02
Քաղաքական

Նպատակաուղղված փորձում են նույնացնել Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի թիմի հետ. 2rd.am

Նպատակաուղղված փորձում են նույնացնել Ռոբերտ Քոչարյանին  Սերժ Սարգսյանի թիմի հետ. 2rd.am

2rd.am կայքը, որը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքն է, այսօր հոդված է տեղադրել` «Հիշողության թարմացում» վերնագրով:

«Հիշողության թարմացում
Խմբագրության կողմից
/հատուկ նշում ենք, որ այս հոդվածը ներկայացնում է 2rd.am խմբագրությունը/


Ակնհայտ է, որ վերջին շրջանում առանձին քաղաքական և հասարակական գործիչների, առանձին վերլուծաբանների և լրագրողների կողմից ակնհայտ պրոպագանդիստական հարձակում է կազմակերպվել նախագահ Քոչարյանի ուղղությամբ: Որքան հասկանում ենք, ոչ 2րդ նախագահի գրասենյակը, ու ոչ էլ Ռոբերտ Քոչարյանն անձամբ առանձնապես ուշադրություն չեն դարձնում այդ վայրահաչոցների վրա: Ընդամենը հայցով դիմել են դատարան` պահանջելով Ժամանակ օրաթերթից և 1in.am կայքից հերքել սուտը և ներողություն խնդրել: Ինչպես բազմիցս արել են անցած տարիներին: 
Սակայն, անկախ նրանց վերաբերմունքից, մենք ուզում ենք հատուկ ուշադրություն դարձնել այդ հարձակման հիմքում դրված մի կեղծ գաղափարախոսական դրույթի վրա, համաձայն որի տեղի ունեցած հեղափոխության այսպես ասած պարտվողներից կամ զոհերից մեկն էլ Ռոբերտ Քոչարյանն է: Ակնհայտ է, որ նպատակաուղղված փորձեր են իրականացվում նույնացնել Ռոբերտ Քոչարյանին անցաց 10 տարիներին Հայաստանը ղեկավարած քաղաքական թիմի և անձերի հետ:
Թվում էր, թե այս հնարքը չի անցնի, այն պարզ պատճառով, որ որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը և դա հանրահայտ է. անցած 10 տարիներին քաղաքական գործընթացներին, անցուդարձին ու մամուլին թեկուզ երբեմն հետևած յուրաքանչյուր ոք կարող է փաստել, որ Ռոբերտ Քոչարյանին նախորդ իշխանությունները /իրենից իշխանությունը ստանալու հաջորդ իսկ օրից/ վերաբերում էին որպես վտանգավոր հակառակորդի, և ոչ որպես գործընկերոջ, կամ, առավել ևս` փայատիրոջ: Իսկ նախագահ Քոչարյանը որևէ առիթ բաց չի թողել հարապարակայնորեն քննադատելու գործող իշխանություններին` սկսած 2008 թվականի մայիսից /երբ քննադատեց հայ-թուրքական ֆուտբոլային հաշտեցման սկսկվող գործընթացը/: 

Բայց, ինչպես տեսնում ենք, «տապալված քոչարյանասերժական ռեժիմի» մասին այդ կեղծ դրույթը արմատավորվելու միտումներ է ցուցադրում: Շատերը, տրվելով դրա «հմայքին» ու գտնվելով հետհեղափոխական շրջանի համար սովորական` իրար վատ լսելու բարդույթի մեջ, առանց հասկանալու կրկնում են թե «անցած 20 տարիներին այսպես է եղել», «Սերժի և Քոչարյանի իշխանությունը» և այլն, և այլն: 

Նախօրեին լրատվամիջոցներից մեկը հիշել էր նախագահ Քոչարյանի հարցազրույցներից մեկը: Այն, որտեղ Քոչարյանը ասում է, թե Սասնա Ծռերը դեղին քարտ էին գործող իշխանություններին:
Մենք ոգևորվեցինք այդ օրինակով ու որոշեցինք վերատպել Ռոբերտ Քոչարյանի բոլոր այն հարցազրույցները, որոնցով նա հանդես է եկել անցած 10 տարիներին: Վստահ ենք, որ մեր այս նախագիծը կթարմացնի բոլորի հիշողությունը և թույլ կտա ճշգրիտ եզրակացություններ անել ապրիլ-մայիսյան հեղափոխության զոհերի ու շահառուների մասին:

Այսօր ձեզ ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրման վերաբերյալ: 13.06.2014թ.

2rd.am - Պարոն նախագահ, կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ընդունումը դժգոհության զգալի ալիք բարձրացրեց երկրում: Ինչպիսի˚ վերաբերմունք ունեք Դուք, և քննարկվե˚լ է արդյոք դրա կիրառումը Ձեր նախագահության օրոք:

 - Մի փոքր նախապատմություն: Հարցը ակտիվորեն քննարկվել է 2004-2005 թվականներին՝ ՀՀ ԿԲ-ի նախաձեռնությամբ: Քննարկումներն, ըստ էության, դիմակայության ձևով ընթացել են կառավարության և կենտրոնական բանկի միջև, քանի որ կառավարության միասնական դիրքորոշումը դեմ էր պարտադիր կուտակային ֆոնդի ներդրմանը:
Ինձ մոտ մի քանի խոշոր խորհրդակցություն տեղի ունեցան վարչապետի, կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուների և  կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվում էր   համաշխարհային փորձը, գնահատվեցին Հայաստանի ընդհանուր տնտեսության վրա այդ ռեֆորմների ռիսկերն ու ազդեցությունը: Կառավարության փաստարկները շատ ավելի համոզիչ էին, քան ԿԲ-ինը: Ընդ որում, ռեֆորմի իրականացնողը  հանդիսանում էր հենց կառավարությունը, ոչ թե ԿԲ-ն, և պարտադրել կառավարությանը ռեֆորմ՝ ի հակառակ իր համոզմունքների, կլիներ սխալ: Այդ պատճառով էլ որոշում կայացվեց չներդնել կենսաթոշակային ապահովագրության պարտադիր կուտակային համակարգ: Այսինքն՝ մնալ մայրցամաքային Եվրոպայի կենսաթոշակային ապահովման մոդելի պարագծում, որը հիմնված է սերունդների համերաշխության սկզբունքի վրա: 

Ի դեպ, խոսքը լավ կամ վատ մոդելի ընտրության մասին չէ: Երկու մոդելներն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները  և տարբեր երկրներում կիրառման հաջողված կամ ձախողված օրինակներ: Խոսքը վերաբերում է կոնկրետ երկրի իրադրությանը առավել չափով համապատասխանող մոդելի ընտրությանը, և դրա ներդրման հետ կապված հնարավոր ռիսկերի ճիշտ գնահատմանը: Կուտակային ֆոնդերն ամենից շատ տարածում ունեն ԱՄՆ-ում, որտեղ ֆինանսական և ֆոնդային շուկայի զարգացածության շնորհիվ կուտակումներն արդյունավետ կառավարելու, սեփական տնտեսության պարագծում պահելու լայն հնարավորություններ կան: Էֆեկտն այստեղ կրկնակի է. փողերն աշխատում են ինչպես քաղաքացու, այնպես էլ երկրի տնտեսության օգտին: 

Ինչպիսի˚ն է ներկայիս իրադրությունը Հայաստանում:  Մի կողմից ծերացող բնակչությունը, նրա ակտիվ մասի երկրից հեռանալը վատթարացնում են աշխատողների և թոշակառուների առանց այդ էլ խնդրահարույց հանդիսացող համամասնությունը և բարդացնում աշխատող մասի կողմից թոշակառուների թոշակների վճարումը: Մյուս կողմից աղքատության աճը կուտակային հատկացումները երիտասարդ աշխատողների համար դարձնում են չափազանց զգալի և ռեալ կերպով վատթարացնում են նրանց ֆինանսական վիճակը: 

Քննարկումները ցույց տվեցին, որ կուտակային հատկացումներին կառավարության մասնակցությունը բավարար շարժառիթ չէ երիտասարդության համար՝ նկատի առնելով ռեֆորմի երկարատև բնույթն ու վստահության մեծ դեֆիցիտը: Դրա հետ մեկտեղ, միևնույն է՝ դրանք հարկատուների գումարներն են: 
Հայաստանը գործնականում չունի ֆոնդային շուկա և ակնհայտ է, որ կուտակված միջոցների մի մասը պարտքի տեսքով տրվելու է կառավարությանը դրա՝ պարտքային պարտավորությունների ձեռքբերման միջոցով: Կառավարությունը հարմար առիթ է ստացել մեծացնելու ներքին փոխառությունները և շատ հավանական է կխանդավառվի դրանով: Միջոցների մյուս մասը դուրս է բերվելու Հայաստանի սահմաններից, որովհետև մենք դրանք կառավարելու բավարար ֆինանսական գործիքներ չունենք: Սա դժվար է դրական հանգամանք անվանել երկրի տնտեսության համար (հաշվի առնելով նաև արդեն իսկ գոյություն ունեցող զգալի պարտքը(: 

Որևէ հրաշագործ լուծում այստեղ պարզապես չկա: Ակնհայտ է միայն, որ տնտեսական աճի լավ տեմպի և բնակչության զբաղվածության բարձր մակարդակի պարագայում  հարցի սրությունը նշանակալիորեն մեղմ կլիներ: 
Իմ կարծիքով ամենամեծ խնդիրը ֆինանսական շուկանների աճ գրանցած  տատանողականությունն է, ինչի հետևանքով մեծանում են թե կուտակված միջոցների կառավարման, թե դրանց մասնակի կորստի հետ կապված ռիսկերը: 

Վերջին ճգնաժամի հետևանքով բազմաթիվ կենսաթոշակային ֆոնդեր լուրջ գումարներ կորցրեցին և չկա ոչ մի երաշխիք, որ այդպիսի բան էլ չի կրկնվի: Նման կորուստները փոխհատուցելու բավարար միջոցներ ՀՀ կառավարությունը չունի: Երաշխավորումը բյուջեով՝ փաստարկ է միայն միամիտների համար: Իսկ թե որքան արդյունավետ կկառավարվեն քաղաքացիների կուտակած միջոցները՝ մեծ հարց է: 
Կենսաթոշակային բարեփոխման մակրոպատկերի մասին այսքանը: Չեմ ուզում մխրճվել ընդունված օրենքի խնդրահարույց մանրամասների մեջ: Դրանց մասին շատ են խոսել (և բավականին փաստարկված) կառավարության ընդդիմախոսները ինչպես ԱԺ-ում, այնպես էլ մամուլում հրապարակված տարբեր հոդվածներում և ծավալված քննարկումներում: Կարծում եմ, այդ դիտողություններից շատերին պետք էր ականջալուր լինել:
Միայն ժամանակը կարող է ցույց տալ, թե արդյոք ճիշտ վարվեց կառավարությունը՝ սկզբնավորելով պարտադիր կենսաթոշակային կուտա-կում¬ները: Ցավոք, այդ ռեֆորմի յուրահատկությունը շատ երկարաժամկետ լինելն է, և որպես կանոն, երբ խնդիրներ են ծագում, ռեֆորմների հեղինակներին արդեն քչերն են հիշում: 

Իմ վերաբերմունքը ընդունված օրենքին բացասական է, նկատի առնելով ձախողվելու բարձր հավանականությունը՝ մեր քաղաքացիների միջոցների կորստով: Կարելի է հետադարձ հայացքով մոդելավորել իրավիճակը և հաշվարկել, թե կուտակումների ինչ մասնաբաժին կկորցնեին մեր քաղաքացիները ճգնաժամի պատճառով, եթե մենք 2005 թվականին ներդրած լինեինք պարտադիր կուտակումը: Ներողություն խնդրելը ինձ հաստատ չէր փրկի: Իսկ ճգնաժամերը պարբերաբար կրկնվում են և, որպես օրենք՝ այն ժամանակ, երբ դրանց ոչ ոք չի սպասում:
13.06.2014թ.