կարևոր
3694 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-21 21:37
Աշխարհ

Ռումինիան Ուկրաինայից հացահատիկի ներկրման արգելք չի սահմանի

Ռումինիան Ուկրաինայից հացահատիկի ներկրման արգելք չի սահմանի

Ի տարբերություն ԵՄ մյուս արեւելաեվրոպական պետությունների՝ Ռումինիան չի սահմանի Ուկրաինայից հացահատիկի եւ այլ սննդամթերքի ներմուծման արգելքը։ Այս մասին ապրիլի 21-ին հայտարարել է Ռումինիայի գյուղատնտեսության նախարար Պետրե Դայան իր ուկրաինացի գործընկեր Նիկոլայ Սոլսկու հետ հանդիպումից հետո, փոխանցում է Mediafax գործակալությունը։

Դայան նշել է, որ Բուխարեստում վախենում են իրավիճակի վատթարացումից, քանի որ Արեւելյան Եվրոպայի մի քանի այլ երկրներ ժամանակավորապես փակել են իրենց սահմանները ուկրաինական հացահատիկ ներմուծելու համար: Նման քայլի են դիմել Լեհաստանը, Հունգարիան, Սլովակիան եւ Բուլղարիան՝ դա բացատրելով նրանով, որ իրենց ներքին շուկաները տուժում են ուկրաինական էժանագին արտադրանքի պատճառով, որի համար 2022 թվականի հունիսից չեղարկվել են հակադեմփինգային տուրքերը։ 

Բրատիսլավան իր միջոցները հիմնավորել է նաեւ նրանով, որ ուկրաինական հացահատիկի որոշ նմուշներում պեստիցիդների պարունակությունը գերազանցում է Եվրամիության չափանիշները: Ռումինիայի գյուղատնտեսության նախարարի խոսքով՝ Բուխարեստը լուրջ է վերաբերվել Սլովակիայից ստացված վերլուծությունների արդյունքներին:

Անցած տարվա ընթացքում Արեւելյան Եվրոպայով ուկրաինական հացահատիկի արտահանման համար տարանցիկ երթուղիների նշանակությունը զգալիորեն աճել է, քանի որ ռուսական շրջափակման պատճառով Սեւ ծովով նավերով նախկին փոխադրումները կարող են օգտագործվել միայն սահմանափակ։