Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
20 տարուց ավելի Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում գործող Միություն ընդդեմ Ցեղասպանության կազմակերպության թուրք և քուրդ անդամները Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առթիվ այս տարվա ապրիլ ամսին կայցելեն Հայաստան և ապրիլի 24-ին իրենց հարգանքի տուրքը կմատուցեն Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։
Այդ մասին Akunq.net-ը տեղեկանում է կազմակերպության ֆեյսբուքյան էջից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կազմակերպության պատվիրակությունը Հայաստանում կգտնվի 2023 թ․ ապրիլի 19-ից 27-ը։
Թեմայի վերաբերյալ կազմակերպության հրապարակած հայտարարության մեջ նաև նշվում է․ «Համավարակի պատճառով վերջին 3 տարին չէինք կարողացել մասնակցել Երևանում կազմակերպվող հիշատակի միջոցառումներին։ Մեր ավանդույթների համաձայն՝ այս տարի ևս 2023 թ․ ապրիլի 24-ին ծաղկեպսակ կզետեղենք Երևանում գտնվող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին՝ 1915 թ․ Ցեղասպանության զոհերին հիշատակելու համար։
Միաժամանակ, սույն այցի ընթացքում մեզ համար կարևոր կլինի նաև Արցախի շրջանում ապրող հայ ժողովրդին մեր համերաշխությունն արտահայտելու առումով։ Դատապարտում ենք Ադրբեջան պետության և նրա դաշնակից Թուրքիայի՝ արցախահայության ու Հայաստանի հանդեպ ագրեսիվ պահվածքը և պահանջում, որ նրանք անմիջապես իրենց ձեռքերը քաշեն այդ տարածքներից։
Միություն ընդդեմ Ցեղասպանության»
Հիշեցնենք, որ Միություն ընդդեմ Ցեղասպանության կազմակերպությունը ստեղծվել է 1998 թ․, Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում։ Այն հիմնել էր 2021 թ․իր մահկանացուն կնքած թուրք մտավորական Ալի Էրթեմը։ Կազմակերպությունն առաջին անգամ Հայաստան էր այցելել հենց հիմնադրման տարեթվին՝ 1998 թվականին։ Միություն ընդդեմ Ցեղասպանության կազմակերպությունը հիմնադրման ամսաթվից սկսած ամեն տարի, ապրիլի 24-ին որևէ ներկայացուցիչ է ուղարկում Երևան՝ միության անդամների անունից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին ծաղկեպսակ խոնարհելու համար։ Միության անդամները միաժամանակ խորհրդանշական գումար են հավաքում և նվիրաբերում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին՝ Մեծ եղեռնից վերապրած հայերին փոխանցելու կամ այլ ծախսեր հոգալու նպատակով։
Կազմակերպությունը նաև ակտիվ գործունեություն է ծավալում Ֆրանկֆուրտում, Գերմանիայի այլ քաղաքներում, ինչու չէ, նաև՝ ուրիշ երկրներում։ Այսպես, միությունը երբեմն հանդես է գալիս զանազան միջոցառումներով, այդ թվում՝ դասախոսություն-սեմինարներ, կլոր սեղան-քննարկումներ և այլ հետաքրքիր ձեռնարկներ, որոնք բոլորն էլ նվիրված են լինում Թուրքիայի կողմից իրագործված ցեղասպանությունների հետևանքների վերացմանը։
https://www.facebook.com/profile.php?id=100064866813452
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net