կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-06 12:03
Տնտեսական

Գնահատվել է՞ այսօր քննարկվող խնդրահարույց օրինագծերի տնտեսական ազդեցությունը

Գնահատվել է՞ այսօր քննարկվող խնդրահարույց օրինագծերի տնտեսական ազդեցությունը

Հանրային օրակարգի առաջնային թեմա են դարձել գործող իշխանությունների կողմից օրերս ներկայացված խնդրահարույց օրինագծերը, որոնք արդեն գնահատվել են՝ որպես սահմանադրական դատարանի և երկրի նախագահի լիազորությունների յուրացման փորձ:

Օրենքների այս նախագծերի, դրանց իրավական ու քաղաքական իրական վտանգների վերաբերյալ շարունակում են ներկայացվել բազմակողմանի և խորը մտահոգություններ՝ երկրի համար կանխատեսվող վտանգներով ու հետևանքներով:

Փաստ է նաև՝ օրվա իշխանությունների որդեգրած ընթացքն ու այս օրինագծերով առաջարկվող քաղաքական-իրավական թվացյալ «հանգուցալուծումներն» անխուսափելիորեն ունենալու են նաև շոշափելի բացասական հետևանքներ սոցիալ-տնտեսական կայուն զարգացման վրա:

Մասնավորապես, մեր երկրի զարգացման ձախողումների ու չիրականացվող իշխանական խոստումների համար իրենցից դուրս մեղավորներ գտնելու՝ շարունակվող այս ընթացքն օբյեկտիվորեն ստեղծում է նաև մի իրավիճակ, երբ սոցիալ-տնտեսական խնդիրներն ավելանում են անհամեմատ ավելի արագ, քան դրանց իրական լուծումներն են:

Անընդունելի նման ընթացքի և դրա իրական հետևանքների մասին բազմիցս ենք ներկայացրել մեր առարկայական կանխատեսումներն ու մտահոգությունները, և ցավոք նաև՝ արդեն դրանց իրողություն դառնալու արձանագրումները:

Կարծում ենք հարկ է նորից հիշեցնել իշխանափոխությունից հետո արձանագրված որոշ փաստեր:

Նախկինների օրոք՝ 2017թ. տնտեսական ակտիվության ցուցանիշը 7,5 տոկոս էր, իսկ 2018թ. հունվար-ապրիլին այս ցուցանիշն արդեն դարձել էր 9,5 տոկոս, որին երկարաժամկետում ձգտում են հասնել գործողները: Իշխանափոխությունից հետո խոստացված տնտեսական հեղափոխության ֆոնին՝ 2018թ. հաջորդող ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը էապես նվազեց և տարին ամփոփվեց 5,6 տոկոսով: 2019թ. այս ցուցանիշն ընդամենը 7,8 տոկոս էր, իսկ 2020թ. պետական բյուջեով նախատեսվում է 4,9 տոկոս: Իհարկե, նման ցուցանիշներով լուրջ չէ տնտեսության հեղափոխական աճի մասին խոսելը:

Գործող իշխանությունների ծրագրային խոստումներից է ներդրումների և արտահանման առաջանցիկ աճի ապահովումը՝ որպես տնտեսական նոր մոդելի իրական հիմք: 2019թ. պաշտոնական տվյալներով օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը (ներհոսքի և արտահոսքի տարբերությունը) նվազել է շուրջ 60 միլիարդ դրամով՝ նախորդ տարվա համեմատ: Ներդրումների տեսանկյունից առաջնային գործոն է պետական բյուջեի կապիտալ ծախսը, որն էլ 2019թ. թերակատարվել է շուրջ 140 միլիարդ դրամով կամ 60 տոկոսով:

Արտահանման խթանմանը վերաբերող պետական նոր ծրագրեր և գործիքներ ևս չկան: Պատկերը նույնպես հուսադրող չէ՝ 2019թ. առաջին կիսամյակում արտահանումը նվազել էր 0,5 տոկոսով, իսկ տարվա ամփոփ տվյալներով աճել է ընդամենը 9,4 տոկոսով: Իշխանափոխությունից առաջ՝ 2018թ. հունվար-ապրիլին, գրանցվել է 2,7 անգամ ավել արտահանման աճ՝ 25,7 տոկոս:

Այսպիսի ընթացքով դժվար է լինելու 2020թ. համար նախանշված, չափազանց համեստ՝ 4,9 տոկոս տնտեսական աճի ապահովումը, եթե որպես դրական արձանագրում՝ հաշվի առնենք նաև այն, որ արդեն 2018-2019թթ հնարավորինս կրճատվեր են ստվերային տնտեսությունն ու զբաղվածությունը: Դրանից բխող՝ ապահովվել են լրացուցիչ հարկային մուտքերը: Հետևաբար՝ 2020թ. տնտեսական աճի հիմնական ներուժը մնացել են ներքին ու արտաքին ներդրումները, որոնց ներգրավման տեսանկյունից առաջնային խնդիրներ են մնում քաղաքական բարձր անկայունությունն ու ռիսկերը:

Արձանագրված փաստերի այս շարքը շարունակելի է:

Ելնելով վերոգրյալից՝ արդիական և օբյեկտիվ հարց է առաջանում.

«Գործող իշխանություններն ունե՞ն իրենց կողմից հրատապ օրակարգ բերված խնդրահարույց այս նախագծերի տնտեսական բնագավառում կարգավորման ազդեցության գնահատումը:»:

Ի դեպ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված է օրինագծերի կարգավորման ազդեցության գնահատում, այն է` նորմատիվ իրավական ակտի ընդունման արդյունքով հնարավոր փոփոխությունների վերլուծություն և առանձին բնագավառներում դրանց ազդեցության համակողմանի գնահատում: Օրինակ այս դեպքում իրապես կարևորում ենք ներդրումների ներգրավման և նոր աշխատատեղերի ստեղծման բնագավառները:

Հույսը միշտ կա …

 

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

ծրագրերի համակարգող