կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-20 13:47
Քաղաքական

Ադրբեջանական կողմը նպատակաուղղված փորձում է տապալել բանակցային գործընթացը. քաղաքագետ

Ադրբեջանական կողմը նպատակաուղղված փորձում է տապալել բանակցային գործընթացը. քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սարգսյան-Ալիև հանդիպմանը, բանակցային գործընթացի առաջխաղացմանը և այլ հարցերի:

Քաղաքագետի կարծիքով` մեկուկես տարի ընդմիջումից հետո կայացած հանդիպումը, դրան հետևած զարգացումները խոսում են  այն մասին, որ բանակցային գործընթացը բավական բարդ իրավիճակում է: Ըստ նրա` այն, որ քննարկվել են բանակցային գործընթացներն առաջ տանելու հնարավորությունները և սահմանային լարվածության նվազեցումը,  վկայում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է քաղաքական այն օրակարգը, որ ժամանակին մշակվել և առաջարկվել է հայկական կողմից` ապրիլյան պատերազմից անմիջապես հետո: «Ըստ էության` խոսվել են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին և այն մասին, թե ինչպես կարելի է հասնել նրան, որպեսզի Ադրբեջանը վերջապես սկսի կատարել այդ պայմանավորվածությունները: Դատելով հայտարարությանը հետևած մեկնաբանություններից` Ալիևը Ժնևում նույնպես որոշակի պարտականություններ է իր վրա վերցրել, խոսել է այն մասին, որ նույնպես շահագրգռված է սահմանում լարվածության նվազեցման և բանակցային գործընթացի առաջմղման հարցում»,- ասաց Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետը միևնույն ժամանակ նշեց, որ Ադրբեջանի` անմիջապես բանակցություններին հետևած քայլերը ցույց են տալիս, որ մենք այս անգամ ևս գործ ենք ունենալու պայմանավորվածությունները մերժելու արատավոր պրակտիկայի հետ: «Երեկ առաջնագծում, ցավոք, ունեցանք զոհ: Այս փաստը և այն, որ մինչ հանդիպումը, ցավոք, նման միջադեպ նորից տեղի էր ունեցել, խոսում է այն մասին, որ Ադրբեջանը տևական ժամանակ խուսափում էր այս բանակցություններից: Ալիևն ինքն էր խոստովանում, որ իր վրա ճնշումներ են գործադրում բանակցությանների ընթացքում, ամեն ինչ անում էր, որպեսզի Ժնևյան հանդիպումն էլ այլ օրակարգով անցնի, չքննարկվեն այն հարցերը, որտեղ իրենք դիսկոնֆորտ են զգում, և որտեղ Ադրբեջանի վրա ճնշում է  գործադրվում»,- հայտարարեց բանախոսը:

Նա անդրադարձավ նաև ադրբեջանական կողմի քննադատություններին` կապված Սերժ Սարգսյանի հայտարարությունների մասին: Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը մեղադրել էր ՀՀ նախագահին պայմանավորված հայտարարություններից դուրս հայտարարություններ անելու մեջ: «Շատ հետաքրքիր էր այդ քննադատությունը, որովհետև Մամեդյարովը հղում էր անում նախագահների համատեղ հայատարարությանը, բայց իրականում հայտարարությունը եղել է ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների մակարդակով: Ստացվում է` Մամեդյարովն ինքը չգիտի, որ հայտարարությունն իր անունից է տարածվել, այլ ոչ թե իր երկրի ղեկավարի անունից»,- նշեց քաղաքագետը:

Նա ընդգծեց` այն, որ ադրբեջանական կողմն այլ հայտարարություն է անում, փորձում է  մեղադրանքներ հնչեցնել հայկական կողմի հասցեին, խոսում է այն մասին, որ քաղաքական մակարդակում Բաքուն ունակ չէ կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները:  

«Ադրբեջանական իշխանությունները նպատակաուղղված փորձում են տապալել բանակցային գործընթացը` հասկանալով, որ թե' միջնորդների, թե' համաշխարհային ընկալումները կոնֆլիկտի վերաբերյալ հետզհետե թեքվում են հօգուտ հայկական շահի: Նրանք խուսափում են այդ գործողություններից, փորձում հնարավորինս սառեցնել պայմանավորվածություն ձեռք բերելու հնարավորությունը»,- եզրափակեց Մելիք-Շահնազարյանը: