Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այս գումարման Ազգային ժողովում միջադեպերը շատ են ու իրավապահները դրանց ընթացք չեն տալիս», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ – «Նախկին բոլոր դեպքերում, և ոչ միայն նախկին, այլև դրան հաջորդող բոլոր դեպքերում, երբ խոսքը գնում է իշխանական պատգամավորների վարքագծի մասին, ոչ մի նման դրսևորում մենք չենք տեսել իրավապահ մարմինների կողմից։ Այս ամենը պետք է քննության առարկա դառնա»։
Ըստ պատգամավորի, այս հարցով արտախորհրդարանական ուժերն են իրենց դիմել. – «Բավականին շատ և մեծաթիվ։ Թե’ հասարակական կազմակերպություններ կան, թե’ անհատ քաղաքացիներ, փաստաբաններ, որոնք առաջարկել են և ներկայացրել են այս կամ այն պատգամավորի վարքագծի մասով»։
Օրինակ, ուզում են քննել Ազգային ժողովի նախագահի հետ կապված վերջին միջադեպը, երբ քաղաքացին հայտարարել էր, թե Ալեն Սիմոնյանը թքել է իր դեմքին, երբ ինքը նրան փողոցում անվանել էր դավաճան: Ընդդիմությունը ուզում է օրակարգ բերել նաև անցած շաբաթվա միջադեպը, երբ Ազգային ժողովի նախագահը անվտանգության աշխատակիցներ հրավիրեց դահլիճ, ու հորդորեց բռնի ուժով դուրս տանել ընդդիմադիր պատգամավորներին, երբ Թագուհի Թովմասյանը ամբիոնից չէր հեռանում` ի նշան բողոքի:
Մարդու իրավունքերի պաշտպանության հանձնաժողովում օմբուդսմենի առաջադրման նիստում իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի պահվածաքն էլ պետք է քննել, ասաց Մինասյանը։ Նա բացահայտ վիրավորում ու սպառնում էր օմբուդսմենի ընդդիմադիր թեկնածուին։
Ինչպես նաև անցած տարվա ծեծկռտուքը ԱԺ նիստերի դահլիճում, տեսախցիկների առջև, երբ իշխանական Վահագն Ալեքսանյանը ոտքով հարվածեց Վահե Հակոբյանին ու անպատիժ մնաց, ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։
Արծվիկ Մինասյանը իշխանութանը մեղադրում է երկակի ստանդարտների համար։ Իրենց թիմակից Մհեր Սահակյանին ձերբակալեցին, անձեռնմխելիությունից զրկեցին իշխանական Վլադիմիր Վարդանյանին հարվածելու համար։ Այսօր արդեն դատախազությունը գործն ուղարկել է դատարան, իսկ իշխանականների մասով լռություն է. – «Ես շատ կուզենայի, որ իշխանական պատգամավորների վարքագծերի վերաբերյալ էլ նման իրավական գործընթաց իրականացվեր, այլ ոչ թե երկակի ստանդարտներ կիրառվեր»։
Քննիչ հանձնաժողովի ստեղծելու համար ընդդիմության պատգամավորների ձայները բավարար են, բայց կազմը հաստատելու համար անհրաժեշտ է խորհրդարանի որոշումը, որ մեծամասնությամբ պետք է ընդունվի։ Այսինքն՝ եթե իշխանությունը հավանություն չտա, այս նախաձեռնությունը կտապալվի։
Մինասյանի մեկնաբանմամբ, քննիչ հանձնաժողովը կարևոր է նաև այն առումով, որ պատգամավորի վարքականոնի պատասխանատու ինստիտուտ ձևավորվի խորհրդարանում։
Գայանե Սարիբեկյան