կարևոր
2914 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-22 19:36
Քաղաքական

Այսօր Լաչինի միջանցքը փակ է այս իշխանությունների գործունեության արդյունքում. Իշխան Սաղաթելյան

Այսօր Լաչինի միջանցքը փակ է այս իշխանությունների գործունեության արդյունքում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«11 օր է ճանապարհը փակ է, Արցախը կանգնած է հումանիտար աղետի եւ ցեղասպանության առջեւ, ՀՀ իշխանությունները ուղիղ հայտարարում են, որ դա ռուս խաղաղապահների ազդեցության  գոտին է եւ իրենք այդտեղ անելիք չունեն: Նույն հաջողությամբ երբ թշնամու զորքերը ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք, հասան մինչեւ Վարդենիս ու Ջերմուկ, այդ ժամանակ էլ ասացին՝ ՀԱՊԿ-ն է մեղավոր, ՀԱՊԿ-ը չօգնեց: Այսինքն օրվա իշխանությունը, որ ունի թիվ մեկ պատասխանատվությունը երկրի տարածքային ամբողջականությունն ապահովելու, իր քաղաքացիների անվտանգությունն ու պաշտպանությունը կազմակերպելու համար, հրաժարվում է իր թիվ մեկ պատասխանատվությունից: Անընդհատ այդ մեղքը բարդում է մեկ ռուսների վրա, մեկ ղարաբաղիցների, մեկ ընդդիմության, նախկինների: Այսինքն  բոլորը մեղավոր են այս շղթայի մեջ, բացի գլխավոր  պատասխանատուից, ով ստանձնել է իշխանություն եւ այս ամենի համար պատասխանատու է»,-ասաց Սաղաթելյանը:

Նրա խոսքով, երբեմն հասարակության մեջ ուղղորդված քարոզչությամբ փորձում են տպավորություն ստեղծել, թե ելք չկա, հնարավորություն չկա, այն, ինչ կա, այդպես էլ պետք է լինի, մենք ինչ կարողանում անում ենք:

«Եթե իրենք ինչ կարողանում անում են եւ արդյունքում ունենք այն, ինչը կա, ուրեմն րոպե առաջ պետք է հեռանան, որովհետեւ իրենց գործունեության արդյունքում մենք շարունակում ենք ունենալ նոր կորուստներ, նոր զոհեր»:

Անդրադառնալով ռուս խաղաղապահներին, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Իհարկե, ռուս խաղաղապահները պետք է ամբողջությամբ իրականացնեն իրենց առաքելությունը. «Բայց այստեղ պետք է հստակ արձանագրենք, որ Փաշինյան-Էրդողան-Ալիեւ բանակցությունները որեւէ կերպ չեն կանխում Հայաստանի նկատմամբ որեւէ ագրեսիան: Ընդհակառակը, խաղաղության պայմանագրի շուրջ կոչված  բանակցությունները բերում են նոր պատերազմ, նոր զոհեր: Հետեւաբար, պետք է այդ բանակցություններն առկախել, բանակցությունների միակ արդյունավետ ֆորմատը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատն է, որտեղ կան միջազգային երաշխիքներ, յդ ֆորնմատը արդյունավետ աշխատել է»,-ընդգծեց նա:

Աղբյուրը՝ NEWS.am