Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հետտոնական սթրես. հոգեբաններն այն հաղթահարելու հազար ու մի ձեւ են առաջարկում, բայց մեր հասարակությանը սթրեսը հաղթահարելու համար, իմ խորին համոզմամբ, կփրկի, ասենք, տոներից հետո առաջին աշխատանքային օրը 200 000 դրամ հավելավճար տալը: Հավաստիացնում եմ` սթրեսը միանգամից տեղի կտա:
Հետտոնական սթրեսն ի հայտ է գալիս հունվարի ուղիղ կեսին, երբ գալիս է կոմունալները եւ վարկի տոկոսները վճարելու ժամանակը, իսկ դրամապանակները դատարկ են լինում` բոնբոներկայի, օղու, խոզի բդի,- կներեք, մոռացել էի, որ խոզն արդեն «մոդայիկ» չէ,- կոկորդիլոսի, չարազի, մրգի, հազար ու մի «զրթուզիբիլի» պատճառով: Այս օրերին միակ տեղը, որտեղ մարդկային հոսք կարելի է նկատել, բանկերն ու փոստերն են` մի տեղից վերցնում են, փոխանցում մյուսին: Այս օրերին ոչ ոք այլեւս չի հարցնում` ինչպե՞ս անցկացրիք Ամանորը:
***
Տեսնես` ի՞նչն է մեզ խանգարում, իրոք, վերջ տալ էս Ամանորի ձեւական անցուդարձին: Ամեն տարի ասում ենք` վերջ, էլ եկող տարի Նոր տարի չենք անելու, բայց, մեկ է, դեկտեմբերի 20-ից վազում ենք շուկաները:
***
Բանկից 100 000 դրամ էինք վարկ վերցրել, էդքան էլ ամուսինս տուն բերեց: 50 000 դրամ պահեցինք կոմունալների համար, մնացածով Ամանորի առեւտուրն արեցինք: Մոռացել էինք, որ գազը թանկացրել են. 50 000 դրամ միայն գազի վարձն էր: Ոչինչ, թող ջուրն ու հոսանքն անջատեն, մենք էլ գազ կխմենք, գազով կլողանանք, գազի բոցերին կնայենք, գազե մոմ կվառենք… Որ կարողանայինք գազով մեր վարկի տոկոսն էլ վճարել, գոհ ու շնորհակալ կլինենք իշխանություններին:
***
Տանը` ցուրտ, դրսում` արեւ-արեւ, գրպաններս` դատարկ, վզներիս էլ` լիքը պարտք: Երեխես ասում ա` պա'պ, էս տարի մաման ինչ տոնածառի հանդես չտարավ, դու կտանե՞ս: Դե արի, բացատրի, որ ներկայացում գնալ պետք չի, լուրերով ամբողջ օրը թատրոն են ցույց տալիս:
***
Կոշիկներս ջուր են քաշում, հասկանում եք` ինչ է նշանակում այս եղանակին դա: Թարսի պես` հալոցք է: Իսկ ես պետք է աշխատեմ, որ երեխաներիս կերակրեմ: Տանը խաչապուրի, պերաշկի եմ թխում, փողոցում վաճառում: Մանավանդ հիմա, երբ մարդիկ գումար չունեն ինչ-որ տեղ ճաշելու, լավ էլ վաճառում եմ թխածս, բայց այսօր էլ դժվար գնամ տուն ու նորից բան բերեմ վաճառքի` ոտքերս մրմռում են:
***
Մամային ասում եմ` «Կինդեր» առ երկու հատ` ինձ ու ապերին, ասում ա` բալե'ս, ուզում ես տունը տա՞ք լինի, թե՞ քեզ համար «Կինդեր» առնեմ: Մեկը մյուսի հետ ի՞նչ կապ ունի, չգիտեմ:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ