կարևոր
7195 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-17 09:28
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք թմրամոլությունը կտրուկ աճել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը վիճակագրական տվյալներից տեղեկացավ, որ Հայաստանում թմրամոլության ցուցանիշները վերջին տարիներին կտրուկ աճել են: Եւ այսպես, պաշտոնական տեղեկության համաձայն՝ Հայաստանում թմրամիջոցների հետ կապված գրանցված հանցագործությունների թիվը 2016թ.-ին եղել է 1088, 2017թ.-ին՝ 1271 դեպք, 2018թ.-ին՝ 877 դեպք, 2019թ.-ին՝ 1088 դեպք, 2020թ.-ին՝ 1226 դեպք, 2021թ.-ին՝ 1544 դեպք, իսկ 2022թ.-ին՝ 2268 դեպք: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի հեղափոխական իշխանության օրոք թմրանյութերի օգտագործման առիթով գրանցված հանցագործությունների թիվը կտրուկ աճել է: Սա նկատելի է նաեւ իշխանական շատ պատգամավորների վարքագծից:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը 2017 թվականին բերման է ենթարկվել ոստիկանություն՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով: Ավելին՝ անգամ քրեական գործ է հարուցված եղել, որը 2018թ.-ին կարճվել է: Իշխող ՔՊ խմբակցության մեկ այլ պատգամավոր էլ՝ Էդուարդ Աղաջանյանը, ԱԺ-ում տարօրինակ հայտարարություն էր արել, թե այսօր որեւէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութերի չի անցնում: Ստացվում է, որ թմրանյութի հետ կապված բոլոր հարցերն ու խնդիրները պետք է փնտրել իշխանության ներսում. փաստերն են դրա մասին վկայում: Հիշեցնենք՝ երեկ էլ պարզ դարձավ, որ Իտալիայի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում ռեկորդային քանակի կոկաին են առգրավել (2.7 տոննա): Թմրանյութի փաթեթները թաքցված են եղել Էկվադորից ժամանած երկու բեռնարկղերում, որոնցով տեղափոխվում էր 78 տոննա բանան: Կոկաինը նախատեսված էր Վրաստանի Բաթումիի նավահանգստով Հայաստան ուղարկելու համար: ՊԵԿ-ը հայտարարել է, թե չգիտեն՝ ում անունով էր թմրանյութերով թաքնված բանանի բեռը Հայաստան մտնելու»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: