Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ» թերթը գրում է․
Արդարադատության նախարարությունն օրենսդրական փոփոխությունների նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով նախատեսվում է դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներին, այդ թվում՝ գլխավոր դատախազին, պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսի չափով հավելավճար տրամադրել։ Այսինքն՝ դատախազների եւ գլխավոր դատախազի եկամուտները կավելանան մոտ 70 տոկոսով։ Փոփոխություններն ու լրացումները կատարվում են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում։
Նախ՝ փոփոխություն է կատարվում օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում, որտեղ ներառված են այն պաշտոնները, որոնց մասով բացառություն է արված, եւ հավելավճարի 30 տոկոսը չգերազանցելու պահանջը նրանց չի վերաբերում։ Այդ շարքում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողները, քրեակատարողական ծառայության եւ փրկարար ծառայության ծառայողները, Սահմանադրական դատարանի նախագահը, փոխնախագահը եւ դատավորը, Վճռաբեկ դատարանի դատավորը։ Այս շարքում են ուզում ավելացնել նաեւ դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնողներին՝ գլխավոր դատախազին ու դատախազներին։ Այսինքն՝ նրանց տրվող հավելավճարները կարող են գերազանցել պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսը։
Օրենքի 14-րդ հոդվածը, որը վերաբերում է դատախազների վարձատրությանը, լրացվում է 4-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ․ «Դատախազին՝ որպես առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված եւ մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձի, սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի հարյուր տոկոսի չափով»։
Ներկայումս գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի գործակիցը 15 է, այսինքն՝ գլխավոր դատախազը ստանում է 992 հազար դրամ, որի 100 տոկոս հավելման դեպքում գլխավոր դատախազի ամսական եկամուտը կկազմի 1 մլն 984 հազար դրամ։ 2023 թվականին բազային աշխատավարձը 66 հազար 140 դրամից կդառնա 83 հազար 200 դրամ, այս պարագայում գլխավոր դատախազի աշխատավարձը կկազմի 1 մլն 248 հազար դրամ, 100 տոկոս հավելումով՝ 2 մլն 500 հազար դրամ։
Արդարադատության նախարարությունը նախագիծը հիմնավորում է նրանով, որ վերջին շրջանում քրեական գործերը շատացել են, դատախազները ծանրաբեռնված են աշխատում, բացի այդ էլ՝ ռիսկային պաշտոն են զբաղեցնում։ Իսկ պաշտոնի ռիսկայնությունը բացատրվում է նրանով, որ մեղադրյալները, նրանց հարազատները քրեական հետապնդումը նույնականացնում են դատախազի հետ, անձնավորում են։
Հիմնավորման մեջ նաեւ նշվում է, որ դատախազի աշխատանքը գրավիչ չէ ֆինանսական տեսանկյունից, եւ իրավաբանները գերադասում են փաստաբան աշխատել, սակայն հարց է առաջանում, թե գլխավոր դատախազի եկամուտներն ինչու են այսքան ավելանում՝ այն դեպքում, երբ նա առանց այդ էլ շատ բարձր աշխատավարձ է ստանում։
Արդարադատության նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան հաստատեցին, որ այս նախագիծը նաեւ գլխավոր դատախազին է վերաբերում։ Փաստորեն, շարքային դատախազների վարձատրության անվան տակ գլխավոր դատախազի վարձատրությունն էլ է բարձրանում՝ հասնելով ահռելի, անտրամաբանական չափի։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։