Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի անկախության հռչակման օր
Արցախի անկախության հռչակման օրվա նշումը, եթե նախ` պետության կայացման խորհուրդն է ընդգծում, ապա նույնքան կարեւոր է նրա կայացման եղանակի մասին խորհրդածելը: Իսկ դա ինքնին շեշտում է առաջին րոպեից միջազգային ընտանիքի կողմից նվիրականացած սկզբունքի` ազգի ինքնորոշման իրավունքի ժողովրդավար ձեւով հարգումը: Ի վերջո ինքնորոշումը, որի վրա կենտրոնանում է մեր բանակցային ամբողջ փլիսոփայությունը, ժողովրդային կամարտահայտության ժողովրդավար հիմունքով կայացած ճանապարհն է, որից անցնցում անցել է արցախահայությունը:
Այստեղ պետք է նկատի ունենալ մադրիդյան սկզբունքների (թեկուզ նորացված տարբերակով) անժամկետ հանրաքվեի վերակազմակերպման բանակցային կետի շուրջ լարված ծուղակ տեսնելու տրամաբանությունը:
Արցախահայությունը ինքնորոշվել է արդեն: Հանրաքվեով. եւ այն էլ շատ ժողովրդավար հիմունքով: Ժողովուրդը քվեարկել է թե՛ Ադրբեջանի բռնատիրությունից անկախանալու եւ թե՛ ինքնիշխան պետություն ստեղծելու օգտին: Վերստին հանրաքվե կազմակերպելու պահանջը, այն էլ անժամկետ, ունի իր տրամաբանությունը:
Ադրբեջանցի գաղթականների տունդարձի պահանջը անշուշտ բանակցային կետ է` սեղանի վրա դրված: Բաքուն լիարժեք օգտագործում է փախստականների հարցը` մարդկային իբրեւ թե աղետի, ժողովրդի տեղահանության եւ մարդու տարրական իրավունքների խախտման իմիտացիոն դեպքերի վրա հրավիրելով կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների եւ մանավանդ միջազգային հանրության ու համապատասխան ֆոնդերի ուշադրությունը: Ի դեպ, մի թղթածրար, որը հայկական կողմը համարժեք չարծարծեց` միջազգային մանրադիտակների լուսարձակների տակ տեղադրելու համար Բաքվից, Սումգայիթից, բայց մանավանդ Գետաշենից, Մարտունաշենից, Շահումյանից եւ հարակից շրջաններից վերապրած հայերի իրավիճակը:
Բանակցային փլիսոփայությունը հուշում է, որ ադրբեջանցի փախստականների դիմաց համարժեք արծարծվեին նաեւ հայ գաղթականների հետ կապված բազմապիսի խնդիրները: Սա ոչ անպայման միջազգային ֆոնդերից մեծ հատկացումներ ապահովելու համար, այլ բանակցային գործընթացին իբրեւ կարեւոր հակափաստարկ արծարծելու համար:
Ի վերջո անժամկետ հանրաքվեն ադրբեջանցի գաղթականների տունդարձի պայմանականության հետ կապ ունի. Արցախի ժողովրդագրական պատկերի փոփոխության երազանքը Բաքուն մղել է անընդհատ խոսելու իր փախստականների մասին:
Արցախը ինքնորոշվել է հարգելով միջազգային օրինաչափության ճշտած եղանակը` հանրաքվեն, որը նաեւ ընթացել է ժողովրդավար հասարակարգի համապատասխան չափորոշիչներով:
Գաղթականների տունդարձի կամ ընդհանրապես Արցախի բնակեցման խնդիրը սուր կերպով անհանգստացրել է Բաքվին։ Առաջին անգամ չէ, որ Բաքվի իշխանությունները բողոքում են տվյալ երկրի եւ միջազգային ընտանիքի համապատասխան կառույցներին, որ Արցախի իշխանությունները ոտնձգություններ են կատարում:
Իրաքի պատերազմական իրավիճակի օրերին, Դամասկոսում այդ օրերին դեռևս գործող Ադրբեջանի դեսպանությունը տեղի իշխանություններին բողոքել էր, որ Սիրիան տարանցիկ կետի է վերածվել Իրաքից Սիրիա եւ ապա Հայաստան ու Արցախ մեկնող իրաքահայերի համար:
Այժմ էլ բողոքը Արցախում հաստատվող սիրիահայ ընտանիքներին է վերաբերում։ Բաքուն դարձյալ անհանգիստ է եւ բողոքում է։ Շուրջ երեսունի հասնող եւ Արցախ հաստատված սիրիահայ ընտանիքները, իհարկե, կտրուկ փոփոխություն պիտի չբերեն ժողովրդագրական համապատկերին։ Այս օրինակների շահարկումն է, որ կատարում է Բաքուն դեպի միջազգային կառույցները` ընդգծելու համար, որ հայկական կողմը իբրեւ թե հակասում է բանակցային տրամաբանությանը: Խոսքը ազատագրված տարածքների վերաբնակեցման մասին է այն շահարկումով, որ բնակեցվում են տարածքներ, որոնց կարգավիճակի ճշտումը բանակցային թեմա է:
Ճիշտ է, որ Արցախի Հանրապետության նախագահի մամլո բանբերը սիրիահայությանը հնարավորության սահմաններում օժանդակելը գերադասել է իր հայտարարությունում։ Այսուհանդերձ, նա պատասխանել է նաեւ Բաքվի բողոքին: Ի վերջո Արցախի օժանդակությունը իր նախադեպն ունի` սիրիահայ ընտանիքներին համապատասխան դյուրություններ ընձեռելու առումով: Այժմ այդ դյուրությունների ընծայման մասին խոսում է պաշտոնական Ստեփանակերտը, ի հեճուկս Բաքվի թե՛ բողոքներին եւ թե՛ շահարկումներին: Պարզ է ուղերձը. բնակեցումը պիտի շարունակվի:
Արցախը 22 տարի առաջ ինքնորոշվել է, անկախ Հանրապետություն է, կայացած պետություն է եւ ի՛նքն է որոշում նաեւ ճգնաժամում հայտնված իր հայրենակիցներին օժանդակություն տրամադրելու տարողությունն ու եղանակը: Այս օրերին, ռազմավարական նշանակություն ունեցող արցախյան ընտրանքը կարող է հատուկ կարեւորություն ներկայացնել ոչ միայն սիրիահայության համար: Հրատապ կարգով` սիրիահայութեան համար։
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր