Փոխարժեքներ
12 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Լաչինի միջանցքի արգելափակումը, այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» նախաձեռնությունը, Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիայի նախապատրաստում է։ Այսօր Բունդեսթագում նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող Նիկոլ Փաշինյանն այսօր հյուրընկալվել է Բունդեսթագում և հանդիպում ունեցել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ` նախագահ Միխայել Ռոթի գլխավորությամբ:
«Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելն է, և հայերին Լեռնային Ղարաբաղից հեռացնելը։ Կարծում եմ` Ադրբեջանի նախագահ Ալիևի վերջին հայտարարությունն ապացուցում է դա, որովհետև Ալիևն ասաց, որ Լաչինի միջանցքը բաց է այն հայերի համար, ովքեր Ղարաբաղը լքելու ցանկություն ունեն, ինչը, կարծում եմ, ավտոմատ կերպով նշանակում է, որ Լաչինի միջանցքը փակ է այն հայերի համար, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում և ովքեր ուզում են ապրել այնտեղ։ Սա է Ադրբեջանի գործողությունների անկյունային պատճառը»,- ասել է ՀՀ վարչապետը՝ խոսելով Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից փակվելու մասին։
Նա նշել է, որ մտահոգություններ կան, որ սա ընդամենը Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի սկիզբն է, գուցե նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով, որովհետև Ադրբեջանը շարունակում է արտահայտել ագրեսիվ մտքեր, ագրեսիվ հռետորաբանություն:
«Մեր գնահատականն այն է, որ այս ամենը` Լաչինի միջանցքի արգելափակումը, այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» նախաձեռնությունը, Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիայի նախապատրաստում է»,- ընդգծել է Փաշինյանը։
Նա արձանագրել է, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, որով վերջ տրվեց Լեռնային Ղարաբաղում պատերազմին, միայն մեկ միջանցք է նախատեսում, և դա Լաչինի միջանցքն է, որն այս պահին արգելափակված է։
«Լաչինի միջանցքը սահմանվել էր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապ հաստատելու համար։ Լաչինի միջանցքն ուղղակի ճանապարհ չէ, այն անվտանգային գոտի է 5 կմ լայնությամբ, և ըստ հայտարարության համապատասխան կետի` Լաչինի միջանցքը պետք է դուրս լինի Ադրբեջանի վերահսկողությունից և պետք լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո»,- նշել է Փաշինյանը։