կարևոր
2893 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-17 11:54
Քաղաքական

Դոնֆրիդը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն ունեն

Դոնֆրիդը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն ունեն

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի՝ Եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը կարծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ունեն ամուր խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն ՝ լուծելով հաամարտությունը, որը սկսվել է Խորհրդային Միության փլուզման ժամանակ և շարունակվել ավելի քան 30 տարի: Այս մասին Դոնֆրիդն ասել է հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ:

«Եղել են խնդիրներ, ինչպիսիք են ռազմական գործողությունները, որոնք բռնկվեցին սեպտեմբերի 13-14-ին: Երբ սկսվեցին ռազմական գործողությունները, մենք անմիջապես ներգրավվեցինք, որպեսզի կանգնեցնենք ռազմական բախումները: Այս բախումները մեզ հիշեցրեցին իրավիճակի փխրունության և համապարփակ ամուր խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին: Պետքարտուղար Բլինքենը կարևոր դեր ունեցավ երկխոսության հաստատման հարցում: Նա երկու երկրների արտաքին գործեր նախարարների հանդիպումներ հյուրընկալեց սեպտեմբերի 7-ին և նոյեմբերի 7-ին, ինչպես նաև հոկտեմբերի 4-ին հեռախոսազրույցներ ունեցավ երկու նախարարների հետ:  Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում հանդիպեց երկու երկրների իր գործընկերների հետ՝ ի ցույց դնելով ողջ վարչակազմի հավատարմությունը խաղաղության հաստատմանը: Հիմնականում մեր միջնորդությամբ Ադրբեջանը հոկտեմբերի 4-ին ազատ արձակեց 17 հայ ռազմագերիների, որոնք գերեվարվել էին սեպտեմբերյան մարտերի ժամանակ: Այսպիսի քայլերն օգնում են երկու կողմերի միջև վստահություն կառուցելու հարցում, և մենք օգտագործում ենք ցանկացած հնարավորություն՝ Ադրբեջանին կոչ անելու ազատ արձակել մնացած պահվող անձանց: Մենք շարունակում ենք խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին պահպանել բանակցությունների թափը, և մենք սա անում ենք ԵՄ-ի և այլ գործընկերների հետ սերտ համակարգմամբ»,- ասել է Դոնֆրիդը:

Նա հավելել է, որ այս կոնտեքստում դրական են գնահատում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսությունը և կողմերին հասկացնել են տվել, որ ցանկանում են օգտակար լինել: