կարևոր
1231 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-14 11:06
Հասարակություն

Կոպիտ վերաբերմունք՝ «Զվարթնոցում» հաշմանդամ բարերարի ու ազատամարտիկի հանդեպ

Կոպիտ վերաբերմունք՝ «Զվարթնոցում» հաշմանդամ բարերարի ու ազատամարտիկի հանդեպ

Արցախյան ազատամարտի մասնակից, ազատամարտիկ, բարերար Հրանտ Թումասյանը նոյեմբերի 11-ին իր ֆեյսբուքյան էջում դրել էր մի մեկնաբնություն, համաձայն որի, «Զվարթնոց» օդանավակայանից մեկնելիս աշխատակիցներն իրեն արգելել են իր հետ տեղափոխել իր անվասայլակը և ցուցաբերել են կոպիտ վերաբերմունք:

Հետամուտ լինելով խնդրի պարզաբանմանը, Yerkir.am-ի թղթակիցը կապվեց պարոն Թումասյանի հետ: Վերջինս տեղեկացրեց հատևյալը.

«Նոյեմբերի 11-ին լույս առավոտյան պատրաստվում էի մեկնել ԱՄՆ: Ես պարբերաբար գալիս եմ Հայաստան և ինձ թվում էր, թե սովորականի պես պետք է խնդիրներ չլինեն: Մեկնումը 05:10 էր: Սկզբում պետք է մեկնեինք Լեհաստան՝ Վարշավա, իսկ այնուհետև՝ Լոս Անջելես: Բայց, անակնկալ կերպով օդանավակայանի աշխատակիցներն ինձ տեղեկացրին, որ ես անվասայլակս պետք է թողնեմ: Նրանք, որքան էլ տարօրինակ է, ինձ հետ բավական կոպիտ էին խոսում: Ես ասացի, որ եթե խնդիրը սայլակի մեջ է, ապա ես կքանդեմ սայլակը և կարող եմ հանձնել որպես ուղեբեռ: Իսկ նրանք ինձ ասացին, որ ընդամենը 20 րոպե է մնացել թռիչքին և պետք է սայլակս կամ տանեմ իրերի հանձնման հատված և կամ թողնեմ տեղում: Իմ բոլոր պնդումներին ու մեկնաբանություններին ի պատասխան՝  նրանք կոպիտ ձևով պատասխանեցին, որ իմ ասածներն իրենց չի հետաքրքրում և դա իրենց լիազորություններից դուրս է:

Մեծ դժվարությամբ հասանք Վարշավա, որտեղ Լեհաստանի օդանավակայանի աշխատակիցները ինձ ասացին, որ փնտրում են իմ անվասայլակը: Մի խոսքով, ինձ համար դժվարություններն ու փորձությունները սովորական են, որոնց պայմաններում էլ հասանք Լոս Անջելես: Այժմ ստիպված եմ այլ սայլակ վարձակալել՝ մինչև լուծվի իմ անվասայլակի հարցը: Ուղղակի շատ տգեղ, ոչ պատշաճ վերաբերմունք էր»:

Yerkir.am-ի խմբագրությունը պարզեց, որ Հրանտ Թումասյանն անվասայլակին է հայտնվել արցախյան առաջին պատերազմի ժամանակ վիրավորվելու պատճառով:  Չկորցնելով կամքն ու նվիրումը հայրենիքի նկատմամբ՝ նա շարունակել և այսօր էլ շարունակում է բազմաթիվ ծրագրեր իրագործել հանուն Հայաստանի: Նրա շնորհիվ ՀՀ բազմաթիվ քաղաքացիների նվիրաբերվել են անվասայլակներ, իսկ շատերին Հրանտի միջոցով ցուցաբերվել է տարբեր տեսակի աջակցություն:

Աչքի անցկացնելով Հրանտ Թումասյանի ֆեյսբուքյան էջը՝ կարելի է տեսնել, թե որքան մարդիկ են նրան շնորհակալություն հայտնում ցուցաբերած աջակցության, այդ թվում՝ անվասայլակ նվիրաբերելու համար:

Խնդրին մասին պարզաբանում ստանալու համար Yerkir.am-ը հարցում է ուղարկել նաև «Զվարթնոց» օդանավակայան: