կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-21 19:13
Քաղաքական

Հայաստանի քաղաքական կողմնորոշման (օրիենտացիայի) հարցը Ռ. Տեր-Մինասյանի դիտարկմամբ

Հայաստանի քաղաքական կողմնորոշման (օրիենտացիայի) հարցը Ռ. Տեր-Մինասյանի դիտարկմամբ

Նախ արձանագրենք, որ Հայաստանի առաջին հանրապետության ամենաականավոր դեմքերից է ՀՅԴ Բյուրոյի անդամ, խորհրդարանի զինվորական ու ներքին գործերի հանձնաժողովի նախագահ, ՀՀ Բյուրո-կառավարության կազմում զինվորական ու ՆԳ նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը (Ռուբեն): Փաստ է, որ, իր հայդուկային տարիներից սկսած, Ռուբեն փաշան վայելում էր մեծ ժողովրդականություն: Եթե անգամ մի կողմ թողնենք Արևմտահայաստանում ծավալված ազգային-ազատագրական պայքարի օրերին որպես հանդուգն հայդուկապետի` նրա մեծ ծառայությունները, անուրանալի է հանրապետության կարճատև գոյության շրջանում հայրենի տարածքների հայացման, այսինքն` գաղթականության ներգաղթի կազմակերպման և մահմեդական խռովարար տարրերին հատկապես Արարատյան դաշտից վտարման հարցերում ունեցած դերակատարությունը: Գնահատանքի է արժանի նաև 1918 թ. Մայիսյան հերոսամարտերի շրջանում ռազմավարական նշանակության այն դրվագը, երբ Սարդարապատի մայիսվերջյան ճակատամարտի նախօրյակին հայկական զինուժի թիկունքը պահելու համար նրա մտահղացմամբ ու նախաձեռնությամբ գրավվեց թշնամական տարրերով լցված Թալինի ամրոցը:

Տեղին է հիշեցնել, որ ՀՅԴ կուսակցության ճանաչված գործիչ, Ալեքսանդրապոլի նահանգապետ Կարո Սասունին դրվատանքով է խոսում Ռուբենի՝ իբրև մտածող, խորհող ու արարող գործչի մասին. «Մտածող եւ ծրագրող էր Ռուբէն,- ընդգծում էր Կ. Սասունին,- մտածման եւ վերլուծման ճախարակ մը կար անոր գլխի մէջ, ամենէն բանիմացն էր» : ՀՀ արդարադատության նախարար և «Յառաջ» պաշտոնաթերթի երբեմնի խմբագիր Ռ. Դարբինյանը (Արտ. Չիլինգարյանը) հայ ազատամարտի և պետականակերտ մեծագույն գործիչ, երբեմնի հայդուկապետ և Առաջին հանրապետության հիմնադիր անդամ Ռուբենի հիշողությունների բազմահատորյակի առաջաբանում վերջինիս վաստակի մասին հետևյալն է գրում. «Կարելի է համարձակօրէն ըսել, թէ Արամէն յետոյ ոչ ոք այնքան բախտորոշ դեր կատարեց Հայաստանի Հանրապետութեան կենդանի իրականութիւն դառնալուն մէջ, որքան Ռուբէնը» :

Ի հավելումն վերն ասվածի` սույն հրապարակման մեջ հարկ ենք համարում անդրադարձ կատարել Առաջին հանրապետության շրջանում Հայաստանի ու հայ ժողովրդի քաղաքական դիրքորոշումների վերաբերյալ Ռուբեն հասարակական-քաղաքական ու պետական բազմահմուտ գործչի գնահատականներին, որոնք արդիական և ուսանելի են նաև մեր այս բարդ ժամանակների համար: Սույն հրապարակումը ընդգծում է նաև Ռուբենի քաղաքական մտքի վերլուծական կարողունակությունը:

***
Հասկանալի է, որ ինչպես Ռուբենի ապրած ու գործած ճակատագրական ժամանակաշրջանում, այնպես էլ մեր աշխարհաքաղաքական բազմաբարդ տարածաշրջանում մասնավորապես 44-օրյա ձախողված պատերազմից հետո Երրորդ հանրապետության ու Արցախի հիմնախնդրի շուրջ ստեղծված ոչ պակաս բարդ պայմաններում, բնականաբար, շատ է կարևորվում պետական քաղաքականության տեսլականը, այդ թվում` հարաբերությունների ճիշտ կառուցումը մեր հեռու և մոտիկ հարևանների հետ: Ուստի, սեփական ուժերին ու ռեսուրսներին ապավինելուց զատ, կամա թե ակամա, ինչպես ավելի քան մեկ դար առաջ՝ Ռուբենի ժամանակներում, այնպես էլ մեր օրերում առաջին պլան է մղվում Հայաստանի քաղաքական կողմնորոշման խնդիրը: Այդ հարցի վերաբերյալ հայ հասարակական-քաղաքական մտքի ու ռազմական գործի նշանավոր այրերից Ռ. Տեր-Մինասյանն իր հուշերում փորձել է հետին կարգով ներկայացնել պետական, հասարակական-քաղաքական շրջանակների և ընդհանրապես հայ հանրության մոտեցումների ու դիրքորոշումների ներկապնակը 1920 թ. աշնան թուրք-հայկական պատերազմի նախօրյակին: Այդ իմաստով Ռուբենը առանձնացնում էր երեք հիմնական հոսանք: Նրա դիտարկմամբ՝ առաջին հոսանքին էր հարում հայ պետական, հասարակական-քաղաքական, հանրային, զինվորական և այլ շերտերի այն մեծ հատվածը, որը գտնում էր, որ հայոց անկախ պետականության հաստատման և ՀՀ տարածքային ու անվտանգության խնդիրները հնարավոր է լուծել հիմնականում արտաքին օժանդակության միջոցով: Նա այդ հոսանքն իր հերթին բաժանում էր երկու խմբի (թևի): Առաջին խումբը, որում ընդգրկված էր հայ հանրության մեծագույն մասը, Հայաստանի փրկության հույսը, նրա առջև ծառացած ռազմաքաղաքական, անվտանգության ու տնտեսական հարցերի լուծումը մեծապես կապում էր Ռուսաստանի (անկախ նրա սոցիալ-քաղաքական գույնից) հետ` իհարկե գտնելով, որ պետք է միաժամանակ պահպանվի Հայաստանի քաղաքական անկախությունը: Եվ այս մտայնության շեշտված առաջնորդը համարվում էր Դրոն (Դրաստամատ Կանայան) էր: Հարկ է նկատել, որ այն ժամանակներում հայ հանրության ճնշող մեծամասնությունը, բնականաբար նաև զինվորականությունը՝ բարձր հրամկազմը, սպայակազմն ու շարքայինները, ունեին ռուսական քաղաքական կողմնորոշում և Հայաստանի փրկությունը մեծապես կապում էին Ռուսաստանի օգնության հետ: Զիննախարար Ռուբենի դիտարկմամբ` այդ հոսանքի ամենավառ ներկայացուցիչը Դրոն էր : Եվ պատահական չէ, որ այն ժամանակ Հայաստանի նորաստեղծ բանակը, կարելի է ասել, գրեթե բոլոր առումներով՝ զինական, ուսումնակրթական, մարտական, մարտավարական, հոգեբանական, անգամ բանակային նիստուկացով, մշակույթով և այլն, ծնունդ էր առել ռուսական բանակից:

Ըստ Ռուբենի՝ արտաքին ուժերի հետ հույսեր կապող այս առաջին հոսանքի երկրորդ խմբում կարելի է դասել այն մարդկանց և անհատ գործիչների, մի ոչ մեծ հատվածի, որոնք ունեին արևմտյան կողմնորոշում և Հայաստանի անկախության, անվտանգության, տնտեսական բարգավաճման խնդիրների լուծումը մեծապես կապում էին Անտանտի երկրների և ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ու ֆինանսատնտեսական օգնության ու աջակցության հետ: Նրանք, մեր կարծիքով նույնպես, Արևմուտքի երկրներից վտանգ չէին տեսնում Հայաստանի անկախ պետականության համար: Ավելին` այս խմբի ներկայացուցիչները հատկապես այդ շրջանում մեծ հույսեր էին փայփայում Միացյալ և Անկախ Հայաստանի գաղափարի նյութականացման առումով, մանավանդ որ արդեն 1920 թ. օգոստոսի 10-ին ստորագրվել էր Սևրի պայմանագիրը Միացյալ և Անկախ Հայաստանի վերաբերյալ, և առաջիկայում էլ սպասվում էր ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնի նոյեմբերի 22-ի իրավարար (Arbitrage) վճիռը` համապատասխան քարտեզով, Արևմտյան Հայաստանի չորս նահանգների և հայ-թուրքական սահմանների վերաբերյալ : Բայց հետագա ռազմաքաղաքական իրադարձությունները ավելի ու ավելի անիրատեսական էին դարձնում այս խմբի ներկայացուցիչների գաղափարների նյութականացումը: Այս խմբի առավել վառ ներկայացուցիչներից էին ՀՀ երկու վարչապետներ՝ Հ. Քաջազնունին և Ալ. Խատիսյանը:

Ըստ Ռուբենի՝ 1920 թ. կեսերին` Հայաստանի ու հայ ժողովրդի համար ճակատագրական այդ ժամանակահատվածում, հայ հասարակական-քաղաքական կյանքում կար նաև մի երկրորդ հոսանք: Այդ հոսանքին բնորոշ էր այն, որ նրա ներկայացուցիչները, կողմնակից լինելով Հայաստանի, հատկապես Կովկասահայաստանի անկախությանը, նրա բաժան-բաժան մասերի միավորմանը և սահմանների ամրապնդմանը, որքան էլ զարմանալի լինի, դեմ էին այդ հարցերի` ուժի միջոցով լուծմանը և գտնում էին, որ դրանք հնարավոր է լուծել հարևանների հետ համակեցության ինչ-որ ձևեր ստեղծելով, փոխադարձ սիրով և առանց արյունահեղության: Այդ հոսանքը, ըստ Ռուբենի, կտրված էր իրականությունից և առաջնորդվում էր ռոմանտիկ վարդապետությամբ : Դժվար չէ նկատել, որ նման մտայնություն առկա է նաև մեր ժամանակներում, տվյալ դեպքում՝ հայաստանյան ներկայիս իշխանությունների քաղաքական ծրագրում ու գործելակերպում:

Եվ վերջապես, այն ժամանակներում եղել է մի երրորդ, մեր կարծիքով` ավելի հուսալի և իրատես հոսանք, որը, դարձյալ ջատագովը լինելով Հայաստանի անկախության, չէր հավատում ռուսների օգնությանը և հայոց պետականության կայացման հարցում հույսը կապում էր սեփական ֆիզիկական ուժին ու կարողունակությանն ապավինելու, ներքին ռեսուրսներով երկրում առկա անիշխանական երևույթները հաղթահարելու, ինքնակազմակերպվելու հետ : Թեև Ռուբենը չի նշում այդ հոսանքը ներկայացնող գաղափարակիր անհատի անուն, սակայն, մեր կարծիքով, այդ հոսանքին հարող գործիչների շարքին պետք է դասել Հայաստանի առաջին հանրապետության 3-րդ վարչապետ Համազասպ Օհանջանյանին, հենց Ռուբեն Տեր-Մինասյանին, Վահան Նավասարդյանին, Ռուբեն Դարբինյանին և այլոց:

Այսպիսով` նշված հոսանքների վերաբերյալ Ռուբենի հուշերից վերցված փաստը ցույց է տալիս, որ Հայաստանի համար ճակատագրական փուլում հայ պետական ղեկավար, ինչպես և հասարակական-քաղաքական լայն շրջանակներում, անգամ հիմնական կառավարող ուժի` ՀՅԴ բարձրագույն ղեկավար մարմնի՝ Բյուրոյի ներսում եղել է կարծիքների բազմազանություն Հայաստանի թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականության հարցերում, ինչն էլ բնականաբար անդրադառնում էր հանրապետությունում գործադրվող քաղաքականության վրա: Հարկ է նշել, որ ՀՅԴ-ն, որպես հիմնական կառավարող կուսակցությունն, իր վարած արտաքին ու ներքին քաղաքականության ասպարեզում, ըստ իրավիճակի և հանգամանքների, ավել կամ պակաս չափով երեք հոսանքներին էլ տեղ է տվել: Այսպես, օրինակ, 1919 թ. աշնանը Երևանում գումարված ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովում Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ընդունված որոշումներից մեկով Հայաստանի կառավարությանը հրահանգվում էր «աշխատել բարիդրացիական յարաբերութիւններ պահպանել անոր (խոսքը Ադրբեջանի մասին է – Ա. Հ.) հետ» : Սակայն արդեն 1920 թ. աշնանը՝ թուրք-հայկական պատերազմում Հայաստանի պարտության և անկախության կորստի փուլում, իշխանություններն ու ժողովուրդը, ելնելով ստեղծված իրավիճակից, ճնշող մեծամասնությամբ հարկադրված նախապատվությունը տվեցին առաջին հոսանքի՝ Հայաստանի ռուսական կողմնորոշման ընտրանքին՝ կարևորություն չտալով անգամ այնտեղ գործող բոլշևիկյան վարչակարգին: Եվ այդ դիրքորոշման դրոշակակիրը դարձավ, ինչպես արդեն ասվել է, 1920 թ. դեկտեմբերի 2-ին Երևանի Դրո-Լեգրան համաձայնագրով խորհրդայնացած Հայաստանի դիկտատոր և զիննախարար դարձած Դրոն :

Այս առնչությամբ եթե պատմական համեմատական էքսկուրս կատարենք դեպի քաղաքական կողմնորոշման առումով տակավին անորոշ մեր ժամանակները կարող է հարց ծագել, թե այս անցած մեկ դարում քաղաքական կողմնորոշման առումով Հայաստանն ու հայ հանրույթն իրենց գործելակերպով ու հոգեբանությամբ որքանով են փոխվել ու քաղաքականապես հասունացել, և ինչպես կարող ենք մեր պետության ու հայրենիքի առջև ծառացած խնդիրները ինքնուրույն, սեփական ուժերին ապավինելով լուծել:

Մեկդարյա փորձը կրկին եկավ վերահաստատելու Ռուբենի պատկերած 2-րդ հոսանքի ներկայացուցիչների առաջ քաշած` թուրք-թաթար դրկիցների հետ լեզու գտնելու, հաշտ լինելու, ծագած հարցերը խաղաղությամբ լուծելու քաղաքականության անիրատեսությունը: Պատմական և ռազմաքաղաքական ժամանակակից իրադարձությունները ցույց են տալիս, որ կողմերի միջև առայժմ հաշտեցման եզրեր չեն նշմարվում, և չի կարելի տարվել երազատեսությամբ:

Վերջին մեկ-երկու տարում Արցախում և Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձությունները և դրանց հիման վրա արձանագրված տխուր պատկերը ցույց են տալիս, որ անցած 100 տարում մեր մտածելակերպում ու գործելակերպում քիչ բան է փոխվել, այդ թվում` քաղաքական կողմնորոշումների առումով: Պետք է նկատի ունենալ, որ մեր հարևանները ևս չեն փոխվել, նրանք նույնն են, գրեթե նույնն են նաև տարածաշրջանում սեփական ծավալապաշտական, մեծապետական շահերը հետապնդող հեռու և մոտիկ տերությունների քաղաքականությունն ու նպատակները: Հայաստանի ու հայ ժողովրդի աշխարհաքաղաքական կարգավիճակով պայմանավորված` անցած մեկ դարում, կարծես մեզանում, սեփական ուժերին ապավինելուց զատ, իր տեսակարար կշռով իբրև ամենավստահելի երաշխիք շարունակում է անփոփոխ մնալ նաև արժեքային մի համակարգ՝ ռուսական քաղաքական կողմնորոշումը, չնայած մեր մտածելակերպում ու գործելակերպում կարծես հաստատուն տեղ գտած այդ կողմնորոշումից ժամանակ առ ժամանակ ազգովի շատ ենք տուժում, ինչը փաստեց նաև Արցախյան 44-օրյա պատերազմը: Ուստի կարծում ենք` պետական ու հանրային մակարդակներում խորհելու, խորհրդակցելու շատ բաներ և կենսափորձն իմաստավորելու ու կյանքի կոչելու հարցում դեռ շատ անելիքներ կան:

Արարատ Հակոբյան

«Դրօշակ» թիվ 3 (1664), մարտ 2022 թ.