Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին երեկ հարցրինք՝ արդյոք տեղյա՞կ է, որ մի շարք բարդ հիվանդությունների բուժման նպատակով շատ հիվանդանոցներում, այսպես կոչված, դեղերի մաֆիա է գործում։ Օրինակ՝ օնկոլոգիական հիվանդությունների բուժման նպատակով բժիշկներն ինչ-որ թանկարժեք դեղեր են նշանակում, որը հիվանդի հարազատները կարողանում են ձեռք բերել արտերկրից, ասենք՝ Վրաստանից, նկատելիորն ցածր գնով, բայց բուժող բժիշկը հրաժարվում է այն ընդունել՝ պարտադրելով տվյալ դեղը ձեռք բերել անպայման իր ասած դեղատնից ու մի քանի անգամ բարձր գնով։ Ու կան լուրջ կասկածներ, որ Հայաստանի բժիշկները ֆինանսական գործարքի մեջ են գտնվում դեղ ներկրող ընկերությունների, դեղատների հետ եւ անելանելի վիճակում գտնվող պացիենտների հաշվին միլիոններ են աշխատում։
Տիկին Ավանեսյանը, սակայն, կա՛մ բանից անտեղյակ էր, կա՛մ այնպես իրենց պահեց, ասես լավ էլ տեղյակ է, բայց ոչինչ չի կարող անել կամ էլ չի ուզում անել, որովհետեւ այդ «մաֆիան» հենց պետության կողմից է հովանավորվում։
«Ուրեմն, տեսեք, օրենքով սահմանված է, որ քաղաքացին իր բուժման համար անհրաժեշտ դեղորայքը կարող է ձեռք բերել այլ երկրից, դրանք բերել Հայաստան իր հետ կամ պատվիրել փոստային առաքման միջոցով։ Սա օրենքով սահմանված իրավունք է եւ որեւէ ձեւով չի կարող սահմանափակվել որեւէ մեկի կողմից»,- ասաց տիկին նախարարը։
Հարցրինք՝ իրեն երբեւէ որեւէ նման ահազանգ ուղղե՞լ են կամ թեժ գծով, օրինակ, քանզի եթե գնա հիվանդանոցներ ու զրուցի, ասենք, քաղցկեղով հիվանդ պացիենտների հարազատների հետ, այդպիսի բազմաթիվ պատմություններ կարող է լսել։ Նախարարը նորից ցրողական պատասխան տվեց․ «Տեսեք, մենք ցանկացած ահազանգ միանշանակ քննարկում ենք եւ հետադարձ գնում ենք՝ հասկանալու, թե ինչ է կատարվել, եւ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու։ Ես, իհարկե, ամեն թեժ գծի զանգի մասով չեմ կարող ասել, բայց ամեն տիպի ահազանգեր էլ լինում են, եւ, ինչպես ասացի, մենք ամեն կոնկրետ դեպքում հետադարձ հասկանում ենք՝ ինչ է կատարվել, եւ արդյոք օրենքի որեւէ խախտում կա՞, թե՞ ոչ»։
Նկատեցինք՝ կասկած կա, որ այս ամենը տարիներ ի վեր հենց պետական մակարդակով է հովանավորվում, նախարարը նորից իրեն անտեղյակի պես պահեց՝ հորդորելով դիմել իրավապահ մարմիններին։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։