Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 423.5 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 506.82 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Թուրքիայի նախագահի խոսնակ, ավագ խորհրդական Իբրահիմ Քալընը CNN Türk-ի եթերում խոսել է հայ-թուրքական, հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացներից։
Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին՝ Քալընը նշել է, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցնելու և սահմանը փակելու հիմնական պատճառը եղել է «Ղարաբաղի բռնազավթումը»։ Իսկ հիմա, երբ «բռնազավթումն ավարտվել է», արդեն վերացել է իրենց կայացրած այդ որոշման պատճառը։
Այնուհետև ի պատասխան լրագրողի հարցերին, թե գործընթանցն այդուհանդերձ ընթանալու է Ադրբեջանի հետ զուգահեռ և որն է վերջին իրավիճակն այդ ուղղությամբ, Իբրահիմ Քալընը նշել , որ 2 գործընթացներն էլ այժմ ավելի դրական, ավելի հուսադրող հունով են առաջ ընթանում։
Նա մասնավորապես հիշեցրել է երկու երկրներների արտգործնախարարների և հատուկ ներկայացուցիչները համաձայնության գալը 3-րդ երկրի քաղաքացիների համար սահմանների բացման և օդային բեռնափոխադրումների, օդային երթևեկության բացման հարցում։
«Մենք էլ ցանկանում ենք, որ այդ գործընթացն առաջ ընթանա, գիտենք, որ հայկական կողմն էլ այդ հարցում բարեմիտ, կառուցողական դիրքորոշում ունի։ Ադրբեջանի հետ ևս այդ գործընթացի դրական կերպով շարունակմանը մենք աջակցում ենք, խրախուսում ենք, և միաժամանակ Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան կարգավորումը ողջ Հարավային Կովկասին մեծ հանգստություն է բերելու։ Տա Աստված տեսնենք այն օրը, որ մեր հարաբերությունները կարգավորվել են, սահմանը բացել ենք, սահմանային առևտուր, գնալ -գալ կա և այլն»,- ասել է Քալընը։
Վերջինս հատուկ շեշտել է, որ Հայաստանը 2.5-3 մլն բնակչությամբ դեպի ծով ելք չունեցող ցամաքային պետություն է, որի ամենակարևոր ելքը Թուրքիան է: Ուստի, ըստ նրա, հարաբերությունների կարգավորումը լավ կլինի թե Հայաստանի ժողովրդի, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի հայերի և թե հայկական սփյուռքի համար։
«Ցավոք, գուցե սա ամենաուշը Ամերիկայի ու Ֆրանսիայի հայկական համայնքները հասկանան, քանի որ գիտեք՝ աշխարհում 2 մեծ հայկական սփյուռք կա, մեկը Ֆրանսիայում, մյուսը՝ ԱՄՆ-ում: Հույս ունեմ նրանք էլ կհասկանան, որ կարգավորումը շահեկան կլինի նաև առևտրի տեսանկյունից. Ադրբեջանի հետ առևտուր կանի, մեզ հետ առևտուր կանի, մարդիկ կգնան-կգան, Հայաստանի ժողովուրդն էլ շունչ կքաշի: Սա ներդրում կլինի ամբողջ տարածաշրջանի խաղաղության համար»,- նշել է թուրք պաշտոնյան և հույս հայտնել, որ առաջիկա օրերին ավելի լավ և ավելի դրական քայլեր կկատարվեն: