կարևոր
3340 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-28 13:38
Քաղաքական

Ցանկացած փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, մեր կողմից պատռվելու է․ Իշխան Սաղաթելյան

Պուտինի տեքստը շատ հստակ ու պարզ էր, մենք այդ մասին ևս այս ընթացքում խոսել ենք, նաև ԱԺ-ում հայտարարությունների ժամին մեր մասնակցելու նպատակը դա էր, որ հստակ արձանագրվի, որ ցանկացած փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, մեր կողմից պատռվելու է, անընդունելի է և ամեն կերպ դրա դեմ պայքարելու ենք: Այս մասին «Լազարյան ակումբի» նիստից առաջ, լրագրողների հետ զրոույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով նախօրեին «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում ՌԴ նախագահի արած հայտարարությանը, թե կա վաշինգտոնյան փաստաթուղթ, որով առաջարկվում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում:

«Կա ամերիկյան կողմի ներկայացրած հստակ սեղանին դրված փաստաթուղթ, որը մամուլում հրապարակվել է` սեպտեմբերի 27-ով թվագրված, որով Արցախը թողնում են Ադրբեջանի կազմում: Դա լինի ամերիկյան տարբերակ, ռուսական, թե չինական, կապ չունի: Փաշինյանը չունի իրավունք միայն որոշելու 5000-ամյա ժողովրդի ճակատագիրը։ Սա Արցախի հարց չէ, Հայաստանի պետականության գոյության հարց է և այն ինչ անում է այս խեղկատակը մեր ժողովրդի գլխին, դա տանելու է կործանման, և միակ ճանապարհը երկիրը նոր կապիտուլյացիայից կանխելու, ստեղծված իրավիճակից դուրս գալու համար` համաժողովրդական, համահայկական ընդվզումն է օրվա իշխանությունների դեմ»,- ասաց նա:

Անդրադառնալով հոկտեմբերի 30-ին Արցախում կայանալիք հանրահավաքին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նշեց. «Մեր պայքարը կանգ չի առել, Արցախում կայանալիք հանրահավաքից անմիջապես հետո մենք կարձագանքենք և կներկայացնենք պայքարի այն ձևերն ու մեթոդները, որոնք պատկերացնում ենք առաջիկայում: Այս պահին վստահեցնում եմ, որ ամեն ինչ անելու ենք»:

Հարցին, արդյո՞ք ընդդիմությունը ազդակ ստացել է Արևմուտքից, որ Հայաստանը ձգտում է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, դաշնակացական գործիչը նշեց․ «Կլինի Մոսկվայում, Վաշինգտոնում, թե Բրյուսելում` մեր դիրքորոշումը շատ հստակ է։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի մենք ամեն տեղ մի բան չենք ասում իրար հակասող,  դա մեզ համար հստակ է, կարմիր գիծ է, քննարկման թեմա չի կարող լինել որևէ լուծում, որով Արցախը կմնա Ադրբեջանի կազմում»: