Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Արդեն 4-րդ օրն է՝ ադրբեջանցի «բնապահպանները»՝ կենդանիների մորթիներից կարված մուշտակներով ու սատկած աղավնիներ թռցնելով, փակ են պահում Արցախը Հայաստանին կապող միակ ուղին՝ Բերձորի միջանցքը, կտրել են գազամատակարարումը եւ Արցախում լուրջ խնդիրներ առաջացրել։ Մինչ ՀՀ իշխանությունները սպասողական վիճակում են, միջազգային հանրությանն ահազանգելու պարտավորությունն իրենց վրա են վերցրել Արցախի ներկա ու նախկին ՄԻՊ-երը։ 2 օր է՝ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը նստացույց է անում ՄԱԿ-ի գրասենյակի առաջ։ Իսկ երեկ ակցիաների շարք էր նախաձեռնել Արցախի գործող ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, ով չի կարողանում Ստեփանակերտ հասնել։
Նրան էին միացել Արցախի առաջին ՄԻՊ Յուրի Հայրապետյանը, երկրորդ ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։ Մոտ 4 տասնյակ քաղաքացիներ էլ էին մասնակցում Հայաստանում գործող մի շարք դեսպանատների առջեւ կազմակերպված խորհրդանշական ակցիաներին։ Բողոքի ցույցը մեկնարկեց Հայաստանում ԱՄՆ դեպանատան առջեւից։ Դիմելով ԱՄՆ կառավարությանը եւ անդրադառնալով Ադրբեջանի գործողություններին՝ Գեղամ Ստեփանյանն ասաց․ «Սա այլ կերպ բնութագրել, քան հանցագործություն, չի կարելի։ Մենք 2 տարի շարունակ բարձրաձայնում ենք, դիմում ենք միջազգային հանրությանը, այդ թվում՝ եւ ԱՄՆ-ին՝ ասելով, որ Ադրբեջանն Արցախում իրականացնում է էթնիկ զտման քաղաքականություն։ Հայտարարում ենք, որ Ադրբեջանն իրականացնում է ցեղասպան քաղաքականություն, եւ տեսնում ենք, որ այս ամենից հետո միջազգային հանրությունը փորձում է հավատալ Ադրբեջանի, այսպես կոչված, խոստումներին, թե իբր կարող է ապահովել արցախցիների իրավունքներն ու անվտանգությունը»։
Այնուհետեւ երթը շարժվեց դեպի Չինաստանի դեսպանատուն, որի առջեւ եւս թղթե ինքնաթիռներ բաց թողեցին՝ պահանջելով, որ Չինաստանն օգտագործի իր միջազգային հեղինակությունը եւ ոչ միայն ստիպի, որ Ադրբեջանը բացի միջանցքը, այլեւ Արցախը Հայաստանին կապող օդային ճանապարհ ստանալուն աջակցի։ Եվրամիության ներկայացուցչության գրասենյակի դիմաց Արցախի նախկին ՄԻՊ-երին ու ցուցարարներին միացավ նաեւ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ «Ակնհայտ է, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում, արդեն չեն էլ թաքցնում, Ադրբեջանի իշխանության կազմակերպածն է։ Սկզբում փորձեցին ձեւացնել, թե անկախ ակտիվիստներ են, բայց հիմա անգամ իրենք են ընդունում։ Այդ իշխանությունները 44-օրյա պատերազմից հետո այդպես էլ որեւէ պատասխանատվության չենթարկվեցին, խոսքը չի վերաբերում միայն այն ռազմական հանցագործներին, որոնք խոշտանգում էին ու խախտում մեր հայրենակիցների իրավունքները, այլ հենց Ադրբեջանի իշխանություններին, որովհետեւ սա նրանց տարիների քաղաքականությունն է, եւ այն, ինչ տեղի է ունենում, հենց դրա հետեւանքն է»,- ասաց Թաթոյանը, ապա դիմեց միջազգային հանրությանը․ «Հիմա հատկապես եվրոպական երկրների համար անհրաժեշտ է ցույց տալ, որ մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, որի մասին այդքան խոսվում է, ոչ թե պարզապես բառեր են, այլ իրական գործող սկզբունքներ։ Ժամանակն է ցույց տալու, որ չկան երկակի ստանդարտներ․․․ իսկ երբ խոսք է գնում տնտեսական տարբեր շահերի, աշխարհաքաղաքական խաղերի մասին, մարդն իր իրավունքներով մղվում է երկրորդ պլան»։
Ցուցարարները եղան նաեւ ՌԴ ու Ֆրանսիայի դեսպանատների առջեւ, երթն ավարտվեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։