կարևոր
5554 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-31 22:35
Հասարակություն Աշխարհ

«Խաղաղության խաչմերուկով» ստացվում է՝ Գոբլի ծրագիրն իրագործվում է Փաշինյանի միջոցով. Կարեն Խանլարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Իրանի Իսլամական Հանրապետության Խորհրդարանի նախկին պատգամավոր (2012-2020թթ.), պատմական գիտությունների թեկնածու Կարեն Խանլարյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

-Իրանցիները, մանավանդ վերջին գեոպոլիտիկական փոփոխությունների լույսի տակ, հայտարարել են, թե իրենց կարմիր գծերը որոնք են։ Իրենք հատկապես 44-օրյա պատերազմից հետո հստակ ասել են՝ Զանգեզուրի միջանցքն իրենց համար կարմիր գիծ է։

-Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման մասին Իրանն ավելի դեկլարատիվ հայտարարություններ արեց, ձեռնպահ մնաց՝ կրկին, ինչպես ՌԴ-ն, հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի՝ Պրահայի հայտարարությունները (Պրահայում Փաշինյանը ստորագրեց մի փաստաթղթի տակ, որտեղ հայտարարված էր` Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են տարածքային ամբողջականությունը,- խմբ.)։

-Թեև ԱՄՆ-ի՝ տարածաշրջանում քաղաքականության առանցքում հակաիրանական գիծը գերակշռում է, բայց շատ ջրեր են հոսել։ Օրինակ, երբ Նենսի Փելոսին եկավ Հայաստան, Իրանից շատ կոշտ գնահատականներ չհնչեցին։ Կարծում եմ՝ Իրան-Հայաստան փոխհարաբերությունները շատ զգայուն են թե ԱՄՆ-ի, թե Իրանի համար։ Հայաստանը պետք է գործուն քայլեր անի։

-3+3 ձևաչափը նպատակ ունի տարածաշրջանում բացառել Արևմուտքի ազդեցությունը, իսկ Վրաստանն արևմտյան կողմնորոշում ունեցող երկիր է, այդ պատճառով չմասնակցեց։ Այդ պատճառով էլ պատրվակ բերելով Ռուսաստանի մասնակցությունը՝ Վրաստանը հրաժարվեց մասնակցել դրան։ Բայց ես կարծում եմ՝ այս ձևաչափը երկար կյանք չունի։ Մեծ հաշվով, ՆԱՏՕ-ական Թուրքիայի ներկայությունն այդ ձևաչափում և տարածաշրջանում՝ նշանակում է Արևմուտքի և Իսրայելի ներկայություն։

-Հայաստանը, առանց վեկտորը փոխելու մասին հայտարարությունների, կարող էր դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարել։ Սակայն քաղաքական վեկտորի փոփոխությունը կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել։ Հայաստանի իշխանությունները հայտարարություններ են անում՝ առանց հաշվի առնելու թե Ռուսաստանի, թե Արևմուտքի տրամադրությունները։

-Հայաստանը դեռ շատ հեռու է արևմտամետ կոչվելուց։ Հայաստանի իշխանությունները գտնվում են Ռուսական կայսրության ազդեցության գոտում։

-ԱՊՀ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին ՀՀ իշխանությունների հայտարարությունները սպառնալիքների են նման, բայց դրանք կարող են շատ թանկ արժենալ մեզ համար։ Ես չգիտեմ՝ ինչ նպատակով են դրանք արվում։

-Նիկոլ Փաշինյանի՝ ռուս խաղաղապահների անգործության մասին Եվրախորհրդարանում և Wall Streat Journal-ին տված հարցազրույցում արած հայտարարությունները պատասխանատվությունն իր վրայից ցրելու փորձ էին։

-Երբ ԼՂ-ում էթնիկ զտում էր իրականացվում, բոլորը դրսում ակնկալում էին, որ իր էթնիկ խմբի անվտանգությունն ապահովելու համար Հայաստանը ռազմական ներգործության փորձ պետք է աներ, և դա նրա բնական իրավունքն էր, բայց դա տեղի չունեցավ։ Ու հիմա դրա ամբողջ պատասխանատվությունը նրանք բարդում են ռուսական խաղաղապահ զորքերի վրա։

-Իրանի ներկայությունը Սյունիքում ինչ-որ չափով մեր Սիսական աշխարհի անվտանգության երաշխիք կարող է լինել։
Չեմ կարծում, որ Ֆրանսիան տարածաշրջանում կարող է փոխարինել Ռուսաստանին՝ որպես ՀՀ ռազմավարական դաշնակից, բայց ես կարծում եմ, որ ռազմական վտանգի դեպքում բոլոր դիվանագիտական կորպուսներն էլ դուրս կգան։

-Մենք մեր անվտանգության համակարգն ամբողջությամբ պիտի վերանայենք, հատկապես՝ Սյունիքի մասով։ Պետք է ունենանք պաշտպանական, հետախուզական և հակահետախուզական հզոր համակարգեր։

-Հարավային Կովկասի հիմնական խաղացողներն Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան են, բայց այլազան կենսական շահերով։
Եթե Սյունիքի վրա հարձակում լինի, կարծում եմ՝ Իրանը բավականին կոշտ կարձագանքի։ Չեմ կարող ասել՝ դա կլինի ռազմակա՞ն, թե՞ զսպողական մեխանիզմ, բայց Իրանը կոպիտ պատասխան կտա։ Բայց վտանգն այն է, որ Իրանի հակազդեցությունը մեզ համար կարող է լուրջ խնդիրներ առաջացնել այն առումով, որ Իսրայելը կարող է Իրանի նկատմամբ գործողություններ ձեռնարկել։ Սա ամենավատ սցենարն է։

-Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ Սյունիքի ու Իրանի վրա։ Իրանը զգուշացնում է Հայաստանին՝ չընթանալ սխալ ճանապարհով։

-Հավանականություն կա, որ Իսրայելն Ադրբեջանի տարածքից հարվածի Իրանին, բայց մեկ դեպքում, երբ Իրանը Լիբանանի տարածքից անմիջականորեն հարվածի Իսրայելին։

-Նիկոլ Փաշինյանի ասած «Խաղաղության խաչմերուկն» առերևույթ տնտեսաառևտրական կոմունիկացիաների ծրագիր է թվում, բայց այդ անմեղ թվացող ծրագրի տակ կարող է տեղի ունենալ Սյունիքի էթնոգրաֆիկ պատկերի փոփոխություն։ Խաչմերուկի պատկերացումն ինքնին մտահոգիչ է։ Չեմ ուզում հոռետես լինել, բայց այս ծրագրից ես Հայաստանի համար ոչ մի շահ չեմ տեսնում։

-Մենք գործ ունենք նորալլուկ, ագրեսիվ ու կիսավայրենի ադրբեջանական նացիոնալիզմի հետ։ Այդ մարդիկ խաղաղ ապրելու նպատակ չունեն, նրանք գալիս են՝ Թուրքիայի հետ իրագործելու Մեծ Թուրանի երազանքը։ Արդյո՞ք այս բաները հաշվի են առնված։ Խաղաղությունն այսպես չի ստեղծվում։

-Նախիջևանի պատմական հայկական Ջուղայից մենք բավականին լավ որակի ավտոճանապարհ ենք ունեցել դեպի Հայաստան, դուք երբևէ լսե՞լ եք, որ Ալիևն ասի՝ կբացի այդ ճանապարհը։ Եթե խաղաղության մասին խոսքերը պետք է համեմվեն գեղեցիկ խոստումներով, ինչո՞ւ են դրանք միակողմանի, միայն Հայաստանի կողմից։

-Փոլ Գոբլի ծրագիրը «Խաղաղության խաչմերուկ» ասվածի նման մի բան էր։ Եթե Փաշինյանը ռազմական գործողության արդյունքում համաձայնի դրան, ստացվում է՝ Գոբլի ծրագիրն իրագործվում է Փաշինյանի միջոցով։

-Այն, որ մեր դիվանագիտությունը չունի վճռականություն, ակնհայտ է։ Նույն 3+3 ձևաչափում մեր դիվանագիտական ներկայացուցիչը չկարողացավ օգտագործել այդ հարթակը ԼՂ էթնիկ զտման մասին խոսելու համար։ ՀՀ իշխանությունները խիզախություն չունեն հայկական շահն առաջ տանելու համար։

-Բոլոր փաստերն ասում են՝ Ռուսաստանը դուրս կգա տարածաշրջանից, բայց դա չի նշանակում, որ վաղը հետ չի գալու ու ավելի առաջ չի գալու՝ հիշելով այն, ինչ կատարվել է իր հետ։ ՌԴ-ն այդ առումով հիշաչար է։ Ուկրաինայի պատերազմը վաղ թե ուշ կավարտվի, և Ռուսաստանը՝ ավելի հզորացած, կվերադառնա տարածաշրջան։

(Ընթերցողին հիշեցնենք. 1992թ. տարածքների փոխանակման գաղափարն առաջ քաշեց ԱՄՆ Պետքարտուղարության նախկին աշխատակից Փոլ Գոբլը: Նա նշում էր ղարաբաղյան կարգավորման երեք տարբերակ («Գոբլի պլան»)․

Առաջին` Ղարաբաղի հայերի ոչնչացում կամ արտագաղթ, ինչը հնարավոր չէ բարոյական տեսանկյունից,

երկրորդ` Ղարաբաղի հանձնում Հայաստանի իրավասությանը, ինչը հնարավոր չէ քաղաքական տեսանկյունից, քանի որ Ադրբեջանը կզրկվի ինչպես տարածքներից, այնպես էլ՝ ջրային պաշարներից,

երրորդ` խոշոր ուժերի տեղակայում հակամարտող կողմերին իրարից անջատելու համար, ինչը հնարավոր չէ ֆիզիկապես:

Գոբլը փակուղին հաղթահարելու ճանապարհ էր նկատում տարածքների փոխանակման հնարավորությունը. Ղարաբաղի մի մասի հանձնում Հայաստանին: Բաքվին ջուր սնուցող գետերի ակունքներ ընդգրկող տարածքն առաջարկում էր հանձնել Ադրբեջանին՝ ադրբեջանաբնակ բնակավայրերի հետ միասին: Առաջարկվում էր նաև Հայաստանի վերահսկողության տակ գտնվող և Նախիջևանն ու Ադրբեջանն իրարից անջատող տարածքների մի մասի հանձնում Ադրբեջանի իրավասությանը:

Հետագայում` 2000-ի հունիսին, Գոբլն ընդունեց, որ երկու սխալ է թույլ տվել, առաջինը` ԼՂ-ից Ադրբեջան ջրի հոսքն է, որն այնքան էլ մեծ կարևորություն չունի, երկրորդ` ավելի նշանակալի սխալն Իրանի հետ սահման ունենալու կարևորությունն է հայերի և Հայաստանի համար:

Ըստ այդ ծրագրի՝ Հայաստանը, որը վերահսկում էր ԼՂ-ի ազատագրված 7 շրջանները, պետք է զորքերը դուրս բերեր այնտեղից, ստանար Լաչինի շրջանից որոշ հատված՝ Լեռնային Ղարաբաղի հետ միանալու համար և ըստ տարածված տեղեկութիւնների՝ նաև հասնէր Արցախի վերաբերեալ յստակ կարգավիճակի։ Դրա դիմաց Հայաստանն իր սահմանով ապահովում էր Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ՝ Մեղրիի տարածքով):

Մանրամասները՝ տեսանյութում