Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի ժողովրդի դեմ ուղղված Ադրբեջանի հանցավոր և ահաբեկչական քաղաքականությունը շուրջ 200 օր շարունակվող շրջափակման վերջին օրերին ինտենսիվ կերպով զուգորդվում է Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անհերքելի փաստերով ու դրսևորումներով՝ թիրախավորելով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող անձանց և տեխնիկան, ինչպես նաև բացառապես քաղաքացիական բնակչության պաշտպանության գործառույթ իրականացնող Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները։
Սեփական հանցավոր քաղաքականությունն առաջ մղելու համար տեղեկատվական հող նախապատրաստելու նպատակով ադրբեջանական կողմը պարբերաբար տարածում է կեղծ տեղեկատվություն Արցախի ՊԲ կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին։ Ասվածը անտարակուսելիորեն ապացուցվում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ երկու օր առաջ արած հետևյալ հայտարարությամբ․ «Եթե նրանք ինչ-ինչ սադրանքների ու հակաիրավական գործողությունների դիմեն, ապա այդ անօրինական զինված կազմավորումների հարցը կարող է լուծել ադրբեջանական բանակի ընդամենը մեկ կորպուս, այն էլ՝ ոչ ամբողջական կազմով»։
Այսինքն՝ հրադադարի խախտման մեջ պարբերաբար մեղադրելով հայկական կողմին՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է արդարացնել սեփական նախաձեռնությամբ հրադադարի ռեժիմի խախտումները, մոլորեցնել միջազգային դերակատարներին և պնդել Արցախի զինված ուժերի ապառազմականացման անօրինական և չհիմնավորված պահանջը։
Արցախի Հանրապետության Մարտունու և Մարտակերտի շրջանների ուղղությամբ 2023 թ․ հունիսի 28-ի ադրբեջանական զինված ուժերի հերթական սադրանքի հետևանքով զոհվել են Արմո Աբգարյանը (1969 թ/ծ, ԱՀ Մարտունու շրջան, գյուղ Գիշի), Գագիկ Բալայանը (1987 թ/ծ, ԱՀ Մարտունու շրջան, գյուղ Գիշի), Սամվել Թորոսյանը (2003 թ/ծ, ԱՀ ք․ Ստեփանակերտ), Երվանդ Թադևոսյանը (2003 թ/ծ, ԱՀ Քաշաթաղի շրջան), վիրավորում ստացած զինծառայողներ չկան։ Վերոնշյալ բոլոր անձինք զոհվել են ՊԲ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերում՝ Ադրբեջանական զինված ուժերի կողմից հեռահար հրետանային միջոցների և ԱԹՍ֊ի կիրառման հետևանքով։
Ադրբեջանական այսօրվա ռազմական հարձակման հետևանքով զոհված չորս անձինք ոչ միայն իրենց հայրենիքն ու խաղաղ բնակչությանն Ադրբեջանի շարունակական ռազմական ագրեսիայից պաշտպանող անձինք են, այլև մարդիկ, որոնք ունեին ընտանիքներ և առօրյա կյանք։ Նրանցից երկուսը՝ 54-ամյա Արմո Աբգարյանը և 36-ամյա Գագիկ Բալայանը, կամավորներ էին Արցախի Գիշի համայնքից, որոնց հիմնական գործունեությունը գյուղատնտեսությունն էր։ Արմոն ուներ չորս երեխա, որից երկուսը անչափահաս, իսկ Գագիկը՝ չորս անչափահաս երեխա։ Ադրբեջանական հանցավոր ռեժիմը պատասխանատու է 2020 թվականի պատերազմի աղետալի հետևանքների դեմ դեռևս պայքարող արցախցիների այս բոլոր անմարդկային տառապանքների և զրկանքների համար։
Հատկանշական է, որ նույնիսկ Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ներկայությունը և միջազգային տարբեր դերակատարների կողմից Արցախում առկա իրավիճակի նկատմամբ ուշադրությունը չեն զսպում Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը, որը շարունակում է գործել լիակատար անպատժելիության զգացումով։
Ադրբեջանը, խաղաղության մասին խոսելով, մոլորեցնում է միջազգային հանրությանը՝ միևնույն ժամանակ ուժի և ուժի սպառնալիքի բացահայտ կիրառման ներքո առաջարկելով կա՛մ բռնի հպատակեցում, կա՛մ վտարում սեփական հայրենիքից:
Քանի դեռ միջազգային ԲՈԼՈՐ դերակատաների կողմից Ադրբեջանը չի պատժվում իր հանցավոր գործողությունների և Արցախի ժողովրդի կյանքի և այլ հիմնարար իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների համար, խաղաղ գործընթացը օգտագործելու է որպես քողարկում Արցախի էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականության համար:
ԱՀ մարդու իրավունքների պաշտպան