Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ովքե՞ր են օրինագծի հեղինակները
2022 թ. հունիսի 28-ին իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության (հետայսու՝ «Վրացական երազանք») գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն հայտարարեց, որ իշխող կուսակցության երեք պատգամավորներ՝ Սոզար Սուբարին, Դմիտրի Խունդաձեն և Միխեյիլ Ղավելաշվիլին լքում են «Վրացական երազանք» կուսակցությունն ու խորհրդարանական խմբակցությունը և կշարունակեն իրենց գործունեությունը որպես անկախ պատգամավորներ։ Իշխող կուսակցությունից դուրս գալու պատճառը պատգամավորները հիմնավորել են քաղաքական իրադարձությունների մասին կուլիսներից ավելի շատ տեղեկատվություն տարածելու անհրաժեշտությամբ, ինչը հնարավորություն կտար ճշգրիտ եզրահանգումներ կատարելու հասարակությանը։ Պատգամավորների կարծիքով՝ դա չէին կարող անել, եթե գտնվեին «Վրացական երազանքի» հովանու ներքո, և թիմի ներսում որոշակի անհարմարություններ չստեղծելու համար անհրաժեշտ էր պատգամավորական ազատ մանդատ։ Մեկ ամիս անց՝ հուլիսի 28-ին, նույն պատճառաբանությամբ «Վրացական երազանքից» անջատվեց և նշված եռյակին միացավ նաև պատգամավոր Գուրամ Մաճարաշվիլին։ Ձևավորված քառյակը 2022 թ. օգոստոսի 2-ին հայտարարեց «Ժողովրդի ուժ» շարժումը հիմնելու մասին։ Ինչպես նշվում է հայտարարության մեջ, նրանց նպատակն էր հասարակությանը ճշմարտությամբ զինելը՝ Վրաստանի ազգային շահերը պաշտպանելու համար։
Օրինագծի բովանդակությունը և ներկայացումը խորհրդարանին
Հիմնադրման օրվանից Արևմուտքին քննադատած, վերջինիս բազմաթիվ սուր հարցադրումներ ներկայացրած և Վրաստանի պետական շահերից բխող հայտարարություններով ու նախաձեռնություններով հանդես եկած նորաստեղծ շարժումը 2023 թ. փետրվարին շրջանառության մեջ դրեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի շատ կարևոր նախագիծը: Հեղինակներն առաջարկում էին օտարերկրյա ազդեցության թափանցիկությունն ապահովելու նպատակով ստեղծել օտարերկրյա ազդեցության գործակալների ռեգիստր, որտեղ կգրանցվեին շահույթ չհետապնդող բոլոր իրավաբանական անձինք և լրատվամիջոցները, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորվում է օտարերկրյա ուժերի կողմից։
«Ժողովրդի ուժ» շարժման առաջնորդների խոսքով՝ իրենք կարծում են, որ, հրապարակայնության և թափանցիկության սկզբունքներից ելնելով, հանրությանը պետք է հայտնի լինեն ոչ միայն պետության մեջ որոշումներ կայացնող քաղաքական գործիչների, այլև հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների եկամտի աղբյուրները, քանի որ նրանք ազդում են հասարակական որոշումների վրա և մասնակցում հանրային կարծիքի ձևավորմանը: Փետրվարի 14-ին նրանց տարածած հայտարարության համաձայն՝ առաջարկված օրենքով արտաքին ազդեցության թափանցիկությունն ապահովելու համար կստեղծվի արտաքին ազդեցության գործակալների ռեեստր, որտեղ կգրանցվեն բոլոր այն ոչ ձեռնարկատիրական իրավաբանական անձինք և լրատվամիջոցները, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը կազմում է արտաքին ուժերի ֆինանսավորումը: Վերոնշյալ սուբյեկտներին որպես օտարերկրյա ազդեցության գործակալ գրանցելու հարցը պետք է ապահովեր Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը, իսկ գրանցումից խուսափող անձանց համար նախատեսված էին համապատասխան վարչական տույժեր։ Միևնույն ժամանակ, տույժի վճարումը սուբյեկտին չէր ազատում որպես օտարերկրյա ազդեցության գործակալ գրանցվելու պարտականությունից։
Իշխող ուժը սկզբից ևեթ պաշտպանեց օրենսդրական նախաձեռնությունը: «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն փետրվարի 20-ին հայտարարեց, որ ընդհանուր սկզբունքների շուրջ կա համաձայնություն՝ հավելելով, որ օրինագիծը նախատեսում է ընդամենը տասնօրյա ժամկետում գրանցվելու պարտավորություն. «Եթե որևէ կազմակերպության արտաքին ֆինանսավորումը գերազանցում է 20 տոկոսը, ապա այն ռեգիստրում գրանցվելու համար ունի 10 օր։ Իսկ հետո մեկ տարվա ընթացքում պետք է հայտարարագիր ներկայացնի իր եկամուտների ու ծախսերի մասին։ Այս թափանցիկությունից բացի այլ բան չի դիտարկում։ Ուստի, անհնար է փաստարկել, թե ինչու կարելի է մերժել այս սկզբունքը»:
Մեկ օր անց՝ փետրվարի 21-ին, իշխող «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վրացական օրենքի նախագիծը լիովին համապատասխանում է մարդու իրավունքների չափանիշներին, ի տարբերություն արտերկրում ընդունված օրենքների։ Ի. Կոբախիձեն նկատի ուներ ԱՄՆ-ում և ՌԴ-ում ընդունված համանման օրենքները։
Ի դեպ, օրենքի նախագծում օգտագործված տերմինաբանությունը՝ «օտար ազդեցության գործակալ», այլ ոչ՝ «օտարերկրյա գործակալ», ինչպես օրենքի օտարերկրյա նմանօրինակներում է, ևս պատահական չի ընտրվել։ «Արտասահմանյան գործակալ» տերմինի օգտագործումը, հեղինակների կարծիքով, խարանման վտանգ է պարունակում։ Օրենքի ընդունման դեպքում՝ «օտարերկրյա ազդեցության գործակալ» ճանաչվելուց հրաժարվելու կամ ֆինանսական հայտարարագիր չներկայացնելու համար տուգանքը կկազմեր 25 հազար լարի (մոտ 9,5 հազար դոլար), իսկ հայտարարագրում առկա թերությունները շտկելուց հրաժարվելը` 10 հազար լարի (մոտ. 3,8 հազար դոլար), կրկնակի մերժումը կենթադրեր 20 հազար լարի (մոտ 7,6 հազար դոլար) տուգանք։
Փոթորիկ՝ մեկ բաժակ ջրում
Ինչպես և սպասելի էր՝ նախագիծն արժանացավ արտերկրից սնվող հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ու Արևմուտքի հզոր քարոզչական ազդեցության թիրախում եղած հասարակական զանգվածների հուժկու դիմադրությանը: Ամենևին ոչ պատահականորեն հայտարարվեց, որ այն, իբր, ՌԴ-ում 2012-ից գործող «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի կրկնությունն է: Դրա հետևանքով այն պիտակավորվեց որպես «ռուսական օրենք» և, իբրև «սև սատանա», հրամցվեց տարիներով հակառուսական քարոզչության զոհը դարձած Վրաստանի հասարակական տարբեր շերտերին, հատկապես՝ երիտասարդությանը:
Փետրվարի 23-ին տարածվեց 260 ՀԿ-ների և լրատվամիջոցների համատեղ հայտարարությունը, որով վերջիններս աղաղակում էին, թե իբր, օրենքը նպատակ ունի խոչընդոտելու սոցիալապես անապահով ընտանիքներին, ֆերմերներին, հանքափորներին, ապօրինի աշխատանքից ազատվածներին, տեղահանվածներին, անօթևաններին, ազատազրկվածներին, բարձրլեռնային և այլ շրջաններում ապրող մարդկանց ու այլ քաղաքացիներին աջակցելուն։
Փետրվարի 27-ին գրեթե նմանատիպ բովանդակությամբ հայտարարությամբ հանդես եկավ նաև Վրաստանում ՄԱԿ-ի գրասենյակը։ Բացի Վրաստանի ընդդիմադիր շրջանակներից՝ օրինագիծը սուր քննադատության արժանացավ Վրաստանի նախագահի, ԱՄՆ պետքարտուղարության, Եվրամիության, Եվրախորհրդի կողմից:
Կտրուկ դեմ արտահայտվելով օրենքին՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ըստ էության, չի մտել բովանդակային քննարկման դաշտ և դիրքորոշում չի հայտնել այս կամ այն հոդվածի առնչությամբ, նա հայտարարել է՝ ամեն դեպքում վետո է դնելու, քանի որ օրենքը, ըստ նրա, Վրաստանին Եվրոպայից օտարելու համար է։ Վրաստանի խորհրդարանի ղեկավար Շալվա Պապուաշվիլին Վրաստանի նախագահի այդ քայլը համարել է ժողովրդավարական քննարկումների վրա տաբու դնելու փորձ և վտանգավոր ազդանշան։ Խորհրդարանի խոսնակն իր հակադարձումներում ուշագրավ վիճակագրություն է ներկայացրել: Պարզվում է՝ Վրաստանում բոլոր կուսակցությունների բյուջեները միասին վերցրած ավելի փոքր է, քան միայն չորս ՀԿ-ներինը։ Օրինակ՝ 2022 թվականին կուսակցությունները պետբյուջեից ստացել են 12 մլն լարի, և ևս 750 հազար լարի՝ որպես նվիրատվություն։
Քայլ, որն ամեն ինչ դուրս բերեց ջրի երես
Վրաստանի նախագահի, ընդդիմադիր շրջանակների, Արևմուտքից սնվող կազմակերպությունների, Արևմտյան կառույցների ու դրանց կողմից Վրաստանում թիրախավորված հասարակական շրջանակների (հատկապես՝ երիտասարդության) կողմից օրինագծի խեղաթյուրման, այն իբրև ռուսական օրենք որակելու և դրա ընդունմանը դեմ դուրս գալու պայմաններում օրինագծի հեղինակները կատարեցին շախմատային հաջողված քայլ՝ հրապարակի վրա դնելով նշված ոլորտը կարգավորող երկրորդ օրինագիծը: Փետրվարի 27-ին Վրաստանի խորհրդարանի կողմից գրանցված «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» նոր և այլընտրանքային օրինագիծն ամերիկյան համանման օրենքի պատճենն էր։ «Մենք գրանցել ենք սա [«Օտարերկրյա գործակալների գրանցման ակտ» (Foreign Agent’s Registration Act (FARA))] ամերիկյան օրենքի պատճենը – աղբյուրի խմբ.), որպեսզի հանրությունը հնարավորություն ունենա տեսողականորեն համեմատել այս երկու օրինագծերը հանձնաժողովի լսումների ժամանակ և տեսնել, թե որքան լավ է մեր կողմից ներկայացված սկզբնական տարբերակը», – հայտարարել է պատգամավոր, «Ժողովրդի ուժի» անդամ Էկա Սեպաշվիլին:
Իրապես, օրինագծի սույն՝ ամերիկյան տարբերակն ուներ անհամեմատ խիստ պահանջներ: Օրինակ, այն իրավաբանական անձանց հետ մեկտեղ օտարերկրյա գործակալ է համարում նաև ֆիզիկական անձանց կամ ֆիզիկական անձանց ցանկացած այլ միավորում: «Սպուտնիկ Վրաստան» լրատվամիջոցի ներկայացրած աղյուսակում երկու օրինագծերի միջև առկա են մի քանի հիմնական տարբերություններ, որոնք ի ցույց են դնում օրինագծի հեղինակների (այդ թվում՝ Վրաստանի իշխանությունների) փաստարկված, արդարացի մոտեցումներն ու ընդդիմախոսների տարածած ողջ կեղծիքը.
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարեց, որ կաջակցի օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի երկու տարբերակներին էլ: Իսկ քննադատները հետայդու հայտարարեցին (ավելի ճիշտ կլինի ասել՝ Արևմուտքը որոշեց), որ Վրաստանին նման օրենքներ ընդհանրապես պետք չեն, և այս ամենը միայն կվտանգի երկրի եվրաինտեգրմանը։ Իսկ թե ինչու՞ կամ ինչպե՞ս կվտանգեր՝ չկար այդ մասին որևէ պատճառ կամ հոդաբաշխ հիմնավորում: Այդպիսի հիմնազուրկ տեսակետ-պահանջի ցայտուն օրինակ է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի հայտարարությունը, ըստ որի՝ Վրաստանին պետք չէ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ոչ մի տարբերակ, որն առաջարկել է «Ժողովրդի ուժը». «Ակնհայտ է, որ Վրաստանին պետք չէ այդ օրենքը, նույնիսկ այս տարբերակը (ամերիկյան FARA-ի նմանօրինակը)»,- լրագրողներին ասել է դեսպանը:
Հետաքրքիր է, որ «Ժողովրդի ուժ» շարժման առաջնորդներից և նշված օրինագծերի հեղինակներից է «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրող, «Վարդերի հեղափոխության» ակտիվ մասնակից, Սահակաշվիլու իշխանության տարիներին որպես Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան պաշտոնավարած Սոզար Սուբարին, որը հենց այդ տարիներից էլ աչքի է ընկել իբրև լուսավոր, առաջադեմ, Վրաստանում ապրող քարթվելական և ոչ քարթվելական ժողովուրդների ազգային, լեզվական ու կրոնական ավանդույթները հարգող անձնավորություն. հենց այդ պատճառով էլ հաճախ հակադրվել է Սահակաշվիլու բռնատիրական ու ծայրահեղ արևմտաթուրքամետ իշխանությանը:
Իրականում՝ Արևմուտքը լավ է հասկացել, որ Վրաստանը, շնորհիվ ներկայիս ղեկավարության հավասարակշռված և պետականամետ քաղաքականության, դանդաղ, բայց հաստատուն կերպով վերականգնում է երկրի ինքնուրույնությունն ու դադարում է լինել արևմտաթուրքական վասալ, ինչ որ էր Սահակաշվիլու օրոք: Հենց այդ հանգամանքն է, որ լրջորեն սկսել է անհանգստացնել արևմտյան ճամբարին:
Օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունում, Արևմուտքի ողջ զինանոցի մոբիլիզացիա
Հրապարակի վրա դրվեց և խորհրդարանում քննարկման ներկայացվեց երկու նախագիծ՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»: Հեղինակները՝ «Ժողովրդի ուժ» շարժումը, ինչպես նաև իշխող «Վրացական երազանքը», բազմիցս հայտարարել են, որ երկրորդ տարբերակը՝ ամերիկյան օրենքի (FARA) պատճենը, ի տարբերություն մարդու իրավունքների չափանիշներին լիովին համապատասխանող «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» առաջին օրինագծի, չափազանց խիստ է, և Վրաստանում նման օրենքի ընդունումը սխալ կլինի։
Օրենքի քննարկումը խորհրդարանի հանձնաժողովներում ուղեկցվեց ընդդիմադիր խմբակցությունների («Եվրոպական Վրաստան», «Ռազմավարություն՝ Աղմաշենեբելի», «Հանրապետական», «Միացյալ ազգային շարժում» և այլ կուսակցություններ ու ուժեր) պատգամավորների հետ բուռն առճակատումներով և բողոքի զանգվածային գործողություններով (դրսում ակտիվ էին Վրաստանում կանեփի օրինականացման համար պայքարող «Գիրչի-Ավելի շատ ազատություն» կուսակցության անդամները՝ ղեկավար Զուրաբ Ջափարիձեի գլխավորությամբ և այլք): Պատկան հանձնաժողովներում դրական եզրակացություն ստանալուց հետո օրինագծերը մարտի 7-ին մտցվեցին խորհրդարանի լիագումար նիստ: Քննարկումն առավել շիկացավ «Ռազմավարություն Աղմաշենեբելի» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Գեորգի Վաշաձեի ելույթի ժամանակ, որին հաջորդեց քաշքշուկը: Մեկնաբանելով ստեղծված ճգնաժամը, փաստելով, որ օրինագծերից մեկը թարգմանվել է ամերիկյան օրենքից, որը 1930-ական թթ. գործում է ԱՄՆ-ում, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է. «Չեմ կարծում, որ որևէ մեկը ցանկություն ունի դատապարտելու, թե ինչու է Ամերիկայում գործում նման օրենք: Համանման օրենք գործում է նաև այլ երկրներում: Սա յուրաքանչյուր երկրի ինքնիշխան որոշումն է… Մենք, մեր իշխանություններն ամեն ինչ անում ենք մեր երկրի ինքնիշխանությունն ամրապնդելու համար: Մեր գլխավոր խնդիրը մեր երկրի անկախությունն է»:
Մարտի 7-ի ուշ երեկոյան, բազմահազար ցուցարարների վանկարկումների ներքո Վրաստանի խորհրդարանը 76 կողմ, 13 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց նախագծերից վրացական տարբերակը՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը: Հայտարարվեց, որ մոտ ժամանակներս խորհրդարանը կքննարկի նաև օրենքի ամերիկյան տարբերակը։ Իշխող «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն քվեարկությունից հետո հայտարարեց, որ մոտ ապագայում օրինագծերի քննարկումը կդադարեցվի, քանի որ հեղինակները կսպասեն Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը։ Ըստ Մ. Մդինարաձեի՝ խորհրդարանը հավանաբար դրանց քննարկմանը պիտի վերադառնար այս տարվա հունիսին։
Օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունմանը հաջորդեցին ինչպես զանգվածային անկարգությունները երկրի մայրաքաղաքում, այնպես էլ արևմտյան ճամբարի երկրների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հուժկու քննադատությունները: Վերջիններս այն աստիճան սուր էին և բազմաթիվ, որ, կարելի է ասել, Վրաստանի իշխանություններն ուղիղ կպել էին Արևմուտքի բաց նյարդին:
Մարտի 7-ի երեկոյան և լույս 8-ի գիշերը խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած զանգվածային ցույցը վերածվեց ոստիկանների հետ առճակատման: Ցուցարարները Մոլոտովի կոկտեյլներ նետեցին հատուկ ջոկատայինների վրա։ Ոստիկանությունը պատասխանեց արցունքաբեր գազով և ջրցան մեքենաներով: ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն արագորեն իրենց պաշտպանության տակ վերցրեց ցուցարարներին՝ հայտարարելով, որ Վրաստանում բողոքի ցույցերը ճնշելու համար պատասխանատուները կարող են ենթարկվել ԱՄՆ պատժամիջոցների, իսկ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումը կարող է վտանգել Վաշինգտոնի և Թբիլիսիի գործընկերությունը։ Կրկին դատապարտելով օրինագծի ընդունումը՝ մարտի 7-ին Նյու Յորքից ցուցարարներին պաշտպանող հայտարարությամբ հանդես եկավ նաև Վրաստանի նախագահ Ս. Զուրաբիշվիլին: Նա կրկին վերահաստատեց, որ օրենքի վրա վետո է դնելու: Օրինագծի ընդունումը դատապարտեց ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ հայտարարելով, որ նախագիծը հակասում է ԵՄ-ին անդամակցելու երկրի նպատակին: Նախագիծը խստորեն անհանգստացրել էր նաև Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին, ով հայտարարել էր, որ անհանգստացած է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններով, իսկ օրենքի ընդունումը համահունչ չէ ԵՄ անդամակցության ձգտումներին, իսկ Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը մարտի 7-ը հայտարարել է «սև օր» Վրաստանի ժողովրդավարության համար:
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Եվրամիության դիրքորոշումն էր արտահայտված Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերի հայտարարության մեջ, ըստ որի՝ դրա ընդունումն անհամատեղելի է դեպի Եվրամիություն Վրաստանի ձգտումների և Եվրամիության նորմերի ու արժեքների հետ: Արևմուտքի համար պահն այնքան էր կարևոր, որ մարտի 7-ին Թբիլիսի է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Թոդ Ռոբինսոնը՝ հայտարարելով, թե իբր այս օրենքը բխում է ոչ թե Վրաստանի, այլ Ռուսաստանի շահերից։ Ի դեպ, դիպուկ է արտահայտվել Վրաստանի իշխող ուժի նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ մարտի 8-ի առավոտյան հատուկ հայտարարությամբ անդրադառնալով ստեղծված իրավիճակին. «Այս ամենը ոչ մի ընդհանուր բան չունի Եվրոպայի և եվրոպական արժեքների հետ։ Եթե մենք չպաշտպանենք մեր պետությունը լրտեսական ծրագրերից, մենք ոչ միայն չենք անդամակցի ԵՄ-ին, այլև կկորցնենք մեր ինքնիշխանությունը»:
Ուշագրավ է, որ Ի. Կոբախիձեն իրերը կոչել է իրենց անուններով, այն է՝ 2003 թ. տեղի է ունեցել ոչ թե «Վարդերի հեղափոխություն», այլ «Լրտեսների հեղափոխություն». «2003 թ. Վրաստանում տեղի ունեցավ լրտեսների հեղափոխություն, որը Վրաստան բերեց 9 հակաեվրոպական տարիներ՝ մարդկանց խոշտանգումներ, բիզնեսի ռեկետ, լրատվամիջոցների առևանգում և վրացական տարածքների 20 տոկոսի կորուստ։ Հետո լրտեսները կարողացան շահարկել հանրության անկեղծ զգացմունքները և ստիպեցին նրանց սկզբունքորեն սխալվել: Այսօր վրացական հասարակությունը բավականաչափ հասունացել է, որպեսզի թույլ չտա նույն լրտեսների կողմից նոր հեղափոխություն և վերադարձ դեպի անցյալ»։
Մարտի 8-ին, նույն օրը ժամը 15:00-ին վերսկսված և շուրջ 16 ժամ շարունակված հանրահավաքի և Արևմուտքի ուժգին դիմադրության պայմաններում Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին նամակ հղեց Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահին՝ խնդրելով կարծիք պատրաստել Վրաստանի խորհրդարան ներկայացված երկու օրինագծերի վերաբերյալ: Դրան ի պատասխան՝ հանրահավաքն առաջնորդող ընդդիմության ներկայացուցիչները («Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձե և այլք) վերջնագրի տեսքով երկու պահանջ ներկայացրին իշխանություններին՝ հետ վերցնել օրինագիծը խորհրդարանից և ազատ արձակել ձերբակալվածներին: Չստանալով պատասխան՝ ցուցարարներն առավել սրեցին իրադրությունը՝ զանգվածային անկարգություններով, պետական գույքը վնասելով, ոստիկանական ու այլ մեքենաներ շրջելով և ջարդուփշուր անելով, կանգառների տաղավարները կոտրելով և ոստիկանների հետ ուղիղ առճակատման պայմաններում գրոհելով խորհրդարանի շենքի վրա: Ցուցարարները որոշել էին շրջափակելով շենքը՝ թույլ չտալ, որպեսզի խորհրդարանի նիստը մարտի 9-ին տեղի ունենա : Մարտի 8-ի լույս 9-ի գիշերը տարածվեց նաև Վրաստանի Պատրիարքարանի հայտարարությունը:
Հետաքրքրական է, որ պետության և հասարակության որոշումների վրա խոշոր ազդեցություն ունեցող այդ ինստիտուտն այս անգամ որևէ հստակ դիրքորոշում չէր հայտնել օրինագծերի վերաբերյալ, չէր պաշտպանել կամ դատապարտել կողմերից որևէ մեկին՝ միայն հայտնելով, որ եկեղեցին աղոթում է խաղաղության համար, և որ բևեռացված արմատական հայտարարությունները խաղաղությունը խախտելու փորձեր են:
Թեժ գործընթացի ավարտական փուլը
Մարտի 9-ի առավոտյան տարածվեց «Վրացական երազանքի», «Ժողովրդի ուժի» և խորհրդարանական մեծամասնության համատեղ հայտարարությունը, ըստ որի՝ առաջին ընթերցմամբ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը առանց վերապահումների հետ էր կանչվում: «Մենք տեսնում ենք, որ ընդունված օրենքի նախագիծը հասարակության մեջ կարծիքների տարաձայնություններ է առաջացրել։ Ստի մեքենան կարողացավ օրինագիծը ներկայացնել բացասական լույսի ներքո և մոլորության մեջ գցել հանրության որոշակի հատվածին։ Օրենքի նախագծին փակցվել է «ռուսական օրենք» կեղծ պիտակը, որի առաջին ընթերցմամբ ընդունումը հանրության մի մասի աչքում ներկայացվել է որպես շեղում եվրոպական կուրսից։ Բացի այդ, արմատական ուժերը կարողացել են երիտասարդության մի մասին ներքաշել անօրինական գործողությունների մեջ»,- նշված էր հայտարարության մեջ։
Արևմուտքը չնայած ողջունեց այդ քայլը, սակայն Վրաստանի իշխանությունների հաշվարկված գործողություների և շախմատային վերջին հաջողված քայլի՝ օրինագիծը հանկարծակի հետ կանչելու արդյունքում բոլորի համար այլևս պարզորոշ էր մեկ բան. Արևմուտքի իրական մտահոգությունը ոչ թե այդ օրինագիծն էր, այլ Վրաստանի դանդաղ, բայց հաստատուն կերպով դուրս գալը վասալական կարգավիճակից և պետական ինքնուրույնության վերականգնումը: Վրաստանի իշխանությունների հետկանչի այս քայլով երկրում լայնածավալ իշխանափոխության պատրաստվող արևմտյան գործակալական ցանցը հանկարծակիի եկավ. ձեռքից բաց թողնվեց այդ «հրաշալի» առիթը, և, չնայած անխնա փորձերին, դրանից հետո դժվար էր զանգվածային անկարգություններ հրահրելու և երկիրը նոր ցնցումների տանելու պատճառներ գտնել: Իսկ որ այդ շրջանակները հեղաշրջման էին պատրաստվել և դրա համար կանաչ լույս ստացել՝ փաստեցին այդ օրերին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության տարածած երկու գաղտնազերծված տեսանյութերը, որոնցում ընդդիմադիր առաջնորդները, այդ թվում՝ Մ. Սահակաշվիլու օրերի բարձր պաշտոնատար անձինք, խոսում են հեղաշրջման և դրա համար «կանաչ լույս» ստանալու մասին: Ավելին՝ դատելով օրինագծի հետկանչման մասին հայտարարության բովանդակության տողատակերից՝ Վրաստանի իշխանությունների այս նահանջը տակտիկական էր. վերջիններս լավագույնս բացահայտեցին գործակալական ցանցի առավել վտանգավոր օջախները: Ի դեպ, բառացի այդ մասին էր ակնարկում իշխող ուժի ղեկավար Իրակլի Կոբախիձեն, ով մարտի 10-ին խոսեց հետ կանչված օրինագծերի երեք կարևոր ուղերձների ու ձեռքբերումների մասին:
Արևմուտքը և այնտեղից ֆինանսավորվող – ուղղորդվող շրջանակները, բնականաբար, օրինագծի հետկանչումից հետո փնտրեցին բազմաթիվ պատճառներ ու պատրվակներ, որպեսզի հետցնցումների, նոր հանրահավաքների նախաձեռնման միջոցով վերստին թեժացնեն իրադրությունը երկրում և հասնեն հեղաշրջման: Այդուհանդերձ, իշխող քաղաքական ուժի ղեկավար Իրակլի Կոբախիձեն մարտի 9-ին հայտարարեց, որ քաղաքական որոշումն արդեն կայացված է, մնացել են միայն տեխնիկական խնդիրները, ՆԳ նախարարությունը հայտարարեց, որ ձերբակալված 133 անձինք ազատ են արձակվել, նույն օրը խորհրդարանի նախագահ Շ. Պապուաշվիլին դիմեց Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահին՝ խնդրելով այլևս չքննարկել օրենքների նախագծերի վերաբերյալ իրավական եզրակացություն պատրաստելու դիմումը, իսկ մարտի 10-ին կայացած Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը պաշտոնապես և օրենքով սահմանված կարգով հետ կանչվեց:
Գործընթացի հնարավոր ազդեցությունները տարածաշրջանի, այդ թվում՝ ՀՀ-Արցախի վրա
Ակնհայտ է՝ Վրաստանի իշխանություններն այլևս «սառը պատերազմի» մեջ են արևմտյան ճամբարի հետ, և կողմերն այս գործընթացի մեջ փորձարկեցին ուժերը: Արևմուտքը փորձարկեց իր աճեցրած գործակալական ցանցի ներուժը՝ ձգտելով հասկանալ, թե հնարավո՞ր է այս փուլում Վրաստանում ստեղծել նոր ճակատ, հեռացնել իրեն այլևս չենթարկվող ու Վրաստանի պետական շահով առաջնորդվող իշխանություններին՝ վերականգնելով վասալ-սյուզերեն նախկին («սահակաշվիլիական») իրավիճակը: Վրաստանի իշխանություններն էլ փորձեցին հասկանալ՝ ինչպիսի՞ դիմադրություն կառաջանա իրենց բոլոր այն նախաձեռնությունների դեպքում, որոնք միտված են պետական ինքնուրույնության վերականգնմանը, Արևմուտքի և ընդդիմության՝ ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելու ծրագրի չեզոքացմանը և Արևմուտք-ՌԴ բալանսավորված քաղաքական գծի որդեգրմանը:
Իսկ որ Վրաստանի՝ Արևմուտքի խամաճիկ ընդդիմությունն իրականում ոչ թե պայքարել էր օրինագծերի ընդունման դեմ, այլ այդ պայքարի շղարշի տակ ծրագրել էր զավթել իշխանությունն ու ՌԴ-ի դեմ բացել երկրորդ ճակատը՝ գրեթե բացեիբաց խոստովանել է Մ. Սահակաշվիլու աջ ձեռքը՝ Վրաստանի ՆԳ նախկին նախարար ու նախկին վարչապետ՝ ոչ անհայտ Վանո Մերաբիշվիլին: Վերջինս, «Ուկրինֆորմ» մեդիա կենտրոնում, հանդես գալով Մ. Սահակաշվիլիին նվիրված «SAVE MISHA» («Փրկե՛ք Միշային») հաղորդաշարում, հայտարարել է, որ իրենց հիմնական նպատակը Վրաստանում իշխանությունը փոխելն է արևմտամետ, ուկրաինամետ կառավարությամբ, որպեսզի Ուկրաինան միայնակ չմնա` առանց այլևայլության հավելելով. «Ես ամաչում եմ, որ Վրաստանը չի մասնակցում և Ուկրաինայի կողքին չէ այս պատերազմում»: Բնականաբար՝ այս անկեղծ և ընդդիմության իրական մտադրությունները ջրի երես հանող հայտարարությունն արժանացավ Վրաստանի իշխանությունների բուռն արձագանքին: Բացի այդ, մարտի 10-ին ուշագրավ հայտարարություն արեց նաև Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից Գիա Վոլսկին՝ հայտնելով, որ Մ. Սահակաշվիլու՝ Ուկրաինայում մարտնչած կողմնակիցները ժամանել են Վրաստան, որոնց նպատակն է երիտասարդությանը մղել պետական հեղաշրջման: Ըստ նրա, խոսքը վերաբերում է քաղաքական թիմին, որը ներկայումս գլխավորում է Լևան Խաբեիշվիլին (ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ Մ. Սահակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահը):
Արձագանքելով ստեղծված իրադրությունում հնչող նման հայտարարություններին և գործընթացներին՝ վարչապետ Ի. Ղարիբաշվիլին մեղադրել է Եվրախորհրդարանի պատգամավորներին և «կործանարար ընդդիմությանը» երկրում «երկրորդ ճակատ» բացելու փորձի մեջ և նշել, որ նրանց նպատակը «իշխանությունն ուժով տապալելն» է, իսկ հետո երկիրը ներքաշելը պատերազմի մեջ. «Մեզ հարցնում են, թե ինչու չենք մտնում պատերազմի մեջ: Պատկերացնենք, որ այսօր Վրաստանում պատերազմ է, բոլորս էլ գիտենք, թե այստեղ ինչ է լինելու՝ մեր գեղեցիկ երկիրը վերածվելու է պոլիգոնի»: Իշխանափոխություն իրականացնելու Վ. Մերաբիշվիլու փորձերի և 2-րդ ճակատ բացելու մասին հայտարարությունը դատապարտեցին և այն ամոթալի որակեցին նաև Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, խորհրդարանական մեծամասնության պատգամավոր, «Վրացական երազանքի» առաջնորդներից Իրակլի Կադագիշվիլին և այլք:
Պարզորոշ է՝ Վրաստանի զարգացումները ոչ միայն կարևոր, այլև ճակատագրական նշանակություն ունեն ՀՀ-ի համար, և, եթե Արևմուտքին հաջողվի շարունակական դարձնել ու խորացնել ճգնաժամը երկրում, ավելին՝ հասնել խամաճիկ իշխանության ձևավորմանը, ապա տարբերակներից ամենահավանականը, որը կարող է տեղի ունենալ, պարփակված է հետևյալ կետերում.
– Վրաստանի միջոցով կբացվի ՌԴ-ի դեմ 2-րդ ճակատը, երկիրը լայնորեն կներքաշվի ռազմական գործողությունների մեջ,
– Ռուսաստանը Վրաստանի և ՀՀ-ի հետ կապող միակ ցամաքային երթուղին՝ Ռազմավիրական ճանապարհը կփակվի, երկիրն ամբողջությամբ կմեկուսացվի ՌԴ-ից՝ 2006-2009 թթ. օրինակով (միջանկյալ նշենք՝ Արևմուտքի քաղվերլուծաբանները վաղուց խորը անհանգստություն են հայտնում առ այն, որ Վրաստան-ՌԴ կարգավորվող տնտեսական հարաբերությունները բերելու են նաև քաղաքական հարաբերությունների կարգավորմանն ու բալանսի վերականգնմանը),
– ՀՀ-ի համար կենսական կարևորություն ունեցող և ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ միակ ցամաքային կապի խզումը, տնտեսական շրջափակման իմաստով արդեն թերակղզու վերածված (առայժմ կմնա միայն Իրանի հետ ցամաքային կապը) ՀՀ-ն ուղղակի նվեր կլինի ՀՀ-ում գործող նույնատիպ (գործակալական դաշտի վրա ձևավորված և խամաճիկ) իշխանությունների համար, որոնք անմիջապես ձեռնամուխ կլինեն իրենց վաղեմի երազանքի իրագործմանը՝ ցանկացած զոհաբերությամբ (Արցախի լիակատար հանձնում, Սյունիքի՝ միջանցքի, կամ ամբողջական հանձնում, «սովետական անկլավների», միջպետական ճանապարհների, չի բացառվում նաև՝ առանձին շրջանների հանձնում Ադրբեջանին) բացել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հաղորդուղիները,
– կսկսվի ՀՀ-ում և Արցախում ռուսական ռազմական ներկայության «ավելորդ լինելու» մասին լայն արշավ,
– Արևմուտքն ամբողջովին իր ձեռքը կվերցնի տարածաշրջանի համակարգումը, որտեղ իր առանցքային դերը կստանձնի Թուրքիան՝ ձգտելով ամեն կերպ դուրս գալ «ուղեծրից» և կառուցել Մեծ Թուրանի հիմքերը,
– կսկսվի Իրանի լայնածավալ մեկուսացումն ու կազմաքանդումը,
– զուգահեռ կընթանան Չինաստանին զսպող գործողությունները (հիշենք, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները լայն նախագծեր են իրագործում Չինաստանի հետ՝ փորձելով Աջարիայից և այլ վայրերից դուրս մղել արևմտաթուրքական կապիտալը):
Եզրակացություն. Վրաստանի իշխանությունների՝ այս փուլում մղած պայքարն ուղղակիորեն բխում է ՀՀ-Արցախի շահերից և, կարող ենք արդեն առանց վարանելու ասել, որ այդ պայքարի ելքը նաև որոշելու է հայոց անկախ պետականության և Այսրկովկասում հայոց քաղաքակրթական գոյության ապագան:
Վահե Սարգսյան