Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2021-02-02 14:35
Հասարակություն

ՀՀ հիմնադիր Արամ Մանուկյանի գերեզմանը մատնված է անտերության՝ ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի հիմնադիրների

ՀՀ հիմնադիր Արամ Մանուկյանի գերեզմանը մատնված է անտերության՝ ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի հիմնադիրների

Առաջին նկարում Վրաստանի դեմոկրատական հանրապետության հիմնադիր հայրերից Նոյ Ժորդանիայի, Նոյ Ռամիշվիլիի գերեզմաններն են ֆրանսիական Լևիլյան գերեզմատանը. նույն գերեզմանատանն են թաղված նաև մյուս հիմնադիրները՝ Եվգենի Գեգեչկորին, Ակակի Չխենկելին և Իրակլի Ծերեթելին (համացանցում նրանց գերեզմաններից նկարներ չկան)։

На изображении может находиться: дерево, обувь, растение и на улице

Մյուս նկարում Ադրբեջանի ժողովրդական հանրապետության հիմնադիր Մեհմեդ Էմին Ռասուլզադեի և Բաքվում ու Շուշիում հայկական ջարդեր կազմակերպած Ֆաթալի Խան Խոյսկու (սպանվել է 1920 թ. հունիսին՝ «Նեմեսիս» գործողության շրջանակներում՝ Թիֆլիսի Էրիվանսկի հրապարակում, ՀՅԴ անդամ Արամ Երկանյանի կողմից) գերեզմաններն են։

На изображении может находиться: 1 человек, дерево, растение и на улице

Երրորդում Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարանն է Անկարայում՝ Անըթքաբիրում։

На изображении может находиться: на улице

Չորրորդ նկարում Վանի ինքնապաշտպանության ղեկավար, Վանի նահանգապետ, ՀՀ առաջին ՆԳՆ նախարար, Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադիր հայր Արամ Մանուկյանի գերեզմանն է Թոխմախի գերեզմանատանը։ Ըստ հայտնի տեղեկությունների՝ Արամը սկզբնապես թաղվել էր Կոզեռնի գերեզմանատանը, բայց 1930-1940–ական թթ. գերեզմանատան քանդումից հետո վերաթաղվել է Թոխմախում։ ԽՍՀՄ տարիներին հայկական պետականության և ազգայինի հանդեպ ատելություն ունեցող իշխանությունները, իհարկե, չէին թույլատրի, որ Արամի գերեզմանը լինի արժանի նրա վաստակին, որպեսզի մարդկանց մոտ չարթնանա որևէ ազգային միտք։

На изображении может находиться: дерево, растение и на улице

Սակայն ՀՀ անկախացումից անցել է 30 տարի. 30 տարվա ընթացքում որևէ աշխատանք չի տարվել Արամ Մանուկյանի (որին պարտական է նաև երրորդ հանրապետությունը) գերեզմանը բարեկարգելու կամ նրան թեկուզ որևէ այլ տեղ, ըստ արժանվույն, վերաթաղելու համար։ Արամ Մանուկյանի գերեզմանը գտնելը գրեթե անհնար է «անծայրածիր» Թոխմախում, իսկ գտնելու համար էլ պետք է անցնել այլոց գերեզմանների վրայով և շատ նեղ ճանապարհով հայտնվել նրա գերեզմանի մոտ, որտեղ 2-ից ավելի մարդ հազիվ թե տեղավորվի։

Վրաց պետական գործիչները թաղված են ֆրանսիական գերեզմանատանը, ադրբեջանցի Ռասուլզադեն՝ Անկարայում, իսկ Խոյսկին՝ Թբիլիսիում։ Տրամաբանական կլիներ, որ վրացի և ադրբեջանցի գործիչների գերեզմաններն անխնամ վիճակում լինեին, քանի որ իրենց հայրենիքից դուրս են, իսկ Հայաստանում թաղված Արամի գերեզմանը՝ ավելի խնամված ու լավ վիճակում։

Ցավոք, Արամ Մանուկյանի մասին քչերը գիտեն, ոմանք լսել են անունը, շատերը տեղյակ էլ չեն, թե ով է։ Շատերը կասեն, որ Արամի գերեզմանի վիճակի համար «մեղավոր է Դաշնակցությունը», բայց ինչպես Արամի ժամանակակիցն էր ասում՝ «Արամը դուրս եկավ մեր կուսակցության սահմաններից ու դարձավ ազգային դեմք»։

Այս ամենն, իհարկե, մանրուք է թվում այսքան ազգային խնդիրների կողքին։ Բայց ինչքան ազգային խնդիրներ չէին լինի, եթե «Արամին լավ նայեինք»։

Արամի գերեզմանը նման է նրա կյանքի վերջին տարիներին՝ հպարտ, բայց «թշվառ»... Ռուբեն Տեր-Մինասյանն իր հուշերում գրում է. «…Չորս պատ, չորս աթոռ, ո՛չ սեղան, ո՛չ էլ մահճակալ…»: Ժամանակակիցները պատմում են, որ նույնքան անշուք է եղել նաև Արամ Մանուկյանի Երևանի բնակարանը (Արամի փողոցի վրայի կիսավեր շենքը): Երբ ընկերներն այդ մասին դիտողություն են արել, նա պատասխանել է` «Դատարկ բաներով մի՛ մտահոգվեք»:

 

Ա. Եղիազարյան