Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-10-10 15:13
Առանց Կատեգորիա

Եթե ես ՀՀ քաղաքացի եմ, ինձ չի փրկում ո՛չ Կոմիտասը, ո՛չ` Սարյանը

Եթե ես ՀՀ քաղաքացի եմ, ինձ չի փրկում ո՛չ Կոմիտասը, ո՛չ` Սարյանը

Yerkir.am-ի զրուցակիցն է Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

 

-Տիկնիկային թատրոնն ունի մի քանի ներկայացումներ, որոնք շատ սիրվեցին. Նարինե Գրիգորյանի «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը, կարծում եմ, հասցրեց 1-2 տարվա մեջ մասնակցել միջազգային բոլոր հեղինակավոր փառատոններին. ներկայացման հաջողության գրավականը խա՞ղն է, պիեսի  արդիական թեմա՞ն, թե՞ մեկ ուրիշ բան:

-Ներկայացումն այնքան բաղադրամասեր ունի, որ ինչ-որ մեկը հատուկ առանձնացնելը ճիշտ չի լինի: Օրինակ, Նարինկայի ներկայացման մեջ շոշափվում է հավերժական սիրո թեման եւ դա մատուցվում է գեղարվեստական շատ ժամանակակից միջոցներով: Վերջիվերջո, մարդը չի փոխվում, նա մնում է նույնը` նույն միայնակության զգացողությամբ, նույն չբաժանված սիրով, ստացված-չստացված անձնական կյանքով: Բայց թատրոնն, առաջին հերթին, այս թեմաներին պետք է տա այսօրվա հնչեղություն: Առիթ ունեցել եմ ասել, որ ի դեմս Նարինե Գրիգորյանի` մենք գործ ունենք 21-րդ դարի դերասանուհու հետ: 21-րդ դարի դերասանը վերադարձել է իր ակունքներին. դերասանը պետք է տիրապետի դերասանական գունապնակի բոլոր շերտերին` լինի մնջախաղաց, դրամատիկ, տիկնիկային դերասան, ակրոբատ, փահլեւան:

 

-21-րդ դարի դերասանը ի՞նչ է քաղել ժամանակից:

-21-րդ դարում ժամանակը շատ արագ է ընթանում. պետք է կարողանալ ներկայացման մեջ կարճ ժամանակահատվածում մաքսիմում ինֆորմացիա եւ գեղագիտություն տեղավորել: Մեր մտածողությունը, ընկալումը դարձել է «կլիպային», եթե մենք այս պահին հետաքրքիր բան չենք նկատում, անջատվում ենք: Թատրոնը պետք է կարողանա միանգամից կլանել հանդիսականին. ժամանակ չկա երկար պատմելու կամ նախապատրաստելու հանդիսատեսին, թե` առջեւի 10-20 րոպեն նայիր, հետո կսկսվի հետաքրքիր մասը. ո՛չ, միանգամից պետք է հետաքրքիր լինի նրա համար: Երկրորդ` հանդիսատեսը գալիս է թատրոն` ներկայացման ակտիվ մասնակից լինելու, իսկ մասնակից լինել չի նշանակում ժամանակ առ ժամանակ ծափահարել կամ բռավո գոռալ, այլ` միանգամից ընդունել այդ խաղի կանոնները: Վերջիվերջո, բոլորս երեխաներ ենք` թեկուզ մի քիչ մեծացած… Մենք շարունակում ենք խաղի մեծագույն կարիքը զգալ, քանի որ խաղը մարդկային շատ բնական վիճակ է: Խաղի հանդեպ վերաբերմունքը, ինչքան էլ մեծանանք, լրջանանք ու պաշտոններ զբաղեցնենք, մարդու մոտ մնում է նույնը: 21-րդ դարի թատրոնը պետք է կարողանա զգալ այսօրվա խաղի կանոնները, եւ այդ ժամանակ հանդիսատեսը քո հետեւից կգնա ուր էլ ասես:

 

-Խոսում էիք մի խաղի մասին, որը մարդուն մաքրում է: Իսկ, առհասարակ, խաղը մի քիչ շատ չէ՞ մեր կյանքում:

-Վատ խաղը` այո: Սակայն խաղը չի կարող լինել ինքնանպատակ. երբ մենք ինչ-որ ներկայացում ենք բեմադրում, փորձում ենք մեզ հուզող հարցերը /այլ ոչ թե պատասխանները/ տալ հանդիսատեսին: Կեղծ խաղը միանգամից նկատվում է. եթե ինձ հուզում է ձեր ճակատագիրը մարդկայնորեն, ես կփորձեմ աջակցել` ինչքանով հնարավոր է: Սակայն եթե ես այդ աջակցությունը դարձնում եմ դրոշակ, որպեսզի ավելի շատ նկատեն, թե ինչպես է ինձ հուզում ձեր ճակատագիրը, եւ չլուծելով որեւէ հարց, այս դրոշակը դարձնում եմ ինձ համար կարեւորագույն մի բան` սա, իհարկե, կեղծ խաղ է: Շատ է, խաղը, այո, եւ երբեմն դժվար է կեղծ անկողծից տարբերել: Հիմա հաճախ են սկսել ամպագոռգոռ արտահայտություններ օտգագործել. սերն ընդհանրապես բղավոց չի սիրում: Չի կարելի ամեն վայրկյան խոսել հայրենիքի, ինչպես նաեւ մոր, երեխայի հանդեպ սիրո մասին: Դա այն սերն է, որը գործով է ապացուցվում: Կեղծ, արհեստական խաղը շատ է մեր կյանքում, բայց դրան էլ է պետք պատրաստ լինել, եւ սա ոչ թե միայն մեր առանձնահատկությունն է. աշխարհում, ընդհանրապես, շատ է տարածված այս խաղը: Ես չեմ սիրում հանդիսավոր արարողություններ, քանի որ դրանց մեջ ցուցադրական բաներ կան, իսկ իսկական զգացմունքն ու լավ արարքը ցուցադրություն չի պահանջում: Երբ սիրում եմ մի կնոջ, ես կարող եմ բղավել, եթե առաջին անգամ եմ դա զգում, բայց եթե ես 20 տարի շարունակ բղավում եմ, ուրեմն` ինչ-որ բան այն չէ:

 

-Վախի մթնոլորտը նույնպե՞ս ավելացել է: Նորմա՞լ է, երբ ակտիվիստների դեմ «ակտիվիստ» են բերում /խոսքը Փակ շուկայի մասին է/:

-Կարծում եմ` վախը շատ բնական զգացմունք է` անկախ ամեն ինչից: Չկա նորմալ մարդ, որ վախի զգացում չունենա, սակայն ամբողջ հարցը կայանում է այդ վախը հաղթահարելու մեջ: Ես Սովետական միությունում մեծացած մարդ եմ եւ շատ լավ գիտեմ` վախն ինչ է: Այսօր շատ կարեւորագույն գործընթաց է կատարվում. առհասարակ, այն, ինչ կատարվում է մեր հասարակության մեջ վերջին 25 տարվա ընթացքում` կբաժանեի 2 շատ կարեւոր փուլերի` 1988թ.` ազգային զարթոնքի շրջանը, երբ մենք փորձեցինք վերագտնել մեզ որպես ազգ: Եւ երկորդ փուլ` 2000թ. այս կողմ` գտնել եւ դրսեւորել մեզ որպես երկրի քաղաքացի: Այս փուլը շատ ավելի բարդ է, քանի որ ազգային սինդրոմը մի քիչ պատասխանատվությունից քեզ ազատում է. Կոմիտասն է հայ, Սարյանն է հայ, ես կարող եմ ոչինչ չանել, քանի որ ունեմ Կոմիտաս, Սարյան, Նարեկացի` թեւեր առած ապրում եմ: Իսկ եթե ես Հայաստանի հանրապետության քաղաքացի՞ եմ. ինձ չի փրկում ո՛չ Կոմիտասը, ո՛չ` Սարյանը: Դու մտնում ես աշխարհ` աշխարհի կանոններով, չե՞ս ուզում այդ կանոնները` կմնաս համայնքի կարգավիճակում: 20 տարի առաջ` մենք ասում էինք` բա դու հայ չե՞ս. ես ուրախ եմ, որ երիտասարդները հիմա նման բան չեն ասում. ուղղակի ասում են` ես քաղաքացի եմ: Փակ շուկայում շատ հետաքրքիր բաներ կատարվեցին, որոնք ցույց տվեցին, թե ի՞նչ է կատարվում մեր հասարակությունում: Նախ` այդ խումբը, բերված ի պաշտպանություն «բարերարի», ցույց տվեց, թե ինչպիսի հասարակություն է ուզում տեսնել իշխանությունը: Ամեն մի իշխանություն ինչ-որ մի հասարակություն է ուզում տեսնել` պարզվեց` մերոնց ուզածը սա է: Մեղադրանքներ հնչեցին` նրանք ստրուկ են. բոլորս ենք ստրուկ: Չեխովն ասում էր` ես զբաղվում եմ նրանով, որ ամեն օր կաթիլ-կաթիլ ինձնից հանում եմ ստրուկին: Որպեսզի ստրուկը չմնա ստրուկ, նա պետք է տեսնի, թե ինչքան հաճելի է լինել ազատ քաղաքացի:

 

-Պետք է-ների շարանը մի քիչ շա՞տ չէ. ինչո՞ւ են պետք է-ներով խոսում:

-Կա մի շատ կարեւոր բան, որը հաճախակի շրջանցում ենք եւ որի պատճառով էլ ունենում ենք այս տեսակ արդյունքներ` մենք փորձում ենք բարոյականությանը տալ ազգային նկարագիր: Բարոյականությունն անհատական է, չկան բարոյական-անբարոյական ազգեր, եթե մենք ասում ենք` հային հարիր չի սա` կարծես մեզ վրայից պատասխանատվությունը գցում ենք, կամ էլ` հայ ենք, էլի, միշտ էլ էսպես է եղել: Ես` Ռուբեն Բաբայանս, իրավունք ունեմ բարոյախոսության դասեր տալ միայն ինքս ինձ: Ես միայն իմ օրինակով կարող եմ իմ երեխաներին բարոյականության դասեր տալ: Չի կարելի պատասխանատվությունը լղոզել ազգի վրա, պատասխանատվությունը յուրաքանչյուրինս է: Ինչո՞ւ, երբ մարդիկ հավաքվում են, հոտ են դառնում, քանի որ միասին մարդիկ հիմնականում չեն լսում, միասին մարդիկ գոռում են: Միգուցե մենք սկսել փնտրել այն, ինչ մեզ միացնում է, այլ ոչ թե հակառակը, քանի որ եթե մենք որոնենք, թե ի՞նչ է մեզ բաժանում, կխճճվենք:

 

-Ասում եք` պետք է քաղաքացուն թույլ տան զգալ, թե ի՞նչ է նշանակում լինել ազատ քաղաքացի. նրանց, ովքեր իշխանության գլխին են կանգնած, ձեռնտո՞ւ է ազատ քաղաքացի ունենալ:

-Մեծ հաշվով ձեռնտու է: Կառավարման տեսակետից թատրոնում ինձ ավելի ձեռք է տալիս, որ բոլորը մտածեն նույն կերպ, ստեղծագործելու տեսակետից, եթե այստեղ ազատ մտածող մարդիկ չաշխատեցին, մեր արված արտադրանքը կլինի զրո: Թվում է` հեշտ է ղեկավարել երկիրը, երբ բոլորը քեզ հետ համաձայն են, եւ մտածում են` 5000-10 000 դրամ ընտրությունից ընտրություն ստանալու մասին: Բայց երկիրն ապրում է, երբ ստեղծագործվում է: Եթե ես ունեմ հարյուր ստրուկ, բայց ես էլ մտնում եմ մեկ ուրիշի ունեցած 10 ստրուկների մեջ, իմ ստրուկի կարգավիճակը չի փոխվում: Ազատ մարդ լինելուց լավ բան չկա: Ազատ մարդը նույնիսկ կյանքին է հեշտությամբ հրաժեշտ տալիս: Մենք տրամաբանությունից դուրս հաղթեցինք Ղարաբաղյան պատերազմում. հաղթեցինք, քանի որ ազատ էինք, մեր ազատությունը հաղթեց իրենց զենքին: Սակայն տարիներ անց այդ ազատությունը սկսեցինք սահմանափակել:

 

-Արդյո՞ք այն, որ ազատամարտիկներն Ազատության հրապարակում մի քանի ամիս է, ինչ նստացույց են անում, չի՞ նկարագրում այսօրվա Հայաստանի իրավիճակը:

-Այո, դա խայտառակություն է: Ով-ով, բայց այդ մարդիկ մեր բոլորի գլխի վրա պետք է տեղ ունենան: Այն, ինչ նրանք ուզում են, թատրոնը նրանց տալիս է իր կարեցածի չափ` ազատամարտիկի երեխաները, թոռներն ու ծոռները մեր ներկայացումներին այցելում են անվճար: Արժեքային համակարգն է փոխվել: Մենք բոլորս պարտավոր ենք նրանց համար անել ամեն ինչ, քանի որ իրենք են ստեղծել այս երկիրը. քանի՞սն են զոհվել կռվի դաշտում, քանիսի՞ ընտանիքն է մոռացված, քանի՞սը զոհվեցին պատերազմից հետո, բայց` պատերազմի հետեւանքով, քանի՞սն են թողել-գնացել երկրից. կարո՞ղ ենք այս մարդկանց աչքերին նայել. Թույլ ենք տալիս, որ նրանք ամիսներով ցույց անեն, իսկ պահանջը նրանց ինչ է` տարրական մարդային պայմաններ: Եկեք այս մարդկանց առանձնացնենք, նրանք իսկապես արժանի են դրան: Շատ տկար գաղափար է` մեզ տեր է պետք, բարերար է պետք, որ մեզ նայի. մեզ նայող է պետք: Լավ երկիրն այն է, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարողանում է ապահովել ինքն իրեն: Մյուս երկրներում ուրախանում են, երբ մեկի գործերը լավ են գնում, քանի որ մեկն էլ պետության հույսին չի մնում` մենք ամեն ինչ անում ենք, որ մարդիկ չկարողանան իրենց պահել: Պետությունն ասում է` եկեք մենք ձեզ պահենք. ես չեմ ուզում դուք ինձ պահեք, ես ուզում եմ ինձ ՀՀ քաղաքի զգալ, այս երկրի տերն ինձ զգալ: Եթե ինձ պետք է բարերար, այստեղ իմ մնալն իմաստ չունի:

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ