կարևոր
3106 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-15 20:00
Հասարակություն

Թուրքիան չի կարգավորի հարաբերությունները մինչեւ Հայաստանը չբավարարի Ադրբեջանի պահանջները․ Գեղամ Մանուկյան

Թուրքիան չի կարգավորի հարաբերությունները մինչեւ Հայաստանը չբավարարի Ադրբեջանի պահանջները․ Գեղամ Մանուկյան

Թուրքիան որեւէ բան չի անի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ մինչեւ Հայաստանի իշխանությունը չբավարարի Ադրբեջանի պահանջները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Պատերազմից հետո դժվարին փուլում Թուրքիայի հետ հարաբերությունների վերսկսումը շատ խնդրահարույց էր, որովհետեւ ոչ բարենպաստ պայմաններում ցանկանում էին ընկնել Թուրքիայի գիրկը։ Հայկական կողմը ջանքեր էր թափում, ասում՝ նախապայման չկա, նույնը թուրքական կողմն էր անում, բայց հստակ էր, որ նախապայմաններ կան, որոնց մի մասն արդեն, ցավոք սրտի, իրականություն են»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

Մանուկյանի կարծիքով՝ հիմա Թուրքիան Հայաստանի հետ խոսում է շատ ավելի ուժեղ նախապայմաններով, որը ենթադրում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորում։

«Թուրքիան իր եւ Հայաստանի հարցի կարգավորումը պայմանավորում է Հայաստանի եւ Ադրբեջանի հարցի կարգավորմամբ, այն բանից հետո, երբ շատ ցայտուն ազդեցություն է ունեցել պատերազմում։ Նիկոլ Փաշինյանը մոռացել է սա, մոռացել է, որ կարճ ժամանակ խոսում էր Թուրքիայի ցեղասպան քաղաքականության շարունակման մասին։ Ոչինչ պետք չէ սպասել այս ամենից, Թուրքիան իր օգուտներն է քաղում, փափուկ բարձ է դնում Հայաստանի իշխանությունների գլխի տակ, իր նախապայմաններն է դնում կամ առաջարկում առնվազն հայ-ադրբեջանական իշխանության երազած խաղության պայմանագրի կնքումը»,- նկատեց Մանուկյանը։

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ Հայաստանից ուղարկված մարդասիրական եւ փրկարարական օգնությանը Թուրքիայի արձագանքը շատ ցածր մակարդակի էր,  միակ արձագանքը Սերդար Քըլըչի թվիթերյան գրառումն էր, որն իրականում շնորհակալական խոսք չէր ուղղված Հայաստանին կամ իշխանությանը։

«Դա կոնկրետ ԱԳ նորանշանակ փոխնախարար Վահան Կոստանյանի եւ բանակցող Ռուբեն Ռուբինյանի ջանքերի գովերգումն էր, ինչը նսեմացրեց Հայաստանի արած ժեստը։ Հայաստանից ասում են՝ գնում են հայ փրկարարներին տեսնելու, Թուրքիայից ասում են՝ գնում են զորակցելու։ Իսկ փրկարարները չակերտավոր պատանդներ դարձան, որովհետեւ մի գրառման համաձայն՝ նրանք երեկ արդեն հավաքվել էին հայրենիք վերադառնալու համար, բայց ասել են՝ մեկ օր ուշացում, որ Արարատ Միրզոյանը լուսանկարվի։ Հատկանշական է երկրաշարժի հետեւանքով վնասներ կրած երկու երկրների միջեւ եղած մոտեցումների տարբերությունը։ Սիրիա, որն ունի մեծաթիվ հայություն, Թուրքայի ահաբեկչության զոհ է եղել, միայն մեր դեսպանն էր այցելել, իսկ նախարարը գնում է Թուրքիա։ Այսօր բրիֆինգի ժամանակ որեւէ բառ չեղավ շրջափակված Արցախի մասին, կարելի էր Թուրքիային կոչ անել օգտագործել իր ազդեցությունն Ադրբեջանի վրա»,- ընդգծեց պատգամավորը։

Աղբյուրը՝ NEWS.am