կարևոր
3124 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-16 13:01
Քաղաքական

Կ․Պոլսի 207-ամյա հայկական դպրոցը մատնված է անտերության

Կ․Պոլսի 207-ամյա հայկական դպրոցը մատնված է անտերության

Ստամբուլի (Կոստանդնուպոլիս-Ակունքի խմբ․) Բալաթ թաղամասում քայքայման մատնված 207-ամյա Խորենյան հայկական նախակրթարանի վիճակն օրեցօր վատթարանում է։

Ազգային փոքրամասնությունների ունեցվածքը հարյուրավոր տարիներ է, ինչ շարունակում է բռնազավթվել, այնինչ դրանցից հարյուրավորները վերածվել են գոմերի կամ ոչնչացվել են: Քանի որ հայկական գույքի մեծ մասը որակվել է որպես «պատմական շինություն», որևէ վերականգնում չիրականացվելով՝ կա՛մ ոչնչացել է, կա՛մ էլ գտնվում է ոչնչացման եզրին։ Այս հայկական կառույցներից է Բալաթի Խորենյան հայկական նախակրթարանը։

Խորենյան հայկական նախակրթարանը գտնվում է Բալաթի Այվանսարայում՝ Սինան ճարտարապետի կառուցած Ֆերուհ Քեթխուդա մզկիթի և Ստամբուլի առաջին բաղնիքներից մեկի՝ Բալաթ Աղայի բաղնիքի հարևանությամբ։ Նախակրթարանի սեփականության վկայականը պատկանում է դիմացի Սուրբ Հրեշտակապետ հայկական եկեղեցու հիմնադրամին։ Ուստի նախակրթարանի շենքը պաշտոնապես չի կարող առգրավվել։ Այնուհանդերձ,  բացի իր բուն գործառույթից, այն հարկադրաբար այլ նպատակներով է օգտագործվել:

Խորենյան հայկական նախակրթարանը կառուցվել է 1816 թ․, այստեղ ուսումնառությունն սկսել է 1866 թ․՝ 80 աշակերտով։ Մինչև 1925 թ․ որպես դպրոց օգտագործված շենքը կասկածելի պայմաններում բռնկված հրդեհից հետո անպիտան դառնալով՝ այլևս չի օգտագործվում որպես դպրոց։ Այդ ընթացքում, մինչ աշակերտներն իրենց ուսումը շարունակում էին Սուրբ Հրեշտակապետ հայկական եկեղեցում, հրդեհից ավերվել էր ոչ միայն դպրոցը, այլ նաև հոգևոր դպրոցի տարածքը  և հայկական գերեզմանատունը։

Դպրոցը փակ է ուսման համար, հայկական գերեզմանոցն ու հոգևոր դպրոցը այդ ժամանակվա իշխանությունների կողմից դատարկվել են։ Որոշ ժամանակ անց դպրոցի շենքը հայկական եկեղեցու կողմից վարձակալվում է որպես ծխախոտի պահեստ։ 1942 թ․ Ունեցվածքի հարկից և 1955 թ․ սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում կազմակերպված հարձակումներից հետո բազմաթիվ հայեր ենթարկվել են բռնի գաղթի հատկապես Բալաթի շրջանում, և երբ հայ բնակչության թիվն այստեղ կրճատվել է, աշակերտների թիվը ևս պակասել է։ Պաշտոնապես դպրոցը փակվել է 1977 թ․՝ վերջ դնելով ուսումնառության գործընթացին։

Դպրոցը մինչև 1990-ական թթ․ օգտագործվել է որպես ծխախոտի պահեստ, ապա կարճ ժամանակով՝ օճառի գործարան։ 1995 թ․ երկրորդ անգամ «կասկածելի» պայմաններում բռնկված հրդեհի ժամանակ մեծ ավերածություններ է կրել։ Դպրոցը որոշ ժամանակ ծառայել է որպես «Մեհթափ» ամառային կինոթատրոն։ Հայտնի չէ՝ արդյոք ամառային կինոթատրոնի համար հայկական հիմնադրամից թույլտվություն ստացվել է, թե ոչ։ Ամառային կինոթատրոնի փակվելուց հետո շենքի այգին օգտագործվել է որպես ավտոկայանատեղի, իսկ բուն շենքը՝ անօթևանների կողմից։ 2000-ականների կեսերին ավտոկայանատեղիի փակվելուց հետո այն որոշ ժամանակ գործածվել է որպես թղթի պահեստ, իսկ շենքի շրջակայքը, որը թե՛ անօթևանների, թե՛ թմրամոլների վայր էր, փակվել է 2018 թ․։ Դպրոցի հարևանությամբ գտնվող հայկական գերեզմանատան տարածքում շենքեր են կառուցվել, և տարածքը տրվել է բնակության, իսկ դպրոցը մատնվել է քայքայման։

Հիմնադրամների գլխավոր վարչության կողմից որպես «առաջին աստիճանի պատմական շինություն» գրանցված Խորենյան հայկական հիմնական դպրոցին առնչվող Սուրբ Հրեշտակապետ հայկական եկեղեցու, «Խորենյան» դպրոցի և «Հայկական գերեզմանոց» հիմնադրամի կողմից 2014 թ․ Հուշարձանների գերագույն խորհրդին ուղղված վերականգնման դիմումը մինչև 2021 թ․ որևէ արձագանք չի ստացել։ Հիմնադրամի ղեկավար Արամ Քուրանը 2018 թ․ «Ermeni Haber» կայքին տված պարզաբանման ժամանակ ասել էր․ «18 տարով վարձակալել է մի մասնավոր ընկերություն, նախատեսում են հյուրանոց դարձնել, սպասվում է հաջորդ թույլտվությունը առաջին աստիճանի պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող շենքի համար։ Մեր դիմումին պատասխան չի տրվել 4 տարի»։

Հիմնադրամի մեկ այլ ղեկավար՝ Զեքի Օջալը, հայտարարել է, որ Հուշարձանների գերագույն խորհուրդը հաստատել է վերականգնումը 2021 թ, և որ այն լինելու է Ֆաթիհի համայնքապետարանին առնթեր մշակութային կենտրոն։ Նույն տարի Ֆաթիհի համայնքապետն էլ է նշել, թե շենքը դառնալու է մշակութային կենտրոն, և համայնքապետարանն ընդունել է որոշումը։ Չնայած դրան՝ շենքում որևէ վերականգնման աշխատանք չի իրականացվել։ Շենքն օրեցօր շարունակում է քայքայվել։

207 yıllık Ermeni okulu çürümeye bırakıldı

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net