կարևոր
4441 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-29 18:37
Քաղաքական

Նիկոլ քանդարար. քանդել, ջնջել, մինչև վերջ․ վերլուծական

Նիկոլ քանդարար. քանդել, ջնջել, մինչև վերջ․ վերլուծական

Թուքիայի ու Ադրբեջանի շահերի սպասարկմանը լծված «ՀՀ կառավարության» այսօրվա նիստում «ՀՀ վարչապետ» սաղավարտ կրող Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, հերթական անգամ բարբաջեց «խաղաղության», դրա՝ այլընտրանք չունենալու մասին: Եթե Նիկոլ Փաշինյանի «խաղաղությունը» նորմալ վերծանենք, ապա նրա ասածը նշանակում է, որ շարունակվելու են հայ զինվորների սպանությունները, Հայաստանի ոչնչացման ծրագիրը: Միայն բուժհանձնաժողովով փաստաթղթավորված ապուշը կարող է թեկուզ կես միկրոնի հույս կապել Նիկոլ Փաշինյանի «խաղաղության» խոստումների հետ: Ինչևէ:

Ուշադրություն գրավեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը արտակարգ իրավիճակների նախարարության վերաբերյալ: Ավելի ճիշտ, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ԱԻ նախարարին, իսկ ԱԻՆ-ը՝ պըրծ: Այսինքն՝ հունիսի 30-ից հետո Հայաստանն այլևս արտակարգ իրավիճակների նախարարություն չի ունենա: Այն, ինչպես հայտնի է, այսպես ասած՝ միավորվելու է Նիկոլ Փաշինյանի անձնական ոստիկանական գերատեսչությանը՝ ներքին գործերի նախարարությանը:

Այսինքն, ՆԳՆ-ի տակ են անցնելու փրկարարները, հրշեջները, սեյսմիկ անվտանգության ծառայությունը, իրեն բավականին լավ դրսևորած «911»-ը, թերևս նաև քաղաքացիական պաշտպանությունը և՝ «մի կին՝ ատամնատեխնիկ»:

Այսինքն, Հայաստանին, ճշտենք՝ Նիկոլ Փաշինյանի Հայաստանին արտակարգ իրավիճակների նախարարություն պետք չէ՛:

Կասեն, թե ընդամենը ղեկավարումն են հանձնելու ՆԳՆ-ին, իսկ մնացած կառույցները, ինչպես գործում էին, այնպես էլ գործելու են: Այսինքն, ՆԳՆ-ն կարգի պահպանությունից, հանցավորության դեմ պայքարից, ճանապարհային ոստիկանությունից, պարեկությունից, Նիկոլ Փաշինյանին հազարներով «ուղեկցելուց», ձեռքի հետ՝ ճանապարհին հայտնված մարդկանց վրաերթի ենթարկելով սպանելուց բացի, նաև զբաղվելու է փրկարարական աշխատանքների, հրդեհաշիջման, սեյսմիկ անվտանգության աշխատանքների կազմակերպմամբ ու կառավարմամբ: Իսկ ինչո՞ւ «շրջակա միջավայրն» էլ չկցել ՆԳՆ-ին: Ավելին, ՆԳՆ-ին կարելի է կցել նաև էկոնոմիկայի նախարարությունը, միևնույն է, անիմաստ կառույց է «Նիկոլի թվի Հայաստանում»: Է՛լ ավելին, հաշվի առնելով այն բազմամիլիարդանոց պարգևավճարները, որոնք տրվում են ՆԳՆ համակարգին, կարելի է ֆինանսների նախարարությունն էլ դնել Նիկոլ Փաշինյանի սիրելի համերկրացի «սուպեր-նախարարի» տակ: Այսպես ասած՝ «իջևանցիների կլանը» դրանից հետո առհասարակ կվարի ու կցանի:

Սարկազմ՝ սարկազմ, բայց գործնականում շարունակվում է 2018-ի ապրիլից մեկնարկած պետականաքանդության գործընթացը: Ու պետական կառույցները, որոնք ձևավորվել էին Հայաստանի անկախության վերականգնմանը հաջորդած տասնամյակներում, Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն հետևողականորեն կազմաքանդում են:

Հայաստանի Հանրապետությունը այլևս չունի նաև էներգետիկայի նախարարություն, չունի գյուղատնտեսության նախարարություն: Եվ այդ ամենը անհետևանք չի անցնում: Հարկավ, խոսքը բացասակա՛ն հետևանքների մասին է: Դե, իսկ սպորտը, մշակույթը, կրթությունն ու գիտությունն էլ «բորշված» են ագլճ... կներեք, ԿԳՄՍ նախարարության կազմում: Մի խոսքով՝ Փաշինյանին հանգիստ կարելի է «պատվել» «Նիկոլ-քանդարար» արտահայտությամբ, առավել ևս, որ նրա վարած «քաղաքականությունը» հենց դա է՝ քանդել, ջնջել ամեն ինչ:

Հա, ի դեպ, ԱԻ նախարարությունն էլ է արդեն ջնջված կառավարության պաշտոնական կայքէջի՝ կառավարության կառուցվածքի բաժնից: Դեռևս մի քանի տարի առաջ գրված ֆելիետոններից մեկում տողերիս հեղինակն առաջարկել էր առհասարակ բոլոր նախարարություները լուծարել՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնի անվանումը խմբագրելով այսպես. «ՀՀ վարչապետ-ամեն ինչի նախարար, որը ոչ մի բանի համար պատասխանատու չէ»:

Եվ դառը հեգնանքը, թե «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթը Նիկոլ Փաշինյանը փակեց և հիմա հերթը բուն Հայաստանի Հանրապետությանն է, ցավոք, սպառնում է դառնալ մարգարեություն:

Աղբյուրը՝ 7or.am