կարևոր
2359 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-16 23:38
Քաղաքական

Քի Վեսթի բանակցությունները. Արթուր Խաչատրյան

Քի Վեսթի բանակցությունները. Արթուր Խաչատրյան

Սկզբից Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմը, իսկ հիմա ՔՊ-ականները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պնդում են, թե Հայաստանը համաձայնվել էր Արցախի դիմաց Ադրբեջանին հանձնել Մեղրիի շրջանը։ Ո՛չ Տեր-Պետրոսյանը, ո՛չ Փաշինյանը որևէ աղբյուր, որը նման բան կասի, չեն հիշատակում։ Այսօր, խորհրդարանական ճեպազրույցի ժամանկ որոշ մանրամասներ եմ ներկայացրել Քի Վեսթում 2001 թվականին կայացած բանակցությունների վերաբերյալ, հիշատակել եմ անձանց, ովքեր Արցախյան հակամարտության հարցում միշտ համարվել են ամենագիտակ փորձագետներ։

Մասնավորապես․

- Միջազգային ճգնաժամային խումբը (International Crisis Group) 2005 թվականի հոկտեմբերի 11-ի «Եվրոպական զեկույց թիվ 167» վերլուծության մեջ (էջ 14) նշում է «(Համաձայնագրի) փոփոխված տարբերակը կողմերին առաջարկվել է Փարիզում և Քի Վեսթում բանակցությունների ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի դիմաց առաջարկվել էր Մեղրիով «ինքնիշխան միջանցք», որն Ադրբեջանը կապելու էր Նախիջևանի հետ»։

- Թոմաս դե Վաալն իր «Սև այգի․ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով» գրքում գրում է, որ Ալիևը դրամատիկ զիջումների գնաց ամենազգայուն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում։ (…) Նա առաջարկում էր, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս դառնար։ Այս զիջման դիմաց նա Հայաստանից զիջումների շարք էր ակնկալում, ներառյալ՝ Հայաստանի միջով ցամաքային կապ Ադրբեջանի և Նախիջևանի միջև, որի վրա պարեկություն կիրականացնեն միջազգային զինված ուժերը , իսկ փախստականներին իրավունք կտրվի վերադառնալ Շուշի (էջ 267)։ Փաստորեն, Ալիևը նույնիսկ չէր պահանջում բոլոր փախստականների վերադարձը (օրինակ՝ Խոջալու կամ Կրկժան)։

-2002 թվականի ապրիլի 25-հրապարակված հոդվածում Թոմաս դե Վաալը , հղում կատարելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ֆիլիպ դե Սյուրմենի վրա գրել էր, որ համանախագահները շարունակում են ջանքեր գործադրել «փրկելու 2001 թվականի համարյա ձեռքբերված պայմանավորվածությունը»։ Ըստ դե Վաալի, համաձայնությունը ենթադրում էր, որ «Ալիևը համաձայնվում է, որ Լեռնային Ղարաբաղը քաղաքականապես կապված լինի Հայաստանի այլ ոչ թե Ադրբեջանի հետ»։ Դրա դիմաց «Ադրբեջանը ստանում էր Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանները, որոնք զավթված էին հայկական ուժերի կողմից, ադրբեջանական բնակչությունը վերադառնում էր Շուշի քաղաք, Ադրբեջանն իր էքսկլավ Նախիջևանի հետ ցամաքային ճանապարհ էր ստանում, որի անվտանգությունն ապահովելու էին միջազգային դիտորդները»։

- Ամերիկացի դիվանագետ Ֆիլիպ Ռեմլերն իր «Կովկասին շղթայված. Ղարաբաղում խաղաղության գործընթացը 1987-2012 թվականներին», գրքում գրում է, որ 1999-ին տեղի ունեցած բանակցությունների ժամանակ քննարկվել են Մեղրիի շրջանը Լաչինի շրջանի հետ փոխանակելու տարբերակը։ Սակայն, արդեն 2001-ից, համանախագահների դիրքորոշումը մոտենում է հայկական դիրքորոշմանը, և նրանք, ի տարբերություն 1999 թվականի տարբերակի, որը «կատաղի կերպով» մերժել էր հայկական կողմը, Լեռնային Ղարաբաղի և Լաչինի շրջանը Հայաստանի գերիշխանությանը հանձնելու դիմաց Ադրբեջանին առաջարկում են ընդամենը Մեղրիով «ոչ սուվերեն միջանցքի» (non-sovereign access corridor) տարբերակը, որն արդեն Մեղրիի շրջանը թողնում էր Հայաստանին (էջ 84)։

Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի ու Լաչինի դիմաց Ադրբեջանը ստանում էր ընդամենը ճանապարհ, որը չէր խոչընդոտելու Հայաստանի և Իրանի միջև հաղորդակցությունը։ Վատագույն դեպքում այդ ճանապարհի նկատմամբ Ադրբեջանը ստանալու էր սուվերեն իրավունքներ, լավագույն դեպքում՝ Հայաստանի ինքնիշխանությունն էր պահպանվելու։ Առավել հավանական սցենարը լինելու էր ճանապարհի վերահսկողությունը միջազգային ուժերի կողմից։

Այսպիսով, որևէ տարածքային փոխանակման հարց Քի Վեսթում չէր քննարկվել։