կարևոր
3436 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-13 17:25
Քաղաքական

Լաչինի միջանցքի փակումն իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների, անձամբ՝ նախագահի ուղղորդմամբ. Արցախի ՄԻՊ

Լաչինի միջանցքի փակումն իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների, անձամբ՝ նախագահի ուղղորդմամբ. Արցախի ՄԻՊ

Մարդու իրավունքների մասին միջազգային իրավունքը հստակ ամրագրում է, որ որևէ վայրկյան չպետք է խաթարվեն կենսաապահովման համար անհրաժեշտ պայմաններն, այնինչ մենք տեսնում ենք, որ արդեն 24 ժամից ավելի խաթարված է Արցախում ապրող մարդու ամենատարրական իրավունքը: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ով Երևան է ժամանել օրեր առաջ՝ մասնակցելու դեկտեմբերի 12-ին մեկնարկած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումին և չի կարողանում Արցախ վերադառնալ՝ ճանապարհի փակ լինելու պատճառով:

«Պետք է անդրադառնանք, թե հումանիտար ինչ հետևանքներ կարող է ունենալ և ինչ հետևանքներ է արդեն ունենում ադրբեջանական այս հանցավոր գործողությունը. Նախ և առաջ, արդեն 24 ժամից ավելի դադարեցված է սննդամթերքի, էներգակիրների (բենզինի և դիզվառելիք), դեղորայքի և այլ անհրաժեշտ պարագաների մատակարարումն Արցախի ամբողջ տարածքում: Այս ամենն իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների, անձամբ Ադրբեջանի նախագահի ուղղորդմամբ և նրա հրահանգներով, որովհետև այն թեզերը, որ շրջանառվում են՝ իբր բնապահպանական հարցեր և այլն՝ ամբողջությամբ կեղծ են: Կա տեղեկատվություն, որ այդ ճանապարհը փակողները հիմնականում ադրբեջանական իշխանությունների կողմից ուղղորդվողներն են, այդ թվում՝ նաև հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ»,- նշեց ՄԻՊ-ը:

Գեղամ Ստեփանյանը ևս մեկ անգամ հրավիրեց միջազգային դերակատարների, միջազգային իրավապաշտպան և միջկառավարական կազմակերպությունների ուշադրությունը շատ կարևոր մի հանգամանքի վրա՝ փաստացի այս պահի դրությամբ Արցախում 120 հազար մարդ գտնվում է շրջափակման մեջ:

«Այստեղից պետք է հատուկ ընդգրկենք նաև այն հանգամանքը, որ Արցախն օդային հաղորդակցություն չունի աշխարհի որևէ կետի հետ»,- ընդգծեց բանախոսը:

Արցախի ՄԻՊ-ի խոսքով՝ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն ահազանգներ է ստանում, որ բժշկական հաստատություններում առկա դեղորայքային պաշարները մի քանի օրվա են, ու այսկերպ շարունակվելու դեպքում այս հարցում կանգնելու են շատ լուրջ խնդրի առաջ: Նույնը վերաբերում է սննդամթերքի ու էներգակիրների մատակարարումներին: