կարևոր
5230 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-06 16:00
Տարածաշրջան

Հուսով ենք, որ Հայաստանն անպատասխան չի թողնի Թուրքիայի և Ադրբեջանի խաղաղության ձեռքը. Աքար

Հուսով ենք, որ Հայաստանն անպատասխան չի թողնի Թուրքիայի և Ադրբեջանի խաղաղության ձեռքը. Աքար

Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք կամ սադրանք, անկախ դրա աղբյուրից, կճանաչվի որպես ընդհանուր մարտահրավեր եղբայրական երկրների ճանապարհին. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ երեքշաբթի օրը Բաքվի մերձակայքում գտնվող Փերեքիշքյուլ զորավարժարանում «Եղբայրական բռունցք» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների մասնակիցներին դիմելով. փոխանցում է Anadolu-ն։

Նրա խոսքով, Անկարան և Բաքուն «ընդհանուր են համարում և՛ բարեկամներին, և՛ թշնամիներին»։ «Սրանում թող ոչ ոք չկասկածի», - ընդգծել է թուրք նախարարը։

Հուլուսի Աքարը նշել է, որ ողջ աշխարհն այսօր ապրում է անկայունության, ռիսկերի ու սպառնալիքների շրջան։ «Ստեղծված իրավիճակում մեր երկրների և ժողովուրդների անվտանգության ապահովումը հնարավոր է միայն և միայն ուժեղ բանակի առկայության միջոցով՝ որպես արդյունավետ զսպման գործոն, և դրա համար անհրաժեշտ է ունենալ բարձր պրոֆեսիոնալ կադրեր, սպառազինություն և տեխնիկա», - ասաց նա։

Հուլուսի Աքարն Ադրբեջանը Թուրքիայի համար հարազատ և եղբայրական երկիր է անվանել և հաստատել Արցախյան 44-օրյա պատերազմին Թուրքիայի մասնակցությունը։ «Համաշխարհային հանրությունը ականատես եղավ մեր միասնությանը 44-օրյա պատերազմի ընթացքում, որի արդյունքում Ադրբեջանի պատմական հողերն ազատագրվեցին երկար տարիների հայկական օկուպացիայից»,- ընդգծել է նա։

Թուրք նախարարը հորդորել է փակել տարածաշրջանում առկա հակասությունների ու ատելության էջը և սկսել կառուցել ընդհանուր ապագա՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի հարգման վրա։

Աքարը բարձր է գնահատել Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների դիրքորոշումը, որոնց հայտարարությունները բազմիցս հնչեցրել են հստակ ուղերձ տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման համար։ «Մենք անկեղծորեն հույս ունենք, որ Հայաստանն անպատասխան չի թողնի Թուրքիայի և Ադրբեջանի խաղաղության ձեռքը»,- ընդգծել է նախարարը։

Եզրափակելով՝ թուրք նախարարը մատնանշել է Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցությունների, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորությունը։