կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-03 19:57
Քաղաքական

Իրանը գիտի սպասել, սպասելով հոգնեցնել և իր գործն անել. Ահարոն Վարդանյան

Իրանը գիտի սպասել, սպասելով հոգնեցնել և իր գործն անել. Ահարոն Վարդանյան

Իրանաամերիկյան լարված հարաբերությունների և Հայաստան-Իրան հարաբերությունների մասին Yerkir.am-ը զրուցել է իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ:

-Պարոն Վարդանյան, ինչպես նկատեցինք, գեներալ Սոլեյմանիի սպանությանը հաջորդող օրերին մերձիշխանական թևը հանդես էր գալիս որոշ ամերիկամետ դիրքորոշմամբ: Դա որևէ կերպ կարո՞ղ է ազդել հարաբերությունների հետագա զարգացումների վրա:

-Անկեղծ ասած չգիտեմ որն է «մերձիշխանական թևը», բայց հայ-իրանական հարաբերությունները մի օրվա կամ նունիսկ 30 տարվա պատմություն չէ, որ ունեն, այդ հարաբերությունները գալիս են դարերի խորքից, նրանք թրծվել են պատմության թոհուբոհի մեջ, նույնիսկ պատերազմներ ենք ունեցել միմյանց դեմ, այնպես որ այդ հարաբերությունները խաթարելն այդքան էլ հեշտ գործ չէ։

Հայաստանում պետք է գիտակցեն, որ Իրանը մեր համար կենսական նշանակություն ունեցող երկիր է, մեր բնական դաշնակիցը, արտաքին աշխարհի հետ կապող ճանապարհներից մեկ։ Արցախյան պատերազմի օրերին հայ-իրանական սահմանը համարվել է կյանքի ճանապարհ, որովհետև միակ բաց սահմանն է եղել, իհարկե, երբ Իրանն է գտնվել պատժամիջոցների ճնշման տակ, Հայաստանն էլ այդ ժամանակ է օգնության ձեռք մեկնել, այսինքն` հայ-իրանական հարաբերությունները նույնիսկ ժամանակակից փուլում է աշխարհաքաղաքական փորձությունների ենթարկվել, բայց դա ամենևին չի ազդել վերջինիս վրա։

Մի բան էլ պետք է հաշվի առնել․ եթե իրանական կողմին ինչ-որ բաներ դուր չեն գալիս, ապա նրանք անմիջապես չեն արձագանքի, երբեք։ Իրանը գիտի սպասել, սպասելով հոգնեցնել և իր գործն անել։

-Իրանի համար Հայաստանի Հանրապետությունն ի՞նչ կարևորություն ունի. մեր երկրում Իրանի համար աշխարհաքաղաքական ի՞նչ հետաքրքրություններ կան:

-Ինչպես արդեն վերևում նշեցի՝ Հայաստանը (նկատի ունեմ Արցախն էլ հետը) Իրանի համար նույնպես ունի մեծ նշանակություն մի քանի առումով։

Նախ Հայասատանը երբեք մինչ այժմ չի մասնակցել որևէ հակաիրանական միջոցառման։ Երկրորդ՝ Հայաստանը լինենով ԵԱՏՄ անդամ երկիր, ինչպես նաև ունենալով ԵՄ հետ  համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, (ՀԸԳՀ) լրացուցիչ աշխարհաքաղաքական հետաքրքրություններ է ներկայացնում Իրանի համար։  Ի վերջո պետք է հասկանանք, որ Հայաստանն առանձին Իրանի համար այլ բան է, Հայաստանը ԵԱՏՄ և ԵՄ վերոնշյալ համաձայնագրի հետ միասին` բոլորովին այլ բան։ Կարող են  լինել նաև այլ ձևաչափեր՝ մասնավորապես եռակողմ՝ Ռուսասատն-Հայաստան-Իրան, քառակողմ՝ Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան, կարող են լինել նաև նույնը Հունաստանի հետ` հաշի առնելով վերջինիս հետաքրքրություններն այս շրջանով և Թուրքիայի հետ ունեցած խնդիրները։ Իսկ Իրանն ու Թուրքիան այս տարածաշրջանում, եթե շատ մեղմ ասենք, մրցակից երկրներ են։ Այսինքն Հայաստանը ունի մի շարք հնարավորություներ, որոնք իրացնելու դեպքում Իրանի համար բոլորովին այլ հետաքրքրություններ կարող է ներկայացնել։

-Ինչպես նշում եք իրանագետներդ` տարածաշրջանում Իրանի գերակայությունը մեծանում է: Մեր տարածաշրջանը և կոնկրետ մենք` հայերս` շահ ունե՞նք դրանից:

-Տեսեք, երբ հետևում ենք տարածաշրջանային իրադարձություններին, ապա կարող ենք նկատել, որ Իրանն ամենուր ունի հսկայական ներկայություն։ Ներկայումս չենք կարող պատկերացնել մերջավոր Արևելքում որևէ Իրադարձություն, որը կարող է լուծվել` առանց հաշվի առնելու Իրանի Իսլամամական Հանրապետության շահերը։ Իրանը ներկա է Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, Աֆղանստանում, Պակիստանում, Եմենում, Բահրեյնում նույնիսկ Ադրբեջանական Հանրապետությունում։ Այսինքն սա փաստ է։ Կազմակերպելով գեներալ-լեյտենանտ հաջ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը` ԱՄՆ-ը թերևս նպատակ էր հետապնդում նաև թուլացնել Իրանի դիրքերը տարածաշրջանում, քանի որ գեներալ Սոլեյմանիի ողջ գործունեությունը միտված էր Իրանի ազդեցության մեծացմանը տարածաշրջանում և սպանելով վերջինիս, մտածում էին` երևի թե կկարողանան որոշ չափով թուլացնել Իրանի դիրքերը, չնայած, որ այլ դրդապատճառներ էլ կային (Սոլեյմանին ժամանալ էր Բաղդադ բանակցելու Սաուդյան Արաբիայի ներկայցուցչի հետ և հաջողության հասնելու դեպքում ԱՄՆ-ի դիրքերին հսկայական հարվածներ կհասցվեին, կար նաև ԱՄՆ ներքաղաքական խնդիրներ և այլն)։ Սակայն տեղի ունեցավ, փաստորեն, հակառակը, Իրաքը պահանջում է բոլոր տեսակի օտար զորքերի դուրս բերումը իր երկրի տարածքից, այդ թվում նաև Միացյալ Նահանգների։ Տարածաշրջանի բոլոր շիայական խմբավորումներն ու ուժերը հայտարարեցին, որ վրեժխդիր են լինելու գեներալ Սոլեյմանիի սպանության համար և այլն։ Փաստորեն տեղի ունեցավ կոնսոլիդացում Իրանի շուրջ։

Ինչ վերաբերում է մեր շահերին, ապա բնականաբար մեզ ձեռնտու է նախ` խաղաղ տարածաշրջան։ Գաղտնիք չէ, որ հարևան երկրներում ոչ կայուն իրավիճակը կարող է ազդել նաև մեր երկրի վրա, մանավանդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք էլ ենք գտնվում պատերազմական իրավիճակում։ Իսկ Բաքվի իշխանությունները մեկ անգամ չեն ապացուցել, որ պատրաստ են օգտվել ցանկացած անկայուն իրավիճակից և պղտոր ջրում փորձել ձկներ որսալ։ Բացի այդ, Իրանն իր քայլերով ցույց է տվել, որ տարածաշրջանում կատարում է հակաահաբեկաչական հսկայական պատժիչ դերակատարություն։  Եվ հետո, եթե, Աստված մի արասցե, Իրանում ինչ-ինչ իրադարձություներ տեղի ունենան, որոնց արդյունքում թուլանան կենտրոնական իշխանության դիրքերը, ապա պատկերացնու՞մ եք, թե ինչ կարող է տեղի ունենալ Հայաստանի և Արցախի հարավային սահմաններում։ Գիտեք, այնտեղ կա թյուրքախոս հատված, որը չնայած ունի բավականին հայամետ դիրքորոշում (ինքս բազմիցս եղել եմ Թավրիզում և զգացել եմ այն դրական վերաբերմունքը հայերի նկամամբ, որն առկա է այնտեղ), բայց, երբ չլինի կենտրոնական իշխանության վերահսկողություն, ապա չենք կարող ասել, թե այնտեղ ինչպես կաշխատեն Բաքվի և Թուրքիայի հատուկ ծառայությունները և ազդեցության գործակալները։ Ի դեպ նրանք ներկայումս էլ են այնտեղ բավականին լավ աշխատում, որոնց հակակշռելու համար ցանկալի կլինի, որպիսի Հայաստանը Թավրիզում էլ ավելի մեծացնի իր դիրքերը՝ ընդհուպ մինչև պաշտոնական ներկայությամբ, մասնավորապես հյուպատոսարանի բացմամբ։ 

Այս ամենն հաշվի առնելով՝ այո՛, ևս մեկ անգամ կարող եմ կրկնել, որ մեզ պետք է կայուն, զարգացող և խաղաղ Իրան։

-Իրանաամերիկյան հակամարտության հաջորդ փուլը, ըստ Ձեզ, ի՞նչ տեսք է ունենալու:

-Իրանաամերիկյան այս հակամարտությունը ո՛չ այսօր է սկզիբ առել, ո‘չ էլ վաղն ավարտվելու է։ Այն սկիզբ է առել 1979 թվականից ի վեր, այսինքն Իրանի Իսլամական Հանրապետոյթուն դառնալու օրվանից սկսած` արդեն 40 տարի։ Իհարկե, եղել են սրացումներ, կարգավորման հույսեր և այդպես շարունակ ու կարծում եմ` այդպես էլ կշարունակվեն այքան ժամանակ, քանի դեռ Իրանում և Միացյալ նահանգներում համարում են, որ երկուստեք իշխող հասարակարգերը միմյանց համար դասակարգային թշնամիներ են և դեմ են միմյանց զարգացմանը։  Այս ընթացքում, իհարկե, եղել են նաև գաղտնի բանակցություններ, որոնց մասին տարատեսակ լուրեր են սպրդվել դաշտ՝ սկսած այաթոլլոհ Խոմեյնիից, մինչ օրս, բայց այն կարծում եմ կշարունակվի մինչև այժմ եղած տրամաբանության շրջանակներում՝ օգտագործելով նաև ներկա հիբրիդային պատերազմների ընձեռած հնարավորությունները։

-Այդպես էլ չհստակեցվեց` Իրաքում ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծության հետևանքով ամերիկյան զինուժը մարդկային կորուստներ կրե՞ց, թե՞ ոչ:

-Կարծեմ` վերջերս տարբեր աստիճան 64 վիրավորների մասին էր խոսվում, որը, եթե չեմ սխալվում Միացյալ Նահանգները նույնպես ընդունել էր։  Սակայն, այստեղ մի բան եմ ուզում ընդգծել։

Երբ իրանական կողմը հասցնում էր հրթիռային հարվածներ, ամենևին էլ նպատակ չուներ ԱՄՆ-ին հասցնել մարդկային կորուստներ, հակառակ դեպքում Իրաքի միջոցով չէր զգուշացնի հնարավոր հարձակման մասին։ Իրանը` լինելով գաղափարական, իդեաների հետևից գնացող երկիր, շափազանց մեծ տեղ է տալիս նաև սիմվոլիզմին՝ նշանապաշտությանը։ Տեսեք, հարվածները հասցվում էին ճիշտ այն նույն պահին, երբ տեղի էր ունենում գեներալ Սոլեյմանիի հուղարկավորությունը։ Հարվածները հասցվել են ո‘չ պատահական ռազմաբազաների։ Նույն Այն ալ-Ասադ ռազմաբազայում հրթիռային հարվածներից ուղիղ մեկ տարի առաջ ժամանել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ կնոջ հետ միասին, հաջորդ կետը՝ Էրբիլը, ըստ երևույթին, նշանառության տակ հայտնվեց, այն բանի համար, որ երբ Իրաքի խորհրդարանը քվեարկում էր օտար զորքերի, այդ թվում նաև ԱՄՆ-ի, երկրից դուրս բերելու օգտին, վերջիններս լքեցին  այն։

-Հրթիռակոծությանն ԱՄՆ-ն չպատասխանեց` հայտարարելով, թե այդ լռությունը պարզապես խաղաղությանն ուղղված քայլ է: Իրականում ո՞րն էլ լռելու պատճառը:

-Նախ` շատ լավ աշխատեց իրանական կողմը, որոհետև հենց հրթիռակոծությանը զուգահեռ ԻՀՊԿ-ն հայտարարեց, որ Իրանի  ուղիղ հարվածների դեպքում թիրախի տակ են Թել Ավիվը, Դուբայը և Հայֆայը, այնուհետև տարածեց հաղորդագրություն, որ եթե հարևան որևէ երկրի տարածքից Իրանի վրա հարվածներ հասցվեն, ապա այդ երկիրն էլ կենթարկվի հրթիռային հարվածների և հետո շատ գրագետ գործեցին մեդիադաշտում՝ ամբողջովին գրեթե օնլայն ցուցադրելով ողջ գործընթացը և հետո, առանց վախենալու, կարող եմ ասել, որ ինչ-որ տեղ առավելության ստացան նաև քարոզչական տիրույթում և ամեն ինչ  լավ էր ընթանում Իրանի համար մինչ ուկրաինական ուղղաթիռի պատահական խոցումը։

Բացի այդ` ԱՄՆ-ի համար էլ ձեռնտու չէր հետագա սրացումը, որովհետև կարող էր իրադարձությունների զարգացումը դուրս գալ վերջինիս վերահսկողութունից և անհայտ էր, թե այդ ժամանակ ինչ տեղի կունենար։ Ի վերջո առջևում նախագահական ընտրություններ են և ձեռնտու չէ պատերազմական իրավիճակը։ 

Այսինքն ստեղծված իրավիճակը ձեռնտու էր երկու կողմի համար էլ։

-Զրույցը եզրափակենք` անդրադառնալով մեզ: Այս փուլում, երբ հարաբերական անդորր է, ՀՀ-ի անելիքը ո՞րն է:

-Հայաստանը մշտապես պետք է ջանա խորացնել, զարգացնել վերընթաց կորագծով շարունակել իր հարաբերությունները ոչ միայն Իրանի, այլև տարածաշրջանում առկա բոլոր ուժերի հետ։ Մենք պետք է գործի դնենք մեր ողջ ներուժը, քանի որ գտնվելով հարավային Կովկասում, հարևան լինելով Մերձավոր Արևելքի նման զգայուն, նուրբ և անկանխատեսելի տարածաշրջանին, չպետք է ապրենք այնպես, կարծեք գտնվում ենք Եվրոպայի կենտրոնում, իսկ մեր հարևանները ոչ թե թուրքերն են, այլ տարատեսակ եվրոպական ազգություններ։

Հենց վերջին դեպքերի ընթացքում տեսանք, թե ինչպես կարող է գործել Բաքվի իշխանությունը քարոզչական տիրությում, երբ տարածեցին այն հայտնի ապատեղեկատվությունը։ Եթե Ձեր ասած այս հարաբերական անդորրի պայմաններում չաշխատենք այդ բացը լրացնելու ուղղությամբ, ապա հաջորդ նմանատիպ իրավիճակում հնարավոր է արդեն ի վիճակի չլինենք չեզոքացնել ապատեղեկատվությունը։

Գևորգ Գյուլումյան