Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը 2023 թվականի մարտի 24-ին, քննելով 1998 թ. հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության/հայտնի է, որպես՝ ստատուտ/ և Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու Սահմանադրությանը համապատասխանության հարցը, ՍԴՈ-1680 որոշմամբ որոշել է, որ դրանցում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
Ե՞րբ է Հայաստանը ստորագրել Հռոմի կանոնադրությունը
Հռոմի կանոնադրությունը Հայաստանի Հանրապետությունը ստորագրել էր 1999 թ. հոկտեմբերի 1-ին։
Ինչո՞ւ մինչ այս Հայաստանը չէր վավերացրել
Հայաստանի Սահմանադրական դատարանի՝ 2004 թ. օգոստոսի 13-ի ՍԴՈ-502 որոշմամբ, Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը կասեցվեց՝ հաշվի առնելով, որ ըստ Սահմանադրական դատարանի Հռոմի Կանոնադրությունից բխող մի շարք պարտավորությունները չէին համապատասխանում ՀՀ Սահմանադրության պահանջներին:
Ե՞րբ ՀՀ կառավարությունը վերսկսեց վավերացման գործընթացը
ՀՀ կառավարությունը, 2022թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ, հավանություն էր տվել Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն՝ 2021 թ. մայիսի 10-ից ի վեր ճանաչելուն և դրանց Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով 2023թ. հունվարի 3-ին դիմել էր Սահմանադրական դատարան:
2023 թվականի մարտի 27-ին ամբողջությամբ հրապարակվեց ՍԴՈ-1680 որոշումը:
Ո՞ր հոդվածն է առանձնացրել և հնարավոր է՝ առավել կարևորել ՀՀ Սահմանադրական դատարանը
Հայաստանի ՍԴ որոշման մեջ Հռոմի կանոնադրության 128 հոդվածներից առանձնացվել էին ի թիվս այլի հենց 59-րդ հոդվածում ամրագրված անձի կալանավորման վերաբերյալ դրույթները մասնավորապես.
«է) անձի նախնական կալանավորման կամ կալանավորման Միջազգային քրեական դատարանին փոխանցման պահանջն ստանալուց հետո անհապաղ միջոցներ ձեռնարկել նշված անձին Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Կանոնադրության 9-րդ մասի դրույթներին համապատասխան կալանավորելու համար, նրան անհապաղ ներկայացնել Հայաստանի Հանրապետության իրավասու դատական մարմնին, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ պարզում է, թե արդյոք՝
- կալանավորման մասին որոշումը տրված է այդ անձի վերաբերյալ,
- այդ անձը կալանավորվել է պատշաճ ընթացակարգին համապատասխան,
- պահպանվել են այդ անձի իրավունքները (հոդված 59, մասեր 1 և 2).» :
Այլ կերպ ասած Միջազգային քրեական դատարանի կողմից ցանկացած անձի նախնական կալանավորման կամ կալանավորման որոշումը ստանալուն պես Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է պարտավորություն այն կատարելու, պարզապես ապահովելով անձի իրավունքները և ընթացակարգային դրույթները:
Սահմանադրական դատարանի որոշման մեջ Հռոմի կանոնադրության մեկ այլ դրույթ ևս հիշատակվել է, մասնավորապես. «անձին Միջազգային քրեական դատարանին փոխանցելու մասին իր որոշումը կայացնելուց հետո անհապաղ նրան տեղափոխել Միջազգային քրեական դատարան (հոդված 59, մաս 7)»:
Արդյո՞ք հոդվածը վերաբերելի է Ադրբեջանի նախագահին
Տպավորություն կարող է առաջանալ, որ Հռոմի կանոնադրությունը վավերացնելով՝ Հայաստանի Հանրապետությունը կարող է նախաձեռնել, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում կատարված հանցանքների համար պատասխանատվության մեխանիզմ, սակայն դա հնարավոր չէ, քանի որ հետադարձությունը տրվում է 2021 թվականի մայիսի 10-ից:
Ադրբեջանը վավերացրե՞լ է Հռոմի կանոնադրությունը
Իրականում Ադրբեջանը չի վավերացրել Հռոմի կանոնադրությունը, իսկ Միջազգային քրեական դատարանը ունենալով բոլոր հիմքերը, փաստերը և իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցները, այդ թվում 2021 թվականի մայիսից Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամաբողջականության խախտման, ագրեսիայի վերաբերյալ որևէ իրավական գործընթաց չի նախաձեռնել, իսկ նախաձեռնելու համար անհրաժեշտ չէր որպեսզի Հայաստանը վավերացներ Հռոմի կանոնադրությունը: Վավերացնելով իրավմամբ հավելյալ իրավական գործիք է տրամադրվում այդ հարցի վերաբերյալ դիմում-գանդատ ներկայացնելու մասով։ Սակայն կրկին պետք է նշել, որ հենց ստեղծված իրավիճակում առանց այդ գործիքի իրացման, Միջազգային քրեական դատարանի համապատասխան պալատի կողմից այն կարող էր նախաձեռնվել սակայն այն տեղի չի ունեցել: Նշվածի հավաստումն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Ուկրաինան չեն հանդիսանում Հռոմի կանոնադրությունը վավերացրած պետություններ, սակայն Ռուսաստանի Դաշնության նախագահի նկատմամբ Միջազգային քրեական դատարանը կալանավորման որոշում է կայացվել 2023 թվականի մարտի 17-ին:
Հայաստանը պարտավո՞ր է կատարել միջազգային քրեական դատարանի պահանջները
Միջազգային քրեական դատարանը ոչ անդամ պետությունների պահանջ-խնդրանք ներկայացնելու իրավազորությամբ օժտված չէ: Հայաստանը վավերացնելով Հռոմի կանոնադրությունը, ի թիվս այլի, պարտավորվում է որպես Կանոնադրության անդամ պետություն պահանջի դեպքում կատարել համապատասխան պարտավորություններն, այդ թվում՝ կալանավորման որոշումների մասով:
Ինչո՞ւ է Սահմանադրական դատարանը վավերացրած կանոնդարությունից առանձնացրած հրապարակել կալանք վերաբերյալ հոդվածը
Սա, կարծում ենք, այն հարցն է, որ պետք է ուղղել հենց ՀՀ Բարձր դատարանին։ Հարցը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ միջազգային դատարանի կայացրած որոշումից հետո ավելի շատ քաղաքական է, և, ըստ էության, Հայաստանի Սահմանադրական դատարանի իրավական որոշումը այժմ քաղաքական հստակ մեսիջ է պարունակում ՀՀ իշխանությունների կողմից։
Աղբյուրը՝ Yrevan.Today