կարևոր
2575 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-02 09:50
Քաղաքական

Փաշինյանը թիմակիցներին ակնարկել է՝ Հռոմի ստատուտի գործընթացը միառժամանակ կասեցնեն. «Ժողովուրդ»

Փաշինյանը թիմակիցներին ակնարկել է՝ Հռոմի ստատուտի գործընթացը միառժամանակ կասեցնեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտը իսկական գլխացավանք է դարձել հայրենի իշխանությունների համար:
ՔՊ-ականներն այդպես էլ չեն կողմնորոշվում՝ վավերացնեն կոնվենցիան՝ կնեղացնեն Ռուսաստանի Դաշնությանը, չվավերացնեն այն, կհիասթափեցնեն Արեւմուտքին:

Հիշեցնենք, որ դեռեւս մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը, եւ Հայաստանի կառավարությունը կարող է շարունակել համաձայնագրի վավերացման գործընթացը։
Խնդիրը հետեւյալն է. Հռոմի ստատուտի կարգավորումների համաձայն` միջազգային քրեական դատարանով քրեական պատասխանատվության ենթարկված անձանց նկատմամբ չի կարող կիրառվել համաներում կամ ներում, իսկ Հաագայի դատարանի կողմից մարտի 17-ին ՌԴ նախագահին ձերբակալելու օրդեր էր իջեցվել:

Ստացվում է՝ Հռոմի ստատուտին միանալով՝ ՀՀ-ն պարտավորվում է կատարել նաեւ Հաագայի դատարանի այս որոշումը եւ Հայաստան մտնելուն պես ձերբակալել Պուտինին:
ՍԴ-ում մարտի 24-ին վավերացվելուց հետո փաստաթուղթը հիմա կառավարությունում է. այն եռամսյա ժամկետում պետք է ուղարկվեր խորհրդարան՝ վերջնական հաստատման:

ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովն է վավերացնում միջազգային պայմանագրերը, այսինքն՝ առանց խորհրդարանի հաստատման Հռոմի ստատուտը չի կարող ուժի մեջ մտնել։ Փաստաթուղթը պետք է ԱԺ գար եռամսյա ժամկետում. երեք ամիսն անցել է, ԱԺ նիստերը մեկնարկում են հաջորդ շաբաթ, այսինքն՝ հաջորդ շաբաթ վերջնաժամկետն է, եւ պարզ կլինի՝ ինչ որոշում է կառավարությունը կայացրել Հռոմի ստատուտի վերաբերյալ:

Իրավաբան մասնագետները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պարզաբանեցին, որ գործադիրը կարող է եւ չուղարկել այն ԱԺ, ինչը կնշանակի, որ այս պահին պատեհ չի համարում փաստաթուղթը վավերականացնելը:
Ընդգծենք, որ կառավարությունից ԱԺ ուղարկելու ժամկետը հաջորդ շաբաթ արդեն լրանում է, իսկ ՔՊ-ականները չգիտեն՝ ինչպես վարվել դրա հետ. մի մասը կարծում է, որ պետք է սառեցնել գործընթացը, չուղարկել ԱԺ, քանի որ կարծում են՝ առանց այն էլ այս գերլարված իրավիճակում պետք չէ լարել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը պաշտոնապես արդեն հայտարարել է, որ բացասական է գնահատում Հայաստանի՝ այդ փաստաթղթին միանալը:

ՔՊ-ականների մյուս մասն էլ կարծում է, որ դա կարող է միջազգային հարթակում օգնել Հայաստանին՝ ընդդեմ Ադրբեջանի, բայց՝ այն պարագայում, երբ անգամ ՄԻԵԴ-ի վճռին չենթարկվեց Ադրբեջանը, ու պարզ չէ, թե այս փաստաթուղթը ինչ կարող է տալ Հայաստանին եւ Արցախին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Փաշինյանն էլ իր թիմակիցների հետ զրույցում ակնարկել է, որ միառժամանակ սառեցնեն գործընթացը, որպեսզի անտեղի Ռուսաստանին չլարեն իրենց դեմ:
Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ գործադիրում վերջնական որոշում չկա Հռոմի ստատուտի մասով. չեն բառացում նաեւ, որ ԱԺ չհասնի այն:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում